Զոհվածների երկու ծնողներ չկարողացան օգտվել Արցախի կառավարության տրամադրած բնակարանի սերտիֆիկատից՝ Հայաստանում չգործեցին. Մխիթար Ներսիսյան

Օգոստոսի 25-ին կլրանա 2-րդ տարին, ինչ Բերձորը, Ներքին Սուսը և Աղավոն հանձնվեցին թշնամուն։ Ներքին Սուսը հայաթափելուց հետո Ադրբեջանը սկզբում գյուղում տեղակայեց զինվորականների, իսկ վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութերից ու լուսանկարներից պարզ է դառնում, որ գյուղի տները վերանորոգվել ու բնակեցվել են ադրբեջանցիներով։

Ներքին Սուսից տեղահանված բնակիչները հինականում հաստատվել են Աբովյան քաղաքում ու հարակից գյուղերում, Մասիում, Գորիսում, Սիսիանում, նույնիսկ սահմանամերձ Խնածախ գյուղում։ Նրանց մի մասը կարողացել է օգտվել տրամադրված սերտիֆիկատներից ու տուն գնել։

Ներքին Սուսի գյուղապետ Մխիթար Ներսիսյանի խոսքով՝ 2023 թվականին, երբ Ադրբեջանն օկուպացրեց Արցախի Հանրապետությունն ամբողջությամբ, շատ բնակիչների սերտիֆիկատների համար խնդիրներ առաջացան, քանի որ տեղահանված բնակիչների մի մասի գումարը տրամադրում էր Արցախի Կառավարությունը։

«2023 թվականից հետո, իհարկե, սերտիֆիկատների հետ կապված խնդիրներ եղան։ Զոհվածների երկու ծնողներ կային, որ այդպես էլ չկարողացան օգտվել այդ սերտիֆիկատներից։ Սերտիֆիկատը տվել էր Արցախի կառավարությունը՝ 20 միլիոն դրամի, որը Հայաստանում չգործեց։ Այդ ծնողները ստիպված դրսում չմնալու համար պետք է օգտվեին 3 կամ 5 միլիոնի սերտիֆիկատներից։

Կարդացեք նաև

Դե, բնակիչների հետ կապի մեջ եմ, կարողացել են, որը՝ քչով, որը՝ շատով, մի տուն գնել գյուղերում»,- 168.amի հետ զրույցում նշեց Ներքին Սուսի գյուղապետը։

Նա հայտնեց, որ Ներքին Սուսի համայնքապետարանը, որպես այդպիսին, չկա, քանի որ որպես ղեկավար՝ իր լիազորությունները դադարեցված են։

«Մեր բնակիչների գրեթե բոլորի հետ կապի մեջ եմ, գիտեմ՝ ով որտեղ է ապրում։ Հայաստանից դուրս կոնկրետ մեր գյուղից տեղահանված բնակիչներ չեն գնացել։ Իհարկե, կան մի քանիսը, որոնք գնում են արտագնա աշխատանքի, բայց կրկին վերադառնում են։

2022 թվականին, երբ գյուղից դուրս էինք գալիս, մեր գյուղի բոլոր խաչքարերը տեղափոխեցինք Ստեփանակերտ, բայց մեկ տարի անց, փաստորեն Ստեփանակերտն էլ օկուպացվեց։ Եթե իմանայինք, որ այդպես էր լինելու, մեր խաչքարերը կտեղափոխեինք Երևան։ Խաչքարերից մեկն էլ իջեցրել էինք գյուղի ներքևի հատված, որ պետք է բերեինք Հայաստան, մի քանի ժամ հետո անհայտացավ, այդպես էլ չիմացանք՝ ինչ եղավ։

Մեր գյուղը եկեղեցի չուներ, 44-օրյա պատերազմից հետո որոշել էինք կառուցել, նույնիսկ տեղն էինք արդեն որոշել, բայց այդպես էլ չկառուցվեց…»,- հավելեց նա։

 

Տեսանյութեր

Լրահոս