Վիտամին D և առողջություն․ ի՞նչ վտանգներ կան պակասի և ավելցուկի դեպքում
Վիտամին D-ն կենսական նշանակություն ունի օրգանիզմի բազմաթիվ գործընթացների համար։ Այն կարգավորում է կալցիումի և ֆոսֆորի յուրացումը, լավացնում իմունային համակարգը։ Կարևոր է մկանների, ատամների և ոսկորների համար: Մանրամասների մասին զրուցել ենք կլինիկական դեղագետ Նարեկ Վարժապետյանի հետ։

– Օրգանիզմի համար որքանո՞վ է կարևոր վիտամին D-ն։
– Շատ կարևոր է։ Նախկինում կարծում էինք, որ այն միայն վիտամին է, բայց վերջին տարիներին հետազոտությունները ցույց են տվել, որ կարևոր կենսանյութ է․ նախահորմոն են կոչում։
– Կա՞ հստակ դեղաչափ, որ կարող են օգտագործել առօրյայում։
– Կա մինիմալ դեղաչափ՝ սկսած նորածնից մինչև մեծահասակը։ Մինչև մեկ տարեկանների դեպքում 400 միջազգային միավոր է (ՄՄ), 1-70 տարեկանը՝ 600 ՄՄ, իսկ 70-ից բարձր տարիք ունեցողների դեպքում՝ 800 ՄՄ։ Այս քանակը մինիմալ պահանջարկը բավարարելու համար է։ Սակայն, եթե անալիզի արդյունքներով կա վիտամին D-ի պակաս, արդեն բուժական դեղաչափերով են ընդունում վիտամինը։
– Ձեր նշած չափաքանակը կարո՞ղ են խմել առանց անալիզի և բժշկի դիմելու։
– Այո, բայց ոչ աչքերը փակ ու տարիներով։ Միջազգային չափանիշներով օրը մինչև 4000 ՄՄ է, բայց չպետք է երեք ամսից ավելի օգտագործել։ Ընդհանրապես վիտամին D-ն ուլտրամանուշակագույն ճառագայթների միջոցով է մաշկ թափանցում, անցնում է լյարդով, երիկամով, ապա անցնում է ակտիվ ձևին՝ կատարելով իր ֆունկցիան։ Այստեղ գործում են այլ հանգամանքներ, ինչպիսին է վիտամին K2-ը, մագնեզիումը, ցինկը, աղիքային միկրոֆլորան։ Բայց սա չի նշանակում, որ վիտամին D-ի հետ զուգահեռ՝ պետք է այս ամենն ընդունենք։ Բավարար է, որ սննդի միջոցով ապահովված լինենք։
– Մեծահասակների և փոքրերի դեպքում վիտամին D-ի նորման ո՞րն է՝ անալիզի արդյունքներով։
– Համաշխարհային առումով չափման երկու միավոր գոյություն ունի։ Մեկը նանոգրամ՝ միլիլիտրում, մյուսը՝ նանոմոլ՝ լիտրում։ ՀՀ-ում տարածվածն առաջինն է։ Ամենաօպտիմալը 30-50 նանոգրամ միլիլիտրն է։
Երեխաների դեպքում ծնվելուց հետո՝ 2-3 օր անց պարտադիր է սկսել վիտամին D-ի 400 ՄՄ ընդունելը։ Կարող են այսպես մինչև 1 տարեկանը տալ, եթե մանկաբույժի դիտարկմամբ՝ այլ խնդիրներ չկան։ Մեկ տարեկանից մինչև չափահաս դառնալը ամեն օր 600 ՄՄ կարելի է տալ։ Մանավանդ մինչև 6 ամսականը հակացուցված է արևի ճառագայթների ներքո գտնվելը, դրա համար ընդունում են վիտամին D։
– Վերջերս հոդվածներից մեկում նշված էր, որ վիտամին D-ն կարող են օգտագործել մագնեզիումի և այլ վիտամինների հետ։ Այդպե՞ս է։
– Վիտամին D-ի բարելավված ազդեցություն ունենալու համար կարևոր է ստեղծել նորմալ աղիքային միկրոֆլորա, ոչ թե ստանանք պրոբիոտիկ դեղաձևեր։ Վիտամին K2-ի պահանջարկը բավարարող միակ սնունդը ճապոնական ազգային սնունդն է, այն է՝ ֆերմենտացված սոյան, բայց ունենք ձվի դեղնուցը, ֆերմենտացված պանիրները, յուղալի կաթնամթերքը։ Ասում են, որ եթե Վիտամին D-ն վիտամին K2-ի հետ չստանանք՝ ուրեմն կատաստրոֆա է։ Այստեղ մեծ միֆ կա՝ ճիշտ չէ։
– Էնդոկրինոլոգները 50-ից բարձր տարիք ունեցողներին խորհուրդ են տալիս օգտագործել Վիտամին D-ն, բայց կալցիումի հետ։ Ճի՞շտ է։
– Այո, շատ ճիշտ է։ Այստեղ օստեոպորոզի հանգամանքն է, և կալցիումի ներծծման համար կարևոր է վիտամին D-ի առկայությունը։ Այն նպաստում է կալցիումի ներծծմանը։ Իսկ Վիտամին D-ի օգնականներն են՝ մագնեզիումը, ցինկը, վիտամին K2-ը, ճարպային միջավայրը՝ ճարպ պարունակող սնունդը։ Մենք խոսում ենք առողջ՝ հիմնականում չհագեցած ճարպերի մասի։ Գագաթնակետն օմեգա կամ ձիթապտղի յուղ պարունակող սնունդն է։ Ձվի դեղնուցն ունի սուպեր ֆուդ հասկացողությունը։ Ինչպես նաև կաթնամթերքի յուղը։

– Վիտամին D-ն ո՞ր ժամերին կարելի է օգտագործել, որովհետև հակասական կարծիքներ են․ ոմանք ասում են՝ առավոտյան, ոմանք՝ երեկոյան։
– Աղիներում վիտամին D-ի ներծծման համար ճարպոտ, յուղոտ սնունդ է պետք։ Իսկ ժամանակի առումով նախընտրելի է, որ ընդունվի օրվա առաջին կեսին։ Պարտադիր չէ նաև Օմեգա 3-ի հետ ընդունելը։ Բավարար է ճարպ պարունակող ճաշի հետ ընդունելը։ Ի դեպ, որևէ խնդիր չկա, եթե վիտամին D-ն ու Օմեգա 3-ը միասին ընդունեն։
– Վիտամին D-ն արյան բարձր ճնշման հետ կապ ունի՞։
– Վիտամին D-ի պակասով հիվանդների մոտ, համաձայն հետազոտությունների, արյան ճնշման բարձրացում է նկատվում, և այդ պակասը լրացնելու դեպքում բարելավում են տեսել։ Սակայն չի կարելի ճնշում ունենալու դեպքում ընդունել Վիտամին D և հրաժարվել հակագերճնշումային դեղերից։ Մեկ այլ ուսումնասիրությամբ՝ Վիտամին D-ի բարձր դեղաչափի ներմուծումը կարող է հանգեցնել անոթային խնդրի, գերդոզավորման ժամանակ՝ ճնշման բարձրացման։
– Վիտամին D-ն երիկամի քարերի առաջացման պատճառ կարո՞ղ է հանդիսանալ։
– Միանշանակ կարող է՝ կապված հիպերկալցեմիայի հետ։ Բացի այդ՝ երիկամային անբավարարության ժամանակ խնդիրներ կարող են առաջանալ և երկրորդային հիպերապարաթիրեոզ, հարվահանաձև գեղձի ֆունկցիայի խաթարում։
Եթե երիկամի քարն առաջացել է հիպերկալցեմիայից, այդ դեպքում արդեն այլ բուժական մեթոդ են կիրառում։
– Ո՞ր օրգանների հիվանդություններն է կանխում Վիտամին D-ն, և ի՞նչ հիվանդություններ կարող են առաջանալ։
– Եթե նորմալ քանակով չեն ընդունում, լինում է գերդոզավորում, հիպերկալցեմիա։ Վիտամին D-ն նախահորմոն է։ Բոլոր օրգանների հյուսվածքներում գոյություն ունեն Վիտամին D-ի ռեցեպտորներ և դրանց վրա ազդելով՝ նպաստում է շատ պաթոլոգիաների բարելավմանը։ Նպաստում է վահանաձև գեղձի նորմալ աշխատանքին, բացի ոսկորից՝ վիտամին D -ի նորմալ քանակը մկանային հյուսվածքների, սիրտ-անոթային համակարգի, ուղեղի զարգացման համար կարևոր է։

