«Ասում են՝ եթե ադրբեջանցիները ճանապարհը չբացեն, ռուս խաղաղապահներն ուժով պետք է բացեն»․ Ստեփանակերտի բնակիչներ
Արդեն 24 ժամից ավելի է, ինչ «էկոակտիվիստ» ներկայացող ադրբեջանցիներն օկուպացված Շուշի քաղաքի մոտակայքում փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, ինչի հետևանքով Արցախում 120.000 մարդ զրկվել է հումանիտար ցանկացած հասանելիությունից։
Ճանապարհը փակ լինելու պատճառով բազմաթիվ քաղաքացիներ մինչև ուշ երեկո սպասելով նշված հատվածում՝ վերադարձել էին Ստեփանակերտ, իսկ Լիսագորի հատվածում՝ դեպի Ստեփանակերտ գնացող քաղաքացիները՝ Գորիս։
Երկար տարիներ Ստեփանակերտի շուկայում ժենգյալով հաց պատրաստող Արմինե Աբրահամյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց շրջապատում ևս բազմաթիվ ընտանիքներ կան, որ ծնողները մնացել են մի կողմում, երեխաները՝ մյուս․
«Մեր բարեկամների դպրոցական տարիքի երեխաները մրցումների էին եկել Երևան, վերադառնալիս մինչև Լիսագոր եկել էին, բայց ճանապարհի փակ լինելու պատճառով, մի քանի ժամ սպասելուց հետո գնացել են Գորիս։ Ընկերուհուս աղջիկն էլ եկել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ամուսնու շիրիմին, վերադառնալուց մի քանի ժամ մնացել են ճանապարհին, նորից հետ են գնացել Գորիս։ Իր ամուսինը Ցորի զորամասում հրամանատար էր, անունը Սերգեյ է»։
Տիկին Արմինեի որդին՝ Սուրեն Աբրահամյանը, ևս 44-օրյա պատերազմում զոհվել է և հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Նա ամիսը 3-4 անգամ գալիս է Երևան՝ որդու շիրմին այցի, հիմա դրանից էլ է զրկվել․
«Աստված չանի, որ նորից մի բան լինի, էս վիճակը շարունակվի։ Առաջինը հենց դա է մտքովս անցնում, թե ի՞նչ եմ անելու։ Թող Աստված տա՝ առանց փորձանքի ճանապարհը բացեն»։
Տիկին Արմինեի հետ Ստեփանակերտի շուկայում արդեն երկար տարիներ ժենգյալով հաց պատրաստող տիկին Դոնարան ևս մեզ հետ զրույցում անհանգստություն հայտնեց, ասաց, որ նորից անորոշության մեջ են հայտնվել, չգիտեն, թե վերջն ինչ է լինելու, վախի մեջ են ապրում․
«Ի՞նչ կդառնանք, ի՞նչ կլինի մեզ հետ, չգիտենք։ Խոսակցություններ կան, որ օրվա երկրորդ կեսից հետո ճանապարհը բացելու են։ Ասում են՝ եթե ադրբեջանցիները դուրս չգան, ճանապարհը չբացեն, ռուս խաղաղապահները ուժով պետք է բացեն։ Տեսնենք, մենակ թե կռիվ չլինի, վախենում ենք․․․»:
Արցախցի կինն ասաց՝ ինքն էլ ծանոթներ, բարեկամներ ունի, որ ընտանիքի մի մասը հիմա Արցախում է, իսկ մյուս մասը չի կարողանում վերադառնալ։
«Շատ կան այդպիսի ընտանիքներ։ Էստեղից գնացողները ճանապարհի փակ լինելու պատճառով ետ են դարձել Ստեփանակերտ, բայց շատ մարդիկ կան, որ Հայաստանից էին գալիս ու ստիպված գիշերը գնացել են Գորիս։ Ընտանիքներ կան, որ ծնողներն այստեղ են, բայց երեխաները չեն կարողանում գալ, ինչպես նաև հակառակը՝ երեխաներն են այստեղ, ծնողները չեն կարողանում վերադառնալ։ Մեկը՝ իմ տղան, Երևանում է, չի կարողանում գալ, երեխեքն էլ այստեղ են»։
Արցախցի կանայք ասացին, որ ի տարբերություն նախորդ օրերի, երբ շուկայում մարդկանց շարժ էր նկատվում, առևտուր էր լինում, այսօր առհասարակ առևտուր չի եղել․
«Այսօր ընդհանրապես շարժ չկա, փոշմանել ենք, որ գործի ենք եկել։ Երեկ ահագին պատվերներ կային, բայց, որ ճանապարհը փակեցին, ամբողջը մնացել է։ Փաստը էն ա, որ ժողովուրդը շատ վատ վիճակում է։ Երեկ հրապարակում հավաքվել էին, մեկը մի բան էր խոսում, մյուսը մի բան էր խոսում, բայց փաստն այն է, որ ճանապարհը փակ է․․․
Մենք իշխանություններին միայն մի խոսք ունենք, կխնդրենք, որ առանց կռիվ այս հարցը լուծվի․․․»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները։