Ադրբեջանը պատերազմ է հայտարարել ՅՈՒՆԵՍԿՕ-ին

Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված վերջին արյունոտ պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հարուստ հոգևոր և պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցը դարձել է հայ և միջազգային հանրության մտահոգության առարկան։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանը և Ֆրանսիան, ինչպես նաև ԵՄ-ը հատուկ ընդգծել են Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական քրիստոնեական ժառանգության պաշտպանության կարևորությունը և աջակցել են այդ գործընթացում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավմանը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն դեռևս անցյալ տարվա նոյեմբերի 20-ին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հուշարձանների պաշտպանության անհրաժեշտության և դրանց ինքնության խեղաթյուրման փորձերի անընդունելիության մասին։ Իր հայտարարության մեջ նա նաև առաջարկել է առաքելություն գործուղել տարածաշրջան՝ տեխնիկական աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Գլխավոր տնօրենի առաջարկն արժանացել է կազմակերպության անդամ պետությունների հավանությանը, որն արտացոլվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի 2020 թ. դեկտեմբերի 11-ին ընդունած հայտարարության մեջ։

Միջազգային հանրության դրսևորած մտահոգությունները միանգամայն հասկանալի են և բնական՝ հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների կողմից տարիներ շարունակ դրսևորած վերաբերմունքը իր վերահսկողության ներքո գտնվող հայկական մշակութային ժառանգության հանդեպ։ Ամբողջ աշխարհին է հայտնի, թե ինչպես Ադրբեջանի իշխանությունները 1997-2006 թթ. ընթացքում ոչնչացրել են պատմական հայկական տարածք Նախիջևանի հայկական հարուստ ժառանգությունը՝ 89 միջնադարյան եկեղեցի, 5840 խաչքար և 22000 տապանաքար։ Ցավոք, պետք է արձանագրել, որ միջազգային հանրությունն այն ժամանակ բավարար քայլեր չձեռնարկեց կանխելու համար այդ բարբարոսությունը։

Բացի հայկական հուշարձանների ֆիզիկական ոչնչացումից, Ադրբեջանի իշխանությունների պատվերները կատարող ադրբեջանցի «գիտնականները» շարունակում են հայկական պատմամշակութային ժառանգության յուրացման փորձերը՝ մերժելով դրանց հայկական ինքնությունը և շրջանառելով դրանց «աղվանական» պատկանելիության հակագիտական թեզը։ Ամենևին չանդրադառնալով ադրբեջանական սույն հակագիտական թեզի մանրամասներին և դրա նկատմամբ միջազգային ակադեմիական շրջանակների վերաբերմունքին, այնուամենայնիվ, հարկ է նշել, որ Ադրբեջանի իշխանությունները դա օգտագործում են քաղաքական նպատակներով՝ հրապարակայնորեն տարածելով աբսուրդի մակարդակի ստեր։ Ադրբեջանի իշխանությունների այս գործելաոճը բացահայտ կերպով խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2017 թ. ընդունված 2347 բանաձևը, որում հստակորեն նշված է մշակութային ժառանգության պատկանելիության խեղաթյուրման անընդունելիության մասին, ինչը հղի է նոր հակամարտության բռնկման վտանգով (…the attempt to deny historical roots and cultural diversity in this context can fuel and exacerbate conflict and hamper post-conflict national reconciliation, thereby undermining the security, stability, governance, social, economic and cultural development of affected States):

«Իսլամական պետության» ահաբեկչական մեթոդով մեր ժամանակների ամենախոշոր մշակութային ցեղասպանություններից մեկն իրականացրած ալիևյան ռեժիմը, չբավարարվելով էթնիկ և ռասայական ատելության հիմքի վրա Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ սանձազերծված արյունոտ պատերազմով, այժմ էլ պատերազմ է սկսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեմ՝ խոչընդոտելով վերջինիս Արցախում իրականացնել մշակութային ժառանգության պաշտպանության իր առաքելությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամը Ալիևը և նրան սպասարկող լրատվամիջոցները խստորեն քննադատում են ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ մեղադրելով կազմակերպությանը «կողմնակալության և այլ երկրների շահերը սպասարկելու մեջ»։ Պետք է արձանագրել, որ ադրբեջանական իշխանությունների այս գործելաոճը նոր չէ, և ժամանակին նրանք տարբեր պատրվակներով խոչընդոտել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրոպական խորհրդարանի և Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելությունների այցը Նախիջևան՝ այդպիսով փորձելով թաքցնել իրականացված հանցագործության ամբողջ ծավալը։

Ներկայումս Ադրբեջանի կողմից Արցախ առաքելության գործուղմանը խոչընդոտելը հիմնավոր կասկածներ են առաջացնում առ այն, որ Ադրբեջանի իշխանությունները, Նախիջևանի օրինակով, հերթական մշակութային լայնամասշտաբ վանդալիզմն են նախապատրաստում՝ որպես շարունակություն Արցախում հայերի հանդեպ իրականացվող էթնիկ զտումների և հայկական ներկայության վերացման քաղաքականության։ Պատերազմի ընթացքում` 2020 թ. հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինվորականների կողմից գերճշգրիտ զենքերի միջոցով երկու անգամ հրթիռակոծվեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։ Ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահների կողմից եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ադրբեջանցի զինվորականների կողմից պայթեցվել են Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու («Կանաչ ժամ») գմբեթն ու զանգակատունը, և իրականացվել են վանդալիզմի այլ գործողություններ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ մասնագիտացված միջազգային կազմակերպությունների կողմից համարժեք քայլեր չիրականացնելու դեպքում շարունակվելու է ադրբեջանական իշխանությունների այս հանցավոր գործելաոճը։

Հարկ է արձանագրել, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից հատուկ կերպով թիրախավորվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն։ Պատճառը հասկանալի է, քանի որ Օ. Ազուլեն, ի տարբերություն իր նախորդ Իրինա Բոկովայի, չի ներքաշվել Ադրբեջանի իշխանությունների հետ կոռուպցիայի հոտ ունեցող կասկածելի գործարքների մեջ և պաշտպանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անաչառությունն ու մշակութային ժառանգության պաշտպանության համամարդկային առաքելությունը։ Հետևաբար, միջազգային վարկանիշային ինդեքսներում ամենակոռումպացված երկրների շարքում գտնվող Ադրբեջանի իշխանությունները «սրտնեղել» են, որ չեն կարողացել հարազատ գործելաոճով ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներքաշել իրենց «խաղի մեջ» և առաջ տանել սեփական կեղծ օրակարգը։

Ադրբեջանական ռեժիմը տարբեր առիթներով խոսում է իր մտացածին բազմամշակութայնության մասին՝ զուգահեռ մի ձեռքով էլ համակարգված կերպով ոչնչացնելով հայկական մշակութային հարուստ ժառանգությունը և էթնիկ ատելություն քարոզելով հայ ժողովրդի նկատմամբ։ Ավելորդ չէ վերհիշել, որ նույն այդ երկրի առաջին փոխնախագահը, տիկին Ալիևան հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան: Արցախում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գործունեություն ծավալելուն խոչընդոտելը դարձել է Ադրբեջանի «հանդուրժող և բազմամշակութային» կեղծ կերպարի քողազերծման վերջին օրինակը։ Միջազգային հանրությանը մոլորեցնելն այլևս չի հաջողվում, ադրբեջանական իշխանությունների մշակութային ցեղասպան քաղաքականությունն արդեն հանրահայտ փաստ է բոլորի համար և սրանով պետք է բացատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեմ Ադրբեջանի սկսած հարձակումները, որը ոչ այլ ինչ են, քան առճակատում միջազգային հանրության և քաղաքակիրթ արժեքների վրա հիմնված աշխարհի հետ։

 

Տեսանյութեր

Լրահոս