Բաժիններ՝

Թուրքիայում հետաձգվել է չորս լրագրողների, այդ թվում՝ AFP-ի լուսանկարիչ Յասին Ակգուլի դեմ հարուցված գործի լսումը

Թուրքիայի դատարանը հետաձգեց չորս լրագրողների, այդ թվում՝ AFP-ի լուսանկարիչ Յասին Ակգուլի դեմ հարուցված գործի լսումը մինչև նոյեմբերի 27-ը։

Նրանց սպառնում է երեք տարվա ազատազրկում՝ մարտ ամսին Ստամբուլում տեղի ունեցած զանգվածային ցույցերը լուսաբանելու համար։ Չորսն էլ ձերբակալվել են մարտի 24-ի լուսաբացին՝ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո, երբ բողոքի մեծ ալիք բարձրացավ։

Հանրահավաքների ժամանակ ձերբակալված հազարավոր ցուցարարներն ու մի քանի լրագրողները մեղադրվում են ցույցերի և հանրային հավաքների մասին օրենքը խախտելու մեջ։

AFP-ի աշխատակցից բացի մեղադրյալի աթոռին են հայտնվել թուրքական NOW Haber լրատվամիջոցից Ալի Օնուր Թոսունը և ազատ լրագրողներ Բյուլենթ Քըլըչը և Զեյնեփ Քուրայը։

«Ես լրագրող եմ 15 տարի և երբեք ոստիկանությունը վաղ առավոտյան իմ երեխաների աչքի առաջ տնից ինձ չի տարել», – դատարանին ասել է 35-ամյա Ակգյուլը։

Նրա փաստաբան Քեմալ Քումքումօղլուն ասել է, որ Ակգուլի վարքագծում ոչ մի հանցավոր բան չկա։

«Լրագրողները պարզապես իրենց աշխատանքն էին կատարում», – դատարանում հայտնել է նրա փաստաբանը՝ կոչ անելով «հնարավորինս շուտ» արդարացնել լրագրողներին։

Ձերբակալված Իմամօղլուն համարվում է միակ քաղաքական գործիչը, որ հնարավորություն ունի հաղթելու Էրդողանին 2028 թվականի ընտրություններում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս