«Պետությունն ասում է՝ այդքան եմ տալիս, եթե տունն ավելի բարձր գին ունեցավ, դուք ավելացրեք, ի՞նչ անենք». Աղավնոյից տեղահանված բնակիչ
2022 թվականի օգոստոսից Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքից, Աղավնո, Ներքին Սուս գյուղերից տեղահանված բնակիչների մեծ մասը մինչև այսօր չեն կարողանում բնակարաններ ձեռք բերել իրենց տրամադրված սերտիֆիկատներով։
ՀՀ կառավարությունն իր ընդունած որոշման համաձայն՝ այդ վայրերից տեղահանվածներին տրամադրում է, համապատասխանաբար, 8, 10 և 14 մլն դրամ, որով այսօր հնարավոր չէ տուն գնել, նույնիսկ սահմանամերձ շրջաններում։
Արդեն երկու տարի է, Աղավնոյի բնակիչ Կարինե Ռասոյանը տուն է փնտրում՝ պետության առաջարկած 10 միլիոն դրամով գնելու համար։ Տարբեր խնդիրների է բախվել, այդ թվում՝ նաև բանկերում։ Վերջերս Վանաձոր քաղաքում տուն է գտել, ճիշտ է, բարվոք չէ, բայց բանկ է մտել, որպեսզի գնահատեն, որից հետո պարզ կդառնա՝ կկարողանա՞ այն գնել, թե՞ ոչ։
168.am-ի հետ զրույցում Կարինե Ռասոյանը մանրամասնեց, որ Կառավարության տված գումարով Երևանին մոտ գտնվող որևէ տարածքում տուն չեն կարողացել գնել, ստիպված գնացել են Վանաձոր։
«Կիրովականում եմ տուն գտել, գործարք պետք է լինի, տեսնենք՝ բանկն ինչքան կգնահատի տունը, եթե 10 միլիոն դրամից ավելի եղավ, պակասող գումարը մենք պետք է ավելացնենք։ Պետությունն ասում է՝ այդքան եմ տալիս, եթե տունն ավելի բարձր գին ունեցավ, դուք ավելացրեք, ի՞նչ անենք։
Հիմա 300-350 հազար դրամ մուծում պետք է անենք ու մտնենք գործարքի մեջ։ Աստված չանի, եթե բանկը 10 միլիոնից ավելի գնահատեց տունը, պակասող գումարը չունենք։ 350 հազար դրամն էլ չենք կարողանում հավաքել, մի 100 հազար դրամ պակասում է»,- նշեց Կարինե Ռասոյանը։
Ըստ տիկին Կարինեի, տարբեր հիմնադրամների ու անհատների է դիմել՝ ֆինանսական աջակցություն ստանալու ու տան հարցը լուծելու համար, սակայն բոլոր տեղերից ասել են, որ չեն կարող օգնել։ Հիմա հույսը դրել է իր ու երկու աղջիկ երեխաների վրա, որոնցից մեկն է միայն չափահաս: Բայց պետք է փորձեն իրենց հարցերը լուծել։
«Ես Վանաձորում եմ ծնվել, բայց Երևանում եմ մեծացել, հետո տեղափոխվել Արցախ։ Եթե Վանաձորում գոնե տան հարցը կարողանանք լուծել, լավ կլինի»,- հավելեց Կարինե Ռասոյանը։
Ի դեպ, տիկին Կարինեն ունի առողջական խնդիր, ապրում է աղջիկների ու մայրիկի հետ, մայրն էլ ունի բազմաթիվ առողջական խնդիրներ։ Տարիներ շարունակ աշխատել ու իր աշխատանքով Աղավնոյում ապրել է, սակայն 2022 թվականի օգոստոսին ամեն ինչ թողել ու դուրս է եկել։ Այս պահին ընտանիքի հետ վարձով է բնակվում։
Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 25-ին Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված բնակիչներն ապրում են Հայաստանի տարբեր մարզերում։ Արդեն երկու տարի է՝ նրանցից շատերը բնակարան ձեռք բերելու հարցում բախվում են տարբեր խնդիրների։