Իսրայելը կարող է սահմանափակել գործողությունները Լիբանանում՝ ԱՄՆ–Իրան համաձայնագրի ֆոնին
Իսրայելը կարող է դադարեցնել կամ զգալիորեն կրճատել հարձակումները Լիբանանի խորքային շրջաններում՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև սպասվող համաձայնագրի ֆոնին։ Այդ մասին հայտնում է իսրայելական պետական Kan հեռարձակող ընկերությունը։
Kan-ի տվյալներով՝ Իսրայելը պատրաստվում է նվազեցնել հարվածները, որպեսզի «չվնասի» Վաշինգտոնի և Թեհրանի միջև հնարավոր պայմանավորվածությանը։
«Փաստացի, դրանք կարող են լինել վերջին օրերը, երբ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հնարավորություն ունի ուժ կիրառելու Լիբանանում նոր տարածքներ վերահսկողության տակ վերցնելու նպատակով»,- նշվում է հրապարակման մեջ։
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ ՑԱԽԱԼ-ը չի պատրաստվում դուրս բերել իր զորքերը Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտուց՝ նույնիսկ Իրանի հետ հնարավոր համաձայնության պայմաններում։
Ավելի վաղ Al Arabiya-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը կարող են այսօր ստորագրել խաղաղ համաձայնագրի վերաբերյալ հուշագիր։ Ըստ հրապարակման՝ ԱՄՆ-ը կներկայացնի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, իսկ Իրանը՝ խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Նախնական տեղեկություններով՝ փաստաթղթի ստորագրումից հետո կարող է վերացվել իրանական նավահանգիստների շրջափակումը, իսկ Հորմուզի նեղուցը բացվել միջազգային նավագնացության համար։

