«Այդ անձի կողմից եկեղեցու դեմ արշավում պարզապես «հրադադար» է. իր անգիտակից էլեկտորատին այնքան է արհամարհում, որ նման կարգի բաներ է թույլ տալիս». Կարո Վարդանյան

Արդեն երկրորդ շաբաթն է՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ մեկնում է մարզեր՝ քարոզարշավի։ Ճանապարհին էլ կարկանդակ ու կուկուռուզ են ուտում, նկարահանում ու տարածում։ Իշխանության սկսած այս քարոզարշավի ժամանակ ՔՊ-ականները կարծես թե մոռացել են իրենց հակաեկեղեցական արշավը։

Արդյոք պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այս փուլում սեփական վերարտադրության խնդրո՞վ է զբաղված, թե՞ հասկացել է, որ դժվար է պայքարել 1700-ամյա կառույցի դեմ։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախկին տնօրեն, գրող, գրականագետ Կարո Վարդանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ոչինչ էլ չի հասկացել, թեպետ շատ լավ էլ գիտի, որ Առաքելական եկեղեցին ունի դարերի պատմություն։

«Սա այդ անձի կողմից եկեղեցու դեմ արշավում պարզապես «հրադադար» է, նա կատարում էր և՛ թուրքական աշխարհի պատվերը, և՛ իր հավակնությունները՝ եկեղեցուն այնքան թուլացնել, որպեսզի դառնա իր կամակատար։ Նա փորձել է այս ամենը համատեղել, այսինքն՝ հույս ուներ, որ այս պիղծ պայքարն այնպիսի տարածում կգտներ հանրության մեջ, որ իր վարկանիշի վրա դրական ազդեցություն կունենա, բայց տեղի ունեցավ հակառակը։

Կարդացեք նաև

Երբ այդ անձը սկսում է որևէ բան քանդել, ոչնչի առաջ կանգ չի առնում։ Բայց կոնկրետ եկեղեցու դեմ այս արշավը ցույց տվեց, որ դա ուղիղ ազդում է իր վարկանիշի վրա, իրենց չեղած ռեյտինգն ավելի է փոշիանում։ Սակայն այս ամենը չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանն իր հակաեկեղեցական արշավում փոշմանել է ու քաշվել է մի կողմ, ո՛չ։ Նրա ամբողջ նպատակն է՝ վերարտադրվել ու պահել իր աթոռը, եթե Աստված չանի՝ վերընտրվի, բնականաբար, ավելի եռանդով է շարունակելու իր հակաեկեղեցական պայքարը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարո Վարդանյանը։

Մեր զրուցակիցը ցավով արձանագրեց, որ եթե հասարակության լայն շերտերը չեն գիտակցել, թե վերջին 8 տարիների ընթացքում ինչ է եղել իրենց ու երկրի հետ, ապա դժվար թե մինչև ընտրություններ գիտակցեն։ Բայց սա չի նշանակում, որ իշխանությունը վերընտրվելու շատ մեծ շանսեր ունի, հատկապես՝ բնական ճանապարհով։

«Այս ամենը բոլորիս համար պարզ է արդեն, հատկապես նրանց, ովքեր անտարբեր չեն, հետևում են տրամադրություններին։ Սրանք բացարձակապես շանս չունեն։ Բայց մեզ այստեղ մտահոգում է այն, որ այս իշխանությունը կգնա ամեն տեսակի սադրանքների, երեկ բոլորդ էլ տեսաք, ԱԱԾ շենքի մոտ ինչ-որ մեկը ինչ-որ բան էր պայթեցնում, դե, նկարահանողն էլ պատրաստի պատի տակ կանգնած էր՝ նկարեց։ Հասկանո՞ւմ եք, այս մարդն իր անգիտակից էլեկտորատին այնքան է արհամարհում, որ նման կարգի բաներ է թույլ տալիս։ Վախենամ՝ որքան ընտրությունները մոտենան, այնքան այս սադրանքները մեծանան։ Իրենք ասում են՝ 29 տոկոս ձայն կունենան, եթե 29 տոկոսի մասին են խոսում, հազիվ 9 տոկոս հավաքեն»,- հավելեց Կարո Վարդանյանը։

Նա շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանն իր կամակատարների միջոցով՝ կլինի Արամ Սարգսյանը թե մյուսները, շարունակ հանրային լայն շրջանակներում լուրեր են նետում, որպեսզի արձագանքները ստուգեն։ Ինչպես, օրինակ, մի քանի օր առաջ լայնորեն սկսեցին տարածել, թե որոշ ուժերի չի կարելի ընտրություններում գրանցել, քանի որ դրսից են ուղղորդվում, օտար ուժեր են, և այլն։

Այսինքն՝ ընտրություններում հաղթելու հավակնություն ունեցող ուժերին չգրանցելուց մինչև ամենավերջին այլանդակ սադրանքներին կարող են այս իշխանությունները գնալ։

«Եթե ՔՊ-ն տեսնի, որ վարչական ռեսուրսով, սադրանքներով չի անցնում ընտրություններում, չեմ բացառում նաև ֆիզիկական բռնություն, ուժի գործադրում, նկատի ունեմ՝ մեր աչքի առաջ ամեն ինչ պետք է ունենանք»,- ընդգծեց Կարո Վարդանյանը։

Տեսանյութեր

Լրահոս