Բրիտանացի զինվորականներն առաջին անգամ ձերբակալել են ռուսական նավատորմի տանկեր
Մեծ Բրիտանիայի զինվորականներն առաջին անգամ ձերբակալել են ռուսական «ստվերային նավատորմին» վերագրվող տանկեր։ Լա Մանշով անցնելու փորձի ժամանակ իրականացված գործողության մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
Նրա խոսքով՝ գործողությունն իրականացվել է իր հանձնարարությամբ՝ վաղ առավոտյան։
«Այս հաջող գործողությունը հերթական հարվածն է Ռուսաստանին և հիշեցում նրանց, ովքեր աջակցում են Պուտինի պատերազմին Ուկրաինայում, որ մենք թույլ չենք տա նրանց խուսափել պատասխանատվությունից»,- գրել է Սթարմերը X սոցիալական ցանցում։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ խոսքը Smyrtos (նախկինում՝ Myrtos) տանկերի մասին է, որը, MarineTraffic-ի տվյալներով, նավարկում է Կամերունի դրոշի ներքո։ Նավը ժամանել էր ռուսական նավահանգստից։
Հաղորդվում է նաև, որ տանկերի վրա բարձրացել են ռազմածովային ուժերի զինծառայողներ և Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության հատուկ պատրաստված աշխատակիցներ։ Գործողությունը տևել է շուրջ վեց ժամ։

