Արցախում աղետի թիվ մեկ մեղավորը նստած է Հանրապետության հրապարակում. Արմեն Մանվելյան

Էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը 168.am-ի հետ զրույցում շեշտեց՝  Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջին հերթին տուժում է Արցախի բնակչությունը, բայց շրջափակման նպատակներից են նաև ՌԴ հեղինակազրկումը, նոր հակառուսական ճակատ ստեղծելը:

«Ադրբեջանում վերջին հարցումները ցույց տվեցին, որ այդ երկրում ՌԴ-ն դիտարկվում է՝ որպես թշնամի պետութուն, իսկ բարեկամ պետություն է համարվում Թուրքիան: Հայաստանում համեմատաբար դեռ պահպանվում է պրոռուսական կողմնորոշումը, սակայն Հայաստանում հարցումներն արձանագրեցին, որ որպես բարեկամ երկիր է ընկալվում Ֆրանսիան, ինչն աբսուրդ է»,- ստեղծված իրավիճակի ենթատեքստերին անդրադառնալով՝ նշեց փորձագետը:

Ըստ նրա՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն անհնար է, որովհետև Ռուսաստանը խորքային համագործակցություն է սկսել Իրանի Իսլամական Հանրապետության հետ. «Ուղղակի օգտվում են, որ ՌԴ-ն պատերազմի հետևանքով բավականին թուլացել է և չի կարող մի քանի ճակատներով պատերազմել, որ ընդամենը սպասողական դրության մեջ է՝ մինչև ուկրաինական իրավիճակը կայունանա, ինչը, ցավոք սրտի, դեռ շուտ չի լինի»:

Անդրադառնալով խնդրի էներգետիկ համատեքստին, ինչն ըստ Արևմուտքի պատկերացումների՝ ենթադրում է ապահովել կասպյան էներգակիրների անվտանգ տեղափոխումը դեպի Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը, կանխել Իրանի դերակատարության մեծացումը, Արմեն Մանվելյանը նկատեց.

Կարդացեք նաև

«Ադրբեջանը լուրջ էներգետիկ խաղացող չէ՝ նույնիսկ այն պայմաններում, երբ Արևմուտքն էներգետիկ առումով ճգնաժամի մեջ է: Ադրբեջանն այս պահին անում է մաքսիմումը գազի արտահանման առումով, ինչ-որ պայմանագիր է կնքել էլեկտրաէներգիայի արտահանման համար, ինչի  ապագային ես չեմ հավատում: Հիմա էլ նպատակ ունեն միանալ Թուրքմենստանին, որպեսզի թուրքմենական գազը տանեն (Թուրքիայի նախագահի ծրագրերից մեկն է,  ինչն ուղղակի փիառի բնագավառից է. լուրերը տարածում են, որ մասմեդիան սկսի արձագանքել):

Այս ծրագրերն աշխարհաքաղաքական առումով ռեալ պոլիտիկի մեջ չեն. այդ ամենը անհնար է: Կառուցել գազամուղ Կասպից ծովի ընդերքով՝ առանց ՌԴ և Իրանի համաձայնության՝ անհնար է, բացի այդ՝ Թուրքմենստանի  էներգետիկ համակարգում հիմնական ներդրողը Չինաստանն է, և չեմ կարծում, թե չինացիները կհամաձայնեն գազը կիսել ուրիշ երկրի հետ»:

Միջազգային անվտանգության հարցերով մասնագետը վերահաստատեց համոզումը, որ Լաչինի միջանցքը պատահաբար չեն փակել և պատահաբար նույն ժամանակ Կոսովոյում իրավիճակը չեն լարում:

Նա հավելեց՝ գործընթացները պետք է դիտարկել հակառուսական քաղաքականության ծիրում, սակայն նաև ընդգծեց.

«Արցախում աղետի թիվ մեկ մեղավորը նստած է Հանրապետության հրապարակում. ինքն է ստեղծել այս իրավիճակը, ինքն է հանձնել թուրքերին, ադրբեջանցիներին, ռուսներին ու հիմա հայտարարում է՝ խաղաղապահները գործառույթները չեն իրականացնում»:

Արդյո՞ք աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ հակառուսական ալիքը կկարողանա ՌԴ-ն դուրս մղել Հայաստանից՝ մեր հարցադրմանն ի պատասխան՝ Արմեն Մանվելյանը հիշեցրեց, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական էներգետիկ մատակարարն է՝ գազի, հարստացված ուրանի առումով, որ ռուսական համակարգերն են սպասարկում գազամատակարարումն ու էլեկտրաէներգիայի մատակարարումը:

«Այսինքն՝ Ռուսաստանին Հայաստանից դուրս մղելն ուղղակի ֆիզիկապես անհնար է, որովհետև այս ամբողջ ծավալները, որ ես թվարկեցի, անհնար է փոխանակել այլ հզորությամբ. ո՛չ այդ ներդրումները կանեն, ո՛չ այդ ծախսերը, ո՛չ էլ շուկայականից մատչելի գներով գազ ու ուրան կբերեն՝ ինչպես այժմ:

Ի դեպ, Հայաստանը հիմնականում բենզին և այլ վառելիք ներկրում է ՌԴ-ից, և այս պահին Ռուսաստանում այդ ապրանքների՝ սանկցիաներով պայմանավորված քիչ արտահանումը բերել է գների նվազման, ինչն ազդում է նաև ՀՀ-ի վրա: Եվ նաև՝ նշենք, որ Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ, սկսում է կառուցել նոր էներգետիկ շուկա ԵԱՏՄ անդամ երկրների հետ»,- ամփոփեց Էներգետիկ աշխարհաքաղաքականության հարցերով փորձագետը:

Տեսանյութեր

Լրահոս