Ռազմական գործողություններից մոտ 25 օր անց‚ երբ ցույց տրվեց ռազմաճակատի քարտեզը‚ մարդիկ իբրև թե հանկարծակիի եկան. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է․ «Ապացուցելու կարիք չունի այն միտքը‚ որ ցանկացած պատերազմ լուրջ կատալիզատորի դեր է խաղում շատ գործընթացներում‚ բացահայտում է տվյալ հասարակության‚ ժողովրդի զարգացման իրական միտումները‚ մոտիվները՝ զտելով հասարակության մասին պատկերացումները և ի հայտ բերելով հասարակության իրական ներուժը‚ ռեսուրսներն ու հեռանկարը։ Այս առումով ընթացող պատերազմը‚ թերևս‚ բացառություն չէ։ Եվ արդեն իսկ անցած մեկ ամսվա ընթացքում շատ բաներ ի հայտ են եկել‚ միմյանցից տարանջատվել են ձևականն ու իրականը։ Առաջին եզրակացություններից մեկը‚ որ մենք կարող ենք արձանագրել‚ հասարակության բավականին ստվար զանգվածի կոնֆորմիզմն է։
Մասնավորապես‚ հասարակության մի մեծ հատված պատերազմի ընթացքում դեմ չէ ինքնախաբվելու‚ դեմ չէ‚ որ իրեն մատուցեն մի ինֆորմացիա‚ որը թեև շատ հեռու է ճշմարտությունից‚ սակայն իր համար հաճելի է։ Հասարակության այդ հատվածը ցանկանում է լսել այն‚ որը իրեն առանձնապես մեծ անհանգստություն չի պատճառում և չի հանում իրեն սովորական դարձած հարմարավետության գոտուց։ Եթե խաղաղ ժամանակ դա վերաբերում է համեմատաբար անշառ թեմաների‚ որոնք առանձնապես կենսական և ճակատագրական հետևանքներ չեն ունենում‚ ապա պատերազմական իրավիճակում կարող են օրհասական լինել տվյալ հասարակության համար։ Այս համատեքստում դիտարկենք‚ թե ինչպես իրեն պահեց հասարակությունն անցած օրերի ընթացքում։
Հասկանալի է‚ որ պատերազմի ժամանակ տեղեկատվական որոշակի սահմանափակումներ պետք է արվեն‚ որպեսզի հասարակությունը չընկնի անիմաստ խուճապի մեջ կամ չտարվի էյֆորիայով‚ ապատեղեկատվության և միտումնավոր մանիպուլյացիաների ազդեցությանը չենթարկվի‚ որոշակի ինֆորմացիա ժամանակից շուտ կամա-ակամա չբացահայտի և թշնամու ջրաղացին ջուր չլցնի և այլն։ Ինֆորմացիայի դոզավորման և թշնամու տեղեկատվական աղբյուրների սահմանափակման քաղաքականությունը պատերազմի ժամանակ բնական է։
Այլ հարց է‚ թե որքանով են տեղեկատվական հոսքերը‚ չափաբաժինները կառավարվում իշխանությունների կողմից։ Եթե ինֆորմացիան ճիշտ չդոզավորվի‚ ժամանակին տեղ չհասցվի‚ որոշակի վակուում կարող է առաջացնել‚ ինչը հասարակության մի հատվածի կարող է դրդել տեղեկություններ հայթայթելու ամենատարբեր աղբյուրներից՝ օգտագործելով տեխնոլոգիական հնարավորությունները‚ սեփական աղբյուրները։ Այսպիսով՝ իշխանությունը‚ համապատասխան ինֆորմացիա չտրամադրելով հանրությանը‚ կարող է բացասական արդյունքներ գրանցել՝ հասարակությանը մղելով թշնամու կամ պրոքսի թշնամու աղբյուրներից ինֆորմացիա ստանալուն։
Պատերազմի ընթացքում հայկական հասարակության զգալի մասը երկար ժամանակ հասկանում էր‚ որ իրեն տրվող տեղեկությունը ոչ միշտ է ամբողջական‚ սակայն գերադասում էր լինել կիսախաբված։ Ցանկանում էր լսել‚ որ ամեն ինչ վերահսկողության ներքո է‚ և ձևացնում էր‚ թե հավատում է‚ որ իսկապես այդպես է։ Մարդիկ պատում են իրենց պատրանքներով‚ որովհետև իրենց այդպես հարմար է։ Եվ եթե որևէ մեկը հանկարծ հանդգնում էր կասկածներ հայտնել‚ անմիջապես պիտակավորվում էր՝ մեղադրվելով‚ թե նման կասկածներ հայտնելու անպատեհ պահ է‚ դրա ժամանակը չէ և այլն։ Սակայն Հայաստանը փոքր երկիր է. յուրաքանչյուր ոք ունի տեղեկատվության սեփական աղբյուրը‚ և մարդիկ հիմնականում պատկերացնում էին‚ թե ինչ է իրականում կատարվում‚ որտեղով է անցնում ռազմաճակատի գիծը‚ ինչ խնդիրներ կան և այլն։
Եվ հետաքրքիր է‚ որ մեկ ամսվա ընթացքում գրանցվեցին մի քանի դրվագներ‚ որոնց ընթացքում կոնֆորմիստ զանգվածը հանկարծ պայթեց՝ իբր զարմանալով իրական վիճակից։ Ռազմական գործողություններից մոտ 25 օր անց‚ երբ ցույց տրվեց ռազմաճակատի քարտեզը‚ մարդիկ իբրև թե հանկարծակիի եկան՝ տեսնելով ճակատում գրանցված անհաջողություններն ու թշնամու վերահսկողության տակ անցած տարածքները»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: