Ծանր օրեր են սպասվում
Հայաստանի տնտեսության վիճակը նախկինում էլ մի բան չէր, հիմա՝ առավել ևս։ Անհիմն են այն հավաստիացումները, թե ռուսական շուկան կորցնելու պարագայում հայկական ապրանքները, մասնավորապես՝ գյուղմթերքը, կարող է իրացվել Եվրոպայում։
Եվրոպայում հայկական ապրանքներին ոչ մեկը չի սպասում։ Եվրոպան սեփական տնտեսության ու արտադրանքն իրացնելու խնդիրը չի կարողանում լուծել, ուր մնաց թե՝ Հայաստանի տնտեսության խնդիրները լուծի։
Այս իրավիճակը, որը ստեղծվել է, լուրջ հարված է Հայաստանի տնտեսությանը։ Ու մինչ իշխանությունները համարում են, որ այն ժամանակավոր է, տնտեսությունն ու բիզնեսը մեծ վնասներ են կրում։ Ոչ մի իշխանություն ի վիճակի չէ ամբողջությամբ փոխհատուցել այն կորուստները, որոնք այս ամենի հետևանքով կրելու է տնտեսությունը։ Պետական բյուջեն պարզապես բավարար չի լինելու դրա համար, եթե բիզնեսը շատ արագ չլուծի իր խնդիրները։ Իսկ բիզնեսն այս պահին այդ խնդիրները լուծելու կարողություններ չունի։ Դրա համար ժամանակ, երբեմն՝ երկար ժամանակ է պետք։ Մինչդեռ գյուղմթերքը չի կարող այնքան սպասել, մինչև այլընտրանքային շուկաներ կբացվեն։ Ժամանակին էր պետք մտածել այլընտրանքային շուկաներ ստեղծելու մասին։
Գյուղմթերքի գրեթե ամբողջ տեսականին, որը գնում էր Ռուսաստան, կորցրել է շուկան։ Այլ երկրներ, այդ թվում՝ ԵՄ, արտահանումներ, եթե նույնիսկ կան, ապա շատ քիչ են։
Եվրամիության շուկաներում հայկական ապրանքները մրցունակության հետ կապված լուրջ խնդիրներ ունեն։ Գին-որակ հարաբերությունը մրցակցությունից դուրս է թողնում հայկական արտադրանքը։ Նույնիսկ փոխհատուցումները բավարար չեն այդ խնդիրը հաղթահարելու ու ԵՄ շուկաներում շոշափելի տեղ զբաղեցնելու համար։
Խնդիր է նաև արտադրության փոքր ծավալը, որն ազդում է՝ ինչպես ինքնարժեքի, մրցունակության, այնպես էլ՝ պահանջարկի բավարարման վրա։
Այս խնդիրների լուծումը տարիներ է պահանջում։ Այդ աշխատանքն իշխանությունները չեն կատարել ու իրենց գործողություններով ուղղակի հարվածի տակ են դրել տնտեսությանը՝ մի կողմից՝ զրկելով արտահանման հիմնական շուկայից, մյուս կողմից՝ չստեղծելով այլընտրանք։
Հայտարարություններ են հնչում, թե ԵՄ արտահանումը մինչև տարեվերջ 4-5 անգամով կավելացնենք։ Այդպիսի հայտարարություններն անպատասխանատու հայտարարություններ են, նման հիմքեր բացարձակ չկան։
Որքան էլ առաջին հայացքից վերջին շրջանում որոշակի շարժ է նկատվում Հայաստանից ԵՄ արտահանման ծավալների առումով, դա իրականում քիչ կապ ունի հայկական ապրանքների արտահանման վերակողմնորոշման հետ։ ԵՄ երկրներ այս տարի Հայաստանից արտահանումն ավելացել է, բայց դա գերազանցապես մետաղների արտահանման աճի ու դրանց գների բարձրացման հաշվին է։ Այլ ապրանքների արտահանումներն՝ ինչպես եղել, այնպես էլ՝ շարունակում են մնալ փոքր ծավալներով։
Այդ ծավալները գրեթե չփոխվեցին նույնիսկ այն բանից հետո, երբ որոշվեց սուբսիդավորել որոշ երկրներ արտահանման մաքսատուրքերը։ Չի փոխվի հատկապես այն բանից հետո, եթե հանկարծ թանկանա ռուսական գազը։
Ժողովրդին ու բիզնեսին մոլորեցնելու փորձ է, երբ ի պատասխան ռուսական գազի հնարավոր թանկացման վերաբերյալ խոսակցությունների, իշխանական օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը հայտարարում է, թե ռուսականից ավելի էժան գազ գնելու հնարավորություններ կան։ Իբր երրորդ երկրից պատրաստակամություն են հայտնել գազ վաճառել Հայաստանին, և այդ գործընթացներն ընթանում են։ Իբր այդ մասին ընկերական կարգով են իրեն ասել, չի կարող բացահայտել, թե դա ո՞ր երկիրն է, բայց այդ երկիրն Ադրբեջանը չէ։
Իրականում այստեղ բացահայտելու բան էլ չկա ու պետք չէ դրան ավելորդ խորհրդավորություն հաղորդել։ Խոսքը թուրքմենական գազի մասին է, որի շուրջ քննարկումները ոչ այսօր, ոչ էլ երեկ են սկսվել։ Այդ խոսակցությունները տասնյակ տարիներ առաջ են սկսվել, շարունակվում են նաև այսօր, բայց ոչ մի արդյունք չկա, հույս էլ չկա, որ մոտ ժամանակներս կարող է լինել։ Լինելու դեպքում էլ՝ այն չի կարող այլընտրանք դառնալ ռուսական գազին։
Խոսքն Իրանի տարածքով, այսպես կոչված, սվոփ տարբերակով, թուրքմենական գազ ներմուծելու մասին է։ Եթե տարիներ շարունակ դրա հետ կապված խնդիրները չեն լուծվել, պատկերացրեք, թե հիմա, տարածաշրջանային այս լարված իրավիճակում ինչքանո՞վ է հավանական, որ կարող են լուծվել։ Առավել ևս, որ այդ խնդիրները միայն զուտ տնտեսական, ֆինանսական ու լոգիստիկ չեն, նաև քաղաքական են ու կապված են Թուրքմենստան-Իրան հարաբերությունների հետ։ Բայց եթե նույնիսկ այնպես ստացվի, որ այդ բոլոր խնդիրները մի հրաշքով լուծեն, միևնույն է, այս ուղղությունը չի կարող փոխարինող լինել ռուսական գազին։
Թուրքմենստանից Հայաստանը կարող է, լավագույն դեպքում, տարեկան ընդամենը 600 մլն խորանարդ մետր գազ ստանալ։ Իրանից եկող գազատարն այդքանից ավել հնարավորություն չունի։ Այդ գազատարի թողունակությունը 1-1.1 միլիարդի կարգի է, որով գազ-էլեկտրաէներգիա փոխանակումների շրջանակներում տարեկան 400-500 մլն խորանարդ մետր իրանական գազ է գալիս։
Այնպես որ, այս գծով Հայաստանը կարող է տարեկան լավագույն դեպքում ընդամենը 600 մլն խորանարդ գազ ստանալ, ինչը ներքին պահանջարկի շատ փոքր մասն է։
Դեռ չենք ասում, թե այդ գազն ինչ գին կունենա մինչև Հայաստան հասնելը։
Զավեշտ է, երբ իշխանական օլիգարխը դժգոհում է Հայաստանի ներսում գազի սակագների բարձր լինելուց։ Ասում է՝ միակ երկիրն ենք աշխարհում, որ վերջնարդյունքում գազը սպառողին է հասնում 120 տոկոսով բարձր գնով, քան սահմանին է։ Մոռացել է, որ գազի ներքին սակագները ո՛չ մատակարար երկիրն է սահմանում, ո՛չ «Գազպրոմ Արմենիան», ո՛չ էլ սպառողը։ Գազի ներքին սակագները սահմանում են իշխանություններն ու իշխանությունների ենթակա, «անկախ հանձնաժողովը»՝ ի դեմս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի։ Եվ եթե դրանք 120 տոկոսով բարձր են, քան սահմանին, պատասխանատու են իշխանությունն ու այդ հանձնաժողովը, որոնք նույնիսկ դոլարի 25 տոկոսանոց արժեզրկումից հետո չբարեհաճեցին նվազեցնել գազի սակագները, թողեցին բարձր ու միլիարդավոր դրամներ հանեցին քաղաքացիների գրպանից։
Այսօր գազի սակագինը բնակչության համար 2.3 անգամ ավելի բարձր է, քան սահմանին հասնող ռուսական գազն է։ Ու եթե այնպես ստացվի, որ վաղը զրկվենք ռուսական արտոնյալ գազից, բնակչությունը ստիպված կլինի շատ ավելի բարձր գին վճարել գազի համար, քան վճարում է այսօր։ Երբ սահմանին ստացվող 170 դոլարանոց գազի համար է քաղաքացին վճարում հազար խորանարդի դիմաց շուրջ 390 դոլար կամ 143.7 հազար դրամ, հաշվեք, թե ինչքա՞ն կարող է վճարել, եթե ներմուծվող գազի գինը, ասենք՝ կրկնապատկվի։ Կրկնապատկվի տնտեսությանը, նաև ջերմոցային տնտեսությանը վաճառվող գազի սակագինը։
Դրանից հետո քանի՞ օր կդիմանա տնտեսությունը, ու քանի՞սը կկարողանա վճարել դրա համար։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

