Ցուրտը շարունակվելու է․ Սուրենյանը նշել է այս իրավիճակի դրական կողմը
Այս տարի գարունը շարունակում է ուշանալ, առաջիկա 10 օրերին ջերմաստիճանի առանձնակի բարձրացում պետք չէ ակնկալել։ Այս մասին ասում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Հիշեցնում է՝ եթե անցյալ տարի այս օրերին հանրապետության մեծ մասում դրական ջերմաստիճան էր, իսկ Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը +15-ից +17-ի էր հասնում, ապա այսօր երկրի մեծ մասում ձյուն է տեղում։
«Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը հասնում է 110 սմ-ի։ Վաղը ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումները կլինեն հանրապետության առանձին հատվածներում կարճատև և թույլ։ Մարտի 9-ի ցերեկվանից մինչև մարտի 13-ը Հայաստանի ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ»,-իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասում է Սուրենյանը։
Նա նշում է, որ եղանակի պարզեցման հետևանքով մարտի 10-ի գիշերը հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 3-5 աստիճանով։
Այս ամենը, նրա խոսքով, նաև դրական կողմեր ունի․ լեռներում շարունակվում է ձյան պաշարների կուտակումը, և ուշանում է ծառերի ծաղկումը, իսկ ինչքան ուշանում է ծաղկունքը, այնքան նվազում է ցրտահարման ռիսկը։



