Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը: Այս մասին նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
«Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ներկա է գտնվել նոր կազմով հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստին, որի ընթացքում անցկացվել է հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն։
Առաջարկվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի թեկնածությունը։ Բաց քվեարկությամբ նա միաձայն ընտրվել է հոգաբարձուների խորհրդի նախագահ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Եղիազար Վարդանյանը շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին և մաղթել արդյունավետ աշխատանք.
«Ինձ համար մեծ պատիվ է այս հարազատ մթնոլորտում ղեկավարել հոգաբարձուների խորհուրդը։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն առավել դինամիկ զարգացման փուլ է թևակոխել, ինչն արձանագրում են նաև բուհի հետ առնչվող պետական բոլոր գերատեսչությունները։ Մեր միասնական աշխատանքով փորձելու ենք աջակցել և բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի այդ զարգացումը դառնա ավելի արագ և շոշափելի»,-նշել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը և վարել նոր կազմով խորհրդի անդրանիկ նիստը։
Հաջորդիվ բաց քվեարկությամբ հոգաբարձուների խորհրդի քարտուղար միաձայն ընտրվել է դիզայնի ֆակուլտետի փոխդեկան Տաթևիկ Փայտյանը։
ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանը շնորհավորել է խորհրդի նորանշանակ նախագահին և բոլոր անդամներին.
«Շնորհակալություն եմ հայտնում մշտապես համալսարանի կողքին լինելու համար։ Ձեր աջակցությամբ մենք կայացրել ենք ճիշտ և հեռատես որոշումներ»։
Օրակարգի հաջորդ հարցով ՃՇՀԱՀ ռեկտորը խորհրդի հաստատմանն է ներկայացրել համալսարանի նոր կառուցվածքն ու հաստիքացուցակը, որն արդեն արժանացել է գիտական խորհրդի հավանությանը՝ ընդգծելով, որ հաստատման դեպքում այն կգործի 2026 թվականի հունվարից։
Նիստում քննարկվել են նաև համալսարանում իրականացվող ծրագրերն ու առաջիկա բարեփոխումները, որոնք միտված են կրթական և գիտական միջավայրի շարունակական զարգացմանը։

