«Եթե այդպես լինի, ուրեմն՝ Երևան-Բագրատաշեն ճանապարհն անցնում է ադրբեջանցիներին». Լավրենտի Միրզոյան

Մամուլն արդեն գրել է, որ ՀՀ իշխանությունը նախատեսում է Տավուշում կառուցել այլընտրանքային ճանապարհներ։ Հաշվի առնելով Սյունիքի օրինակը, երբ իշխանությունները հիմնական ու ռազմավարական ճանապարհները զիջեցին թշնամուն և սկսեցին նորոգել այլընտրանքային ճանապարհները, տավուշեցիները մտահոգություններ ունեն, որ նույն ճակատագիրը սպասվում է նաև Տավուշին։ Նրանք վկայակոչում են նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տավուշի նախկին մարզպետ Վահե Ղալումյանի այն հայտարարությունները, թե Տավուշում կան «ադրբեջանական հողեր», Ադրբեջանում էլ հայկական հողեր կան։

168.am-ի հետ զրույցում «Տավուշ» հայրենակցական միության նախագահ, լեզվաբան, ակադեմիկոս Լավրենտի Միրզոյանն ասաց, որ Տավուշին վերաբերող խնդիրների վերաբերյալ բազմիցս բարձրաձայնել են, սակայն որևէ արձագանք չեն ստացել։

«Ես բազմիցս հայտարարել եմ, որ Տավուշը մեծ աշխարհի հետ կապվում է 2 ճանապարհով, որոնք այսօր ավելի շատ են օգտագործվում։ Այդ ճանապարհներից մեկը Պառավաքար-Վազաշեն ճանապարհն է, որն անընդհատ կրակի տակ է, պարբերաբար ադրբեջանական կողմը կրակում է։ Իսկ 2-րդ ճանապարհը Ճամբարակի ճանապարհն է, որը կիսաասֆալտապատ է, այնտեղ գրեթե ասֆալտ չկա։ Այդ ճանապարհը ևս գտնվում է կրակի տակ։

Աստված ոչ անի, եթե այսօր  պատերազմական գործողություններ սկսվեն, Տավուշը մեծ աշխարհից կտրվում է։ Այստեղ ունենք նաև ճանապարհ՝ Գանձաքար-Իծաքար-Բերդ հատվածը, 2-3 անգամ այդ ճանապարհին բացում են կատարել, այսինքն՝ խճապատում են ու բացում կատարում, սակայն որևէ մեկը չի ասֆալտապատում։ Այդ ճանապարհը ռազմավարական նշանակության ճանապարհ է։ Եթե պատերազմական գործողություներ սկսվեն, 108 կմ սահման ունեցող Տավուշը, նախկին Շամշադինի տարածաշրջանը կարող է հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ,  քանի որ շատ ռազմավարական ճանապարհներ այսօր չեն գործում»,- նշեց Լավրենտի Միրզոյանը։

Ըստ նրա, իրենց անհանգստությունը մեծանում է հատկապես այն դեպքում, երբ իշխող թիմի պատգամավոր Վահե Ղալումյանը, ով նաև Տավուշի նախկին մարզպետն է, հաճախակի է ասում, որ Տավուշում «ադրբեջանական հողեր» կան, մինչդեռ դրանք ժամանակին եղել են Գարդման աշխարհի մի հատվածը։

«Դրանք Շամշադին-Ղազախ գավառի մեջ են մտնում, այնտեղ Ուտիք աշխարհն է եղել։ Ժամանակին թուրքերը եկել են այդ տարածքներ զուտ անասնապահությամբ զբաղվելու համար, գոմեր են կառուցել, ամեն մեկը 10 լակոտ է ունեցել, հետո այնքան են շատացել, որ  դարձել են մի գյուղի ժողովուրդ։ Հիմա խոսակցություններ են շրջանառվում, որ սահմանազատման արդյունքում բոլոր այդ գյուղերն անցնելու են Ադրբեջանի հսկողության տակ։

Այսինքն՝ ամբողջ Նոյեմբերյանի այդ ճանապարհահատվածը, Ազատամուտի, Այգեհովիտի ճանապարհը, նախկին Իջևան-Ղազախ ճանապարհը, բոլորն ըստ խոսակցությունների՝ պետք է անցնեն Ադրբեջանին։ Մենք հիմա որևէ մեկից ճշմարիտ տեղեկատվություն չենք կարողանում ստանալ։ Այդ խոսակցությունների համաձայն՝ Տավուշից 6 գյուղ պետք է հանձնեն Ադրբեջանին։ Մեր պաշտոնյաներն ամեն ինչ այսպես են հասկանում, եթե որևէ տարածքում ժամանակին ադրբեջանցիներ են ապրել, ուրեմն՝ տարածքն էլ ադրբեջանական է։ Քավ լիցի, այդ տարածքներում ադրբեջանցիները նոր են հայտնվել, նրանք ընդամենը 100 տարվա պատմություն ունեն»,- շեշտեց նա։

Միաժամանակ նա հիշեցրեց, որ 1970-ականներին Տավուշում Շրջկոմի առաջին քարտուղար Հրանտ Ավագյանին պաշտոնից հեռացրեցին զուտ այն պատճառով, որ վերջինս պայքարում էր Այգեձորի հայկական տարածքը Հայաստանին վերադարձնելու համար։ Կամ՝ Վլադիմիր Մովսիսյանը Նոյեմբերյանի Դովեղում կարողացավ Ադրբեջանի կողմից գրավված հայկական գյուղերը վերադարձնել Նոյեմբերյանին։ Ընդ որում, այդ ամենն իրականացվել է շատ ծանր պայմաններում։

«Նման խնդիրները մեզ ստիպում են, որպեսզի այսօր մի քիչ լրջորեն մտածենք։ Էհ, քարտեզ կա, պատմություն կա, թող բացեն՝ կարդան, բա ո՞ւր մնաց Գարդման, Ուտիք աշխարհը, Ղազախ-Շամշադինի գավառը։ Եթե այդպես լինի, ուրեմն՝ Երևան-Բագրատաշեն ճանապարհն անցնում է ադրբեջանցիներին, եթե դրանք անցնում են թշնամուն, բա մե՞զ ճանապարհ։ Շատ հնարավոր է, որ հենց սրա համար են այլընտրանքային ճանապարհ կառուցում։ Այս առթիվ մենք մեր մտահոգությունը հայտնել ենք, մամուլի ասուլիս ենք կազմակերպել, ասել ենք, որ Տավուշին ապահով ու անվտանգ ճանապարհ է պետք։ Դրանից հետո Կառավարությունը, Տարածքային կառավարման այն ժամանակվա նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, թե Գանձաքար-Իծաքար ճանապարհահատվածը պետք է ասֆալտապատվի։ Նա այս մասին հայտարարել էր արտահերթ ընտրություններին ընդառաջ, մենք համոզվել էինք, որ կասֆալտապատվի, բայց մինչև օրս ոչինչ չի արվել»,- եզրափակեց Լավրենտի Միրզոյանը։

Տեսանյութեր

Լրահոս