«Սպուտնիկ Ադրբեջանի» գլխավոր խմբագրի խափանման միջոցը փոխվեց 3-ամսյա տնային կալանքի
Ադրբեջանի դատարանը փոխեց «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալության գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի խափանման միջոցը՝ ուղարկելով նրան 3-ամսյա տնային կալանքի։
Գործակալության գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխն ավելի վաղ ազատ էր արձակվել կալանքից և հետագայում մեկնել էր Ռուսաստան։
«Սպուտնիկ Ադրբեջան»-ի գլխավոր խմբագիրն ու գործակալության այլ աշխատակիցներ Ադրբեջանում կալանավորվել էին այս տարվա հունիսի վերջին։ Նրանց նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել խարդախության, անօրինական ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման հոդվածներով։
Լրագրողների ձերբակալությունները տեղի ունեցան Մոսկվայի և Բաքվի միջև դիվանագիտական վեճի ֆոնին, որը բռնկվեց այն բանից հետո, երբ Ռուսաստանի իշխանությունները ձերբակալեցին մի խումբ էթնիկ ադրբեջանցիների՝ կապված չբացահայտված հանցագործությունների, այդ թվում՝ սերիական սպանությունների հետ։ Կասկածյալներից երկուսը մահացան Ռուսաստանի ոստիկանության կալանքի տակ։
Երկու երկրների միջև հարաբերություններն արդեն լարված էին ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռի կործանումից հետո։ Գրեթե մեկ տարի անց միայն Ռուսաստանի նախագահն ընդունեց, որ աղետը տեղի է ունեցել նաև ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի մեղքով։
Ի դեպ, Ադրբեջանն ազատ արձակեց «Սպուտնիկ Ադրբեջան»-ի գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխին Պուտինի այս խոստովանությունից հետո։

