ՀՀ իշխանությունները ներքին ու արտաքին մտավախություններ ունեն Արցախյան կարգավորման իրենց տեսլականի հարցում, չկա վերջնական որոշում. Բենիամին Պողոսյան

168.am-ի զրուցակիցն է միջազգայնագետ Բենիամին Պողոսյանը  

– Պարոն Պողոսյան, Հնդկաստան այցից հետո տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի 5-օրյա աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ, որի ընթացքում նա ունեցավ բազմաթիվ հանդիպումներ, որոնցից նշանակալիցը հանդիպումներն էին ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի և նրա քաղաքական հարցերով տեղակալ Նուլանդի հետ: Ի թիվս մի շարք փաստաթղթերի, շատ է քննարկվում նաև ստորագրված «Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը: Կխնդրեի գնահատել՝ նման այցը Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքական ներկայիս լարվածության պայմաններում ի՞նչ է նշանակում Հայաստանի ու Միացյալ Նահանգների կողմից:

– Հնդկաստան և ԱՄՆ այցերը չէի փոխկապակցի։ Հնդկաստան այցը երկկողմ չէր, շատ բազմակողմ միջոցառում էր, հիմնականում ժամանակային համընկնում էր։ Աշխարհաքաղաքական իմաստ չուներ այն, որ տեղի ունեցավ այց Հնդկաստան, ապա՝ ԱՄՆ:

Ինչ վերաբերում է բուն այցին ԱՄՆ, ապա 2019 թվականից գործարկվեց ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսությունը, որի առաջին նիստը տեղի ունեցավ 2019 թվականի մայիսին, հետո համավարակի պատճառով 2020 թվականի սեպտեմբեր ամսի 20-21-ին երկրորդ նիստն էր Արցախյան երկրորդ պատերազմից առաջ: Եվ հիմա, փաստորեն, մենք տեսանք նոր՝ դեմ առ դեմ հանդիպումներ ռազմավարական երկխոսության շրջանակում: Իհարկե, ունենալ ռազմավարական երկխոսություն աշխարհի թիվ 1 պետության հետ՝ դրական երևույթ է և մեր համար՝ առավել ևս, եթե հաշվի առնենք, որ բավականաչափ հզոր հայկական համայնք կա ԱՄՆ-ում, որը մեծությամբ երկրորդն է ՌԴ-ում հայ համայնքից հետո: Եթե ռազմավարական երկխոսության մասին ենք խոսում, ապա դրանք հիմնականում բառեր են, քան բովանդակություն, որովհետև եթե հետևենք վերջին 3 տարվա ընթացքում արված քննարկումներին, ընդունված որոշումներին և հատկապես նրան, թե ինչ ազդեցություն է ունեցել սա տարածաշրջանային զարգացումներ վրա, իսկ մենք գիտենք, որ 2019 թվականի մայիսից այս երեք տարում տարածաշրջանը լուրջ ցնցումների միջով անցավ՝ համավարակ, պատերազմ, տնտեսական ճգնաժամ և ուկրաինական պատերազմ, չէի ասի, որ իսկապես ռազմավարական բառը համապատասխանում է իրականությանը:

Ամեն դեպքում երկար ժամանակ հանդիպում չէր եղել պետքարտուղարի հետ:

Քննարկումների առումով խաղաղ միջուկային տեխնոլոգիաների շուրջ համագործակցության հուշագիրն առաջինը չէ։ Եթե ճիշտ եմ հիշում, նմանատիպ՝ նույնիսկ ավելի բարձր արժեք ունեցող փաստաթուղթ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ստորագրվել էր 2000-ական թթ.: Չմոռանանք, որ երբ նախագահ Օբաման միջուկային գագաթնաժողով կամակերպեց՝ առաջինը 2010 թվականին, երկրորդն՝ ավելի ուշ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ևս մասնակցել է, 2010թ. նույնիսկ փորձ արվեց դա օգտագործել հայ-թուրքական հարաբերություններն առաջ մղելու համար: Հետևաբար՝ ասել, որ այս ոլորտում զրոյից համագործակցություն է սկսվում կամ որակական առաջընթաց կա, սխալ է: Բայց հանդիպումները հագեցած են, փաստաթղթային առումով կամ բաց տեղեկությունները դիտարկելով՝ չեմ կարող ասել, որ որակական թռիչք են ապրել հայ-ամերիկյան հարաբերությունները։ Եթե նայում ենք այն փաստաթղթերին, որոնք ստորագրվել են, դրանք նախկինում եղած գործընթացների տրամաբանության շրջանակում են: Հետևաբար՝ որակական առաջընթաց կամ որակական փոփոխություն հայ-ամերիկյան հարաբերություններում այս ռազմավարական երկխոսության հերթական նիստը չի արձանագրել:

Բայց ինքնին ունենալ ռազմավարական երկխոսություն, թեև դա ռազմավարական տարրեր չի պարունակում, ընդամենը փաթեթավորում է, դրական երևույթ է, հնարավորություն է ԱՄՆ-ի հետ քննարկելու նրանց պատկերացումները Հարավային Կովկասի ապագայի, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների ապագայի վերաբերյալ և Արցախյան հարցում, հնարավորություն է նաև ներկայացնել Հայաստանի պատկերացումները:

Որքանով ես եմ հասկանում, գոնե Արցախյան հարցով և հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ միջազգային հանրությունը Հայաստանից կոնկրետ դիրքորոշման ակնկալիք ունի: Արտաքին գործընկերների մոտ կա պատկերացում, որ Հայաստանը մինչև վերջ հստակ չի կարողանում ներկայացնել իր դիրքորոշումը: Նմանատիպ այցերը ևս մեկ հնարավորություն են սեփական դիրքորոշումը ներկայացնելու, եթե, իհարկե, նման հստակ դիրքորոշում կա:

– Իսկ ինչո՞ւ չի ներկայացվում կամ չկա հայկական հստակ ձևակերպված մոտեցում:

– Լավ հարց եք տալիս, ինչո՞ւ կա որոշակի ոչ հստակություն Հայաստանի դիրքորոշման մեջ, եթե համեմատենք Ադրբեջանի հետ, քանի որ Ադրբեջանի դիրքորոշումը շատ հստակ է՝ նրանք հրապարակել են 5 կետերը կամ առաջարկները, բացի այդ 5 կետերից, կան բավականաչափ ծավալուն բացատրություններ պետության առաջին դեմքերի կողմից՝ նախագահ Ալիևի, որտեղ հստակ ներկայացվում է Ադրբեջանի դիրքորոշումը, թե ինչպես են իրենք տեսնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Արցախի ապագան, այս իմաստով մեր մոտ հստակությունը քիչ է: Մինչև վերջերս մենք նույնիսկ չգիտեինք, որ Հայաստանն ի պատասխան 5 առաջարկի՝ ներկայացրել է 6 առաջարկներ: Դրա մասին վերջերս հայտարարվեց։ Մինչ այդ, ի պատասխան այդ 5 առաջարկի, հայկական կողմը նշում էր, որ դրանք լիարժեք չեն, պետք է լրացվեն ինչ-որ առաջարկներով, նկատառումներով, բայց չէր ասվում, թե ինչ:

Ինչո՞ւ ունենք նման իրավիճակ, միայն կարող եմ գնահատել, որ գուցե իշխանության մոտ չկա հստակ վերջնական ձևավորված դիրքորոշում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հեռանկարների ու Արցախի հետ կապված: Միևնույն ժամանակ կա ցանկություն հարաբերությունների կարգավորման, խաղաղության հաստատման, մի կողմից՝ կա ընկալում, որ եթե դա պետք է արվի Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու ճանապարհով, դա առնվազն լուրջ ներքաղաքական խնդիրներ կարող է ստեղծել իշխանությունների համար, հետևաբար՝ փորձ է արվում դրանից էլ խուսափել, որպեսզի ներքաղաքական խնդիրներ չառաջանան:

– Այսինքն՝ մտավախություններ, այնուամենայնիվ, կան:

– Կարելի է ասել՝ այո: Եթե իսկապես ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը, այսպես ասած, խաղաղության դարաշրջանի բացման սկիզբը պետք է լինի իրավական կամ գրավոր ճանապարհով Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելով, ապա դա կապակայունացնի ՀՀ ներքաղաքական իրավիճակը և և լուրջ խնդիրներ կստեղծի իշխանության համար պետության ներսում: Բացի այդ, մինչև վերջ հստակ պատկերացում չկա, թե ինչպիսին կլինի տարբեր արտաքին խաղացողների դիրքորոշումը նմանատիպ քայլերի դեպքում: Հետևաբար՝ վերջնական դիրքորոշում չկա ձևավորված և տարբեր հարթակներում դիրքորոշման տարբեր մասերն են ներկայացնում, ինչն անորոշություն է ստեղծում թե՛ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների ապագայի, թե՛ Արցախյան կարգավորման հարցում:

– Ձեզ մոտ կա՞ տպավորություն, որ ՀՀ իշխանությունները, հատկապես Ուկրաինայում պատերազմի ֆոնին, փորձում են արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու փորձեր անել, ակտիվացնելով կապերն Արևմուտքի հետ:

– Չէի ասի, որ 2022 թվականի փետրվարի 24-ից քայլեր են արվում թեկուզ ցուցադրական արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման ուղղությամբ: Եթե վերջին 4 տարվա արտաքին քաղաքականությունը դիտարկենք, ապա միշտ էլ հայտարարվել է, որ ՀՀ-ն պետք է փորձի ՌԴ-ի ռազմավարական դաշնակցությանը զուգահեռ զարգացնել հարաբերություններն այլ գործընկերների հետ, և դա, եթե մի փոքր հետ գնանք, այն էր, ինչ տեղի էր ունենում մինչև 2018 թվականի մայիսը:

Վերջին հաշվով չմոռանանք, որ ՀՀ-ԵՄ Համապափակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը 2017 թվականի նոյեմբերին է ստորագրվել դեռ ՀՀ երրորդ նախագահի իշխանության օրոք: Հետևաբար՝ ասել, որ փետրվարի 24-ից հատուկ ջանքեր կան, նման միտումներ չեմ տեսնում: Դա նաև մի փոքր անհասկանալի կլիներ, եթե Ռուսաստան-Արևմուտք փաստացի պատերազմ է ընթանում, պետք է փորձել կտրուկ քայլերից խուսափել: Ամեն դպքում ես որակական փոփոխություն ՀՀ-ԱՄՆ, ՀՀ-ԵՄ, ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններում չեմ տեսնում:

– Իսկ երբ դիտարկում ենք ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այցերի աշխարհագրությունը վերջին ամիսներին՝ Բրյուսել, Փարիզ, Վարշավա, ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, Լոնդոն, Բեռլին, Վաշինգտոն, Լիտվա և այլն:

– Եթե Բրյուսելի մասին ենք խոսում, ապա Ա. Գրիգորյանը, որքանով ես եմ տեղյակ, երկու անգամ է այցելել Բրյուսել, որոնցից վերջինը՝ մայիսի 2-ին, և դա տեղի է ունեցել ԵՄ կողմից հովանավորվող հայ-ադրբեջանական շփումների շրջանակում, սա սկսվել է 2021-ի դեկտեմբերից: Բայց դա կապված չէ ուկրաինական պատերազմի հետ և չպետք է դիտարկվի՝ որպես ժեստ հեռանալու Ռուսաստանից՝ է՛լ ավելի մոտենալու Արևմուտքին, որովհետև նույն տրամաբանությամբ էլ մենք պետք է ասենք, որ Փաշինյանի այցն՝ ապրիլի 19-ին Մոսկվա և 30 կետանոց հայտարարության ստորագրումը քայլ է՝ խզելու Արևմուտքի հետ հարաբերությունները և աջակցություն է Ռուսաստանին:

– Վերադառնալով Միրզոյանի այցին ԱՄՆ, փաստորեն այն դրական էր, սակայն որակապես ոչ նոր:

– Այցը պրոդուկտիվ էր, բայց չեմ կարող ասել, որ այցի արդյունքում կամ դրա շնորհիվ հայ-ամերիկյան հարաբերություններում որակական փոփոխություններ են տեղի ունեցել կամ արձանագրվել է որակական թռիչք:

Տեսանյութեր

Լրահոս