Տեր Սարգիսը, ով պետք է պատարագ վարի Հովհաննավանքում, կանչվել է ՔԿ
Նախատեսված է, որ Հովհաննավանքում կիրակի օրը պատարագն իրականացնելու է Տեր Սարգիս քահանա Սարգսյանը։ Այս մասին, ինչպես հաղորդում է Sputnik Արմենիա-ն, քահանան ասաց լրագրողների հետ զրույցում։
«Ըստ եկեղեցական կարգի, քանի որ ինքը (Ստեփան Ասատրյանը) կարգալույծ է արված, կիրակի օրը պատարագը կմատուցեմ ես։ Մինչև կիրակի կտեսնենք՝ ինչ կլինի»,- նշեց քահանան։
Անդրադառնալով Հովհաննավանքում հոկտեմբերի 23-ին Ստեփան Ասատրյանի (կարգալույծ արված Տեր Արամ քահանա) և որոշ քաղաքացիների հետ տեղի ունեցած տարաձայնություններին՝ Տեր Սարգիսը նշեց, որ իրեն հավաքված տղամարդիկ հորդորել են դադարեցնել ծառայությունը Հովհաննավանքում։ Նա ընդգծեց, որ այդ նույն կարծիքին է նաև Ստեփան Ասատրյանը։
Տեր Սարգիսը նաև ընդգծեց, որ քննչական կոմիտեից իրեն ծանուցում են ուղարկել, սակայն մանրամասներին դեռ չի տիրապետում, ուղղակի հրավիրել են ՔԿ։
Տեղում գտնվող փաստաբան Արա Զոհրաբյանն էլ ընդգծեց՝ ենթադրվում է, որ հենց կիրակի օրը կկանչեն քննչական կոմիտե, որպեսզի չկարողանա պատարագին ներկա լինել։

