
Եթե Ռոբերտ Քոչարյանի կենսագրությունից Ղարաբաղը հանես, տակն ի՞նչ կմնա. Միհրան Հակոբյան
«Երկրորդ նախագահը փաստացի ընդունեց, որ ինքը շարքային ընդդիմադիր գործիչ է: Երբ 2007թ. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրեց իր թեկնածությունն ընտրություններում, այդ ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ այդպիսով Առաջին նախագահը դառնում է շարքային ընդդիմադիր գործիչ:
Հիմա ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանի վարքը շարքային ընդդիմադիրի վարք է, ինչպես ինքն էր ասում Տեր-Պետրոսյանի մասին, բայց ոչ Ղարաբաղի առաջին նախագահի, ոչ Ղարաբաղը կորցրած ու այդ ցավը ապրող մարդու վարքագիծ։ Երկրորդ նախագահն ասում է՝ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու հավանականությունը ձգտում է զրոյի»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը՝ անդրադառնալով 2-րդ նախագահի՝ վերջին ասուլիսում հնչեցրած մտքերին:
«Հարց եմ տալիս՝ իսկ եթե Փաշինյանը վերընտրվե՞ց, հատկապես, որ նա հսկայական աշխարհաքաղաքական աջակցություն ունի, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է լինելու։ Սա նույն 2021թ․ ԱԺ արտահերթ ընտրությունների խոսույթն է։ 2021թ․ ընտրություններով, ցավալիորեն, արձանագրվեց, որ հայ ժողովուրդը կապիտուլյացիայի կողմնակից է, իսկ 2026թ. այս ընտրություններում Փաշինյանի հաղթանակը նշանակելու է, որ հայ ժողովուրդը մանկուրտացման կողմնակից է։
Եթե 2026թ․ ընտրություններին սպասելով՝ իմպիչմենտի հարցով ոչինչ չեք ձեռնարկում, համարում եք, որ ստորագրություն եք տվել, հերիք է, Նիկոլ Փաշինյանի վերընտրվելուց հետո կարո՞ղ եմ երեսներիդ ասել՝ մի Նիկոլ էլ դուք եք։ Դուք ինչի՞ համար էիք մանդատ ստացել. որ Փաշինյանին հեռացնեք»,- ասաց Միհրան Հակոբյանը:
Վերջինս անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի քաղաքական օրակարգում ու խոսույթում Արցախի հարցի բացակայությանը:
«Ես ցավ եմ ապրում, որ Ղարաբաղի առաջին նախագահն ու ՀՀ 2-րդ նախագահը, որի անունը ոսկե տառերով գրվելու է պատմության մեջ, 3 ժամ ասուլիս է տալիս ու Ղարաբաղի մասին մի բառ անգամ չի ասում։ Ես ուզում եմ հարցնել՝ եթե Ռոբերտ Քոչարյանի կենսագրությունից Ղարաբաղը հանենք, ի՞նչ կմնա տակը։ Եթե Ղարաբաղի մասին չի խոսվում, էդ դեպքում ի՞նչ կապ ունի՝ ով կընտրվի։ Լավ, պարոն նախագահ, սա ի՞նչ է»,- տարակուսեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: