Պատերազմի առաջին շաբաթվա ավարտին իրավիճակը տրանսֆորմացվում է բոլոր ուղղություններով. «Իրանն այսօր»

«Իրանն այսօր» թելեգրամյան լրատվական ալիքը գրում է. «Մարտական գործողությունները երկարում են, իրավիճակը վերածվում է հյուծման պատերազմի։ ԱՄՆ-ն և Իսրայելը գերակայություն ունեն Իրանի օդային տարածքում, բայց դիմադրությունը չեն կոտրել։

Արևմտյան լրատվամիջոցները ավելի հաճախ են գրում ԱՄՆ և դաշնակիցների հատկապես ՀՕՊ սպառազինության պաշարների նվազման մասին։ Բնականաբար, Իրանում նույնպես այս հարցում խնդիրներ կան, թեև ոչ ոք չի խոստովանում։

Իրանի հրթիռային հարվածները պակասել են, սակայն դրանք ավելի շատ ուղղվում են ամերիկյան թիրախներին։ Իրանցիները փորձում են շարքից հանել հակառակորդների ՀՕՊ միջոցները, որպեսզի ավելի հեռահար հրթիռներով կարողանան ավելի մեծ վնաս հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին։

ԱՄՆ և Իսրայելի նպատակները, հնարավոր է, սկսում են տարբերվել։ Տպավորություն է, որ ԱՄՆ-ում սպասում էին, որ Իրանում համակարգը կփլուզվի կամ արագ կհայտնվի իրենց հետ համագործակցող իշխանություն, և հարցը կփակվի։ Այդպես չստացվեց։ Հիմա պետք է ելք գտնել։

Իսրայելի դեպքում նպատակներն ավելի հստակ տեսանելի են․ նրանք պատրաստ են շարունակել հարվածները մինչև Իրանին զրկեն ապագայում որևէ կերպ իրենց սպառնալու կարողությունից։ Դա կարող է նշանակել մինչև իսկ Իրանում քաղաքացիական պատերազմ, ձախողված պետություն և այլն, միայն թե ոչ կենտրոնական ուժեղ իշխանությամբ պետականություն։

Իրանում պետությունը չքանդվեց։ Զինված ուժերն այս պատերազմին պատրաստվել էին և ապակենտրոնացրել էին կառավարումը։ Սա որոշ դեպքերում բերում է իրարից անտեղյակ և չհամաձայնեցված գործողությունների։ Իրանի նախագահն ու ԱԳ նախարարը նաև դրա հետ են կապել որոշ ուղղություններով հարվածները։

Իրանի կողմից հարվածներից հետո հարևան արաբական երկրները մարտական գործողությունների մեջ չմտան, ինչը նշանակում է, որ Իրանը հասավ իր նպատակին՝ նավթի տեղափոխումը խափանված է, արաբական և մյուս պետությունները դժգոհ են, բայց ակտիվ գործողություններ չեն ձեռնարկում։ Արդյունքում Իրանը կարող է շարունակել այս մեթոդով աշխատանքը։

Հորմուզի նեղուցի փակումը, Իրանի դաշնակից հութիների կողմից Կարմիր ծովով անցումը խափանելու սպառնալիքները, արաբական երկրների տնտեսական կորուստները ստեղծել են իրավիճակ, որ պատերազմն իրոք թանկ է նստում բոլորի վրա։ Եվ խոշոր խաղացողները ստիպված են հաշվի նստել դրա հետ․

ԱՄՆ-ն սահմանափակ մեղմացնում է Ռուսաստանի նկատմամբ սանկցիաները, որ Հնդկաստանը նավթ ստանա,
Չինաստանը միջնորդում է, որ Իրանը թույլ տա Չինաստանի համար նախատեսված էներգակիրների անցումը Հորմուզի նեղուցով։

Այս պետությունները ստիպված են լրացուցիչ ծանր ու թեթև անել պատերազմի շարունակության հետևանքները և գործողություններ ձեռնարկել (քաղաքական ճնշումներ, միջնորդական ջանքեր և այլն)։

Իրանի ինտերնետը շարունակում է անջատված մնալ։ Ներսից ինֆորմացիան դուրս է գալիս գրեթե միայն իշխանության թույլտվությամբ։ Ներսի տրամադրությունները դժվար է հասկանալ։ Բայց իշխանությունը հեռացնելու ակտիվ ու մեծ գործողություններ չեն երևում։

Իշխանության ներսում լուրջ ճեղքում առայժմ տեսանելի չէ, թեև այնտեղ միշտ կան հակասություններ տարբեր թևերի միջև և դրանք այս օրերին էլ ունեն որոշակի դրսևորումներ։ Մոջթաբա Խամենեին դիտարկվում է որպես գերագույն առաջնորդի ամենահավանական թեկնածուն, բայց նրա ընտրությունը հետաձգվում է։

Ավելի նման է, որ Իրանում սպասողական վիճակում են և ժամանակ են ձգում, որ ԱՄՆ-ն դադարեցնի հետագա գործողությունները»։

Տեսանյութեր

Լրահոս