Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս՝ ՀՀ իշխանությունը կանխորոշեց Արցախի բանտյալ ղեկավարների դատավճիռը. Արման Մելիքյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները France 24-ին տված հարցազրույցում Բաքվի կեղծ «դատավարության» 20 տարվա և ցմահ ազատազրկման դատապարտված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին և նրանց պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելը, նյուրնբերգյան դատավարությամբ մահվան դատապարտված նացիստ առաջնորդների հետ համեմատելը զուտ քարոզչական հայտարարություններ են և քարոզչական պայքար Հայաստանի դեմ։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հետ հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը։
Դիվանագետն ընդգծում է՝ խնդիրն այն չէ, թե որն է ճշմարտությունը, խնդիրն այն է, թե արդյոք կարողանո՞ւմ ես քո ճշմարտությունը հասանելի դարձնել ուրիշներին և համոզել դրանում և՛ միջազգային գործընկերներին, և՛ հակառակորդներին։
«Ադրբեջանն այդ գործը հաջողությամբ անում է, արել է և կշարունակի անել նաև առաջիկայում։ Մենք անընդհատ փորձում ենք արդարությունը հաստատել այլոց միջոցով, ասում ենք, որ մեր նկատմամբ անարդարություններ են գործել, և այդ անարդարության փաստը պետք է ճանաչել, մինչդեռ Ադրբեջանը հաստատում է այն «արդարությունը», որն ինքն ուզում է հաստատել և՛ գործով, և՛ քարոզչական ոլորտում։ Նա իրավիճակ է փոխում և դրա հիման վրա էլ առաջ է տանում իր քարոզչությունը։
Հիմա, երբ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ «Արցախը Ադրբեջանի անքակտելի մասն է», դրանով նաև ազդարարեցին, որ համաձայն են Ալիևի այն պնդումների հետ, որ «Արցախի ղեկավարությունը հանցավոր է», որովհետև «հանդես է եկել ընդդեմ Ադրբեջանի տարածքային ամբողջականության», այսինքն՝ Հայաստանը, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն Արցախով, կանխորոշեց Արցախի բանտյալ ղեկավարների դատավճիռը, այսինքն՝ մասնակցեց դրա ձևակերպմանը և արդարացրեց այդ դատավճիռը», – նշել է Արցախի նախկին արտգործնախարարը։
Ամբողջական հարցազրույցը՝ հետևյալ հղումով։



