Մեր կողմից դրվեց գերիների հարցը, որ եթե ուզում են վերականգնել վստահությունը, պակասեցնել ատելությունը, ամենաճիշտ քայլը գերիների վերադարձն է. Ռուբեն Բաբայանն ադրբեջանցիների հետ հանդիպումից մանրամասներ է ներկայացրել

Հայաստանի մշակույթի, կրթության ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ ՌԴ նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի միջնորդությամբ, դեկտեմբերի 23-24-ին Մոսկվայում հանդիպել են Ադրբեջանի մշակույթի ու կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ:

Հայկական կողմից հանդիպմանը ներկա են եղել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը և ռեժիսոր Հարություն Խաչատրյանը։ Ադրբեջանի կողմից հանդիպմանը մասնակցել են Բաքվի երաժշտական ակադեմիայի ռեկտոր Ֆարհադ Բադալբեյլին, Բաքվի Լեզուների համալսարանի ռեկտոր Քյամալ Աբդուլլան, կինոռեժիսոր Այազ Սալաևը, Ադրբեջանի Ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտոր Գյուլչոխրա Մամեդովան:

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի փոխանցմամբ՝ Շվիդկոյը նման հանդիպումներ նախաձեռնել է նաև 2004, 2006, 2008 թվականներին, իսկ երկխոսությունից խուսափել պետք չէր:

«Կարծում եմ, որ երկխոսությունից խուսափելը թուլության նշան է և երբեք պետք չէ խուսափել երկխոսությունից, եթե դիրքերդ ամուր են, եթե գիտես՝ ինչ խոսես, ինչ հակադարձես: Որոշակի օրակարգ չկար: Հանդիպումն առանց օրակարգի էր:

Շվիդկոյն ի սկզբանե ասել էր, որ որևէ քաղաքական հարց չի քննարկվելու: Խոսքը վերաբերում էր ատելության չափը պակասեցնելուն՝ այն, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել, որովհետև պատերազմը չի ավարտվում հաղթանակով կամ պարտությամբ, պատերազմն ավարտվում է ատելության վերացումով: Խնդիրներն էլ չեն վերանում պատերազմի արդյունքներով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Բաբայանը:

Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք բարձրացվել է թշնամու կողմից օկուպացված տարածքներում Արցախի թանգարաններում առկա նմուշների վերադարձի հարցը, Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրենը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ խոսվեց մշակութային կոթողների մասին, բայց հիմնականը գերիների վերադարձի հարցն էր: Մենք չենք քննարկում, թե մարդն ինչպե՞ս է ընկել գերի, ի՞նչ պայմաններում, ո՞ր ժամանակահատվածում: Մարդիկ են, ովքեր մեկ տարուց ավելի գտնվում են գերության մեջ, և քանի դեռ այս հարցն իր լուծումը չի ստանում՝ խոսել շարունակական նման հանդիպումների մասին՝ մի քիչ անարդյունավետ է: Առաջարկություն եղավ, որպեսզի այս հանդիպումները լինեն ժամանակ առ ժամանակ, չնայած ես կարծում եմ, որ ավելի ճիշտ կլիներ, որ ավելի երիտասարդ մարդիկ մասնակցեին, ովքեր ոչ այնքան կտառապեին նոստալգիկ հիշողություններով, թե ինչպիսին էր կյանքը 40 տարի առաջ:

Ասացինք, որ հանդիպումը չի կարող դառնալ ինքնանպատակ: Նման յուրաքանչյուր հանդիպում պետք է ունենա իր արդյունքը, և մեր կողմից դրվեց գերիների հարցը, որ եթե ուզում են վերականգնել վստահությունը, պակասեցնել ատելությունը, այդ ուղղությամբ ամենաճիշտ քայլը գերիների վերադարձն է: Իրենք ոչ միայն չկարողացան պատասխանել, այլ ասացին՝ գերիներն անպայման կվերդառնան, և այլն, մենք էլ պատասխանեցինք, որ դրանք պարզապես խոսակցություններ են, եկեք որոշենք այս հանդիպման իմաստը: Դուք՝ որպես ձեր ազգի ներկակացուցիչներ, մտավորականներ, եթե կիսում եք մեզ հետ այդ պլատֆորմը՝ ձեր կառավարության առջև բարձրացրեք այս հարցը: Այն հումանիստական է, քաղաքական չէ և այս հարցի լուծումից է կախված՝ հետագայում կլինե՞ն նման հանդիպումներ այլ ռակուրսով, թե՞ ոչ»,- մանրամասնեց Ռուբեբ Բաբայանը:

Նրա փոխանցմամբ՝ գերիների վերադարձի հարցը հայկական կողմը դրել է նաև ՌԴ նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի առջև, որպեսզի օգտագործի իր բոլոր միջոցները, հնարավորությունները, քանի որ միջնորդն իր վրա վերցնում է որոշակի պարտավորություններ:

«Ադրբեջանական կողմն էլ նշեց, որ կա հումանիտար հարց, ոը կապված է ականապատված տարածքների հետ, որտեղ մի քանի հոգի է մահացել: Պատասխանեցինք, որ ինչքան մենք ենք հասկանում՝ սա տեխնիկական հարց է: Մենք բաժանվեցինք՝ ընդգծելով, որ այս ամենն իմաստավորված կլինի, եթե կատարվի առաջին քայլը՝ գերիների վերադարձը: Հետո կարելի է մտածել հետագա ֆորմատների, թեմաների, շփումների մասին: Սակայն առանց այս կարևոր հարցը լուծելու՝ իմաստ չկա»,- եզրափակեց Ռուբեն Բաբայանը:

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի ռեկտոր Արմեն Մուրադյանն էլ Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, 2 օր լուռ հետևում եմ, թե ինչ են քննարկում, ինչ կարծիքներ են արտահայտում` որոշ մարդիկ, ի դեպ, կան որոշ քննադատողներ` որոնց հարգանքով եմ վերաբերվում, ուստի հենց իրենց տեսակետը կարևորելով ու արժևորելով՝ որոշեցի այս գրառումն անել…

Եվ այսպես, շատ հակիրճ ներկայացնեմ իրականությունը.

Այո, ես Հայաստանի պատվիրակության կազմի անդամ եմ եղել, ով Ռուսաստանի նախաձեռությամբ մեկնել է Մոսկվա` ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպման, կազմակերպչի որոշմամբ՝ հանդիպման լուսաբանումը պետք է իրականացվեր իրենց կողմից:

Հիշեցնեմ, որ նման հանդիպումներ նախաձեռնվել են և 2004 թվականին, 2006 թվականին և 2008 թվականին:

Հանդիպման մասին ասեմ հետևյալը.

Յուրաքանչյուրս ներկայացրել ենք մեր տեսակետը, և զրույցը ծավալվել է միայն հումանիստական դաշտում:

Ես խոսել եմ՝ որպես բժիշկ, պատմել եմ Զինվորի Տան մասին, որը ստեղծել է Համախմբված հայ ժողովուրդը, պատմել եմ շուրջ 7000 հայ տղերքի մասին, ովքեր հայտնվել են Զինվորի Տանը հենց ադրբեջանցու պատճառով… Ասեմ` խոսելը շատ բարդ էր, ծանր ու պատասխանատու…

Զեկուցեմ նաև, որ մեր պատվիրակությունը գեթ մեկ րոպե չի ընկրկել, ասեմ ավելին, հստակ ասեցինք հետևյալը. «Պատերազմները հաղթանակով չեն ավարտվում…»:

Օրակարգի առանցքում մենք գեթ մեկ հարց ենք ունեցել՝ մեր գերիների վերադարձը, մեր տղաների առողջական վիճակի մասին ստույգ տեղակատվություն, այդ իսկ նպատակով՝

առաջարկել ենք՝ բժիշկների խմբի գործուղում՝գերիների մոտ…

Հավելեմ՝ Հայաստանի պատվիրակությունը բարձրաձայնեց անմարդկային բոլոր արարքները, որ տեսել է մեր ժողովուրդը պատերազմների ընթացքում և պատերազմների դադարներից հետո, խոսեցինք մեր պատմամշակութային վտանգված հարստության մասին… Հանդիպման նպատակն էր մարդասիրական հարցերի տարանջատումը՝ քաղաքականից ու ռազմականից: Հանդիպումն անցել է լարված, բայց կոռեկտության սահմաններում:

Հ.Գ. Շուրջ մեկ տարի, միջազգային բոլոր գործընկերներիս առաջարկել եմ, խնդրել եմ օգնել մեր երկրին՝ գերիների առողջական վիճակի մասին հստակ տեղեկատվություն ստանալու նպատակով, հավելեմ, որ ամիսներ առաջ, այդ հարցով, անձամբ դիմել եմ ռուս անվանի բժիշկ, իմ ավագ ընկեր Լեոնիդ Ռոշալին…

Եվ վերջում, ես՝ որպես բժիշկ արել եմ ու անելու եմ ամեն հնարավորն ու անհնարինը՝ Բաքվի բանտերում գտնվող մեր եղբայրների առողջական խնդիրները բարձրաձայնելու ու լուծելու համար: Թե հանդիպման ժամանակ, և թե հրապարակային ասել եմ, որ անձամբ պատրաստ եմ ներգրավվել բժիշկների խմբում ու գնալ տեսակցել մեր գերիներին:

Այս հանդիպումը հնարավորություն էր, այդ նպատակին հասնելու ու այդ հնարավորությունը բաց թողնելու շռայլություն մենք չունենք…»:

Տեսանյութեր

Լրահոս