Իշխանությունը պահելու գինը. Ինչ է թաքնված Փաշինյանի հապճեպ որոշման ետևում, որտեղի՞ց է գոյանալու 60 միլիարդ դրամը

Իշխանությունը կորցնելու օրեցօր մեծացող վտանգը ստիպեց Նիկոլ Փաշինյանին թոշակները հապճեպ բարձրացնելու որոշում կայացնել։ Չլիներ այդ վտանգը, թոշակները չէին բարձրացնի։ Բարձրացնող լինեին, բյուջեն ընդունելուց կբարձրացնեին։ Ընդամենը 2 ամիս առաջ են ընդունել բյուջեն ու դրա համար գումար չեն նախատեսել. 2 ամիս հետո որոշում են բարձրացնել թոշակները։

Թոշակառուի կյանքը դժոխքի վերածած իշխանությունն ընտրություններից առաջ «բարի փերի» է խաղում՝ թոշակ է բարձրացնում։

Չի բացառվում, որ ընտրությունների նախօրյակին նվազագույն աշխատավարձն էլ բարձրացնեն։ Հատկապես որ, այդ խոստումն էլ չեն կատարել։

Խոստացել էին նվազագույն աշխատավարձը մինչև 2026թ. դարձնել 85 հազար դրամ։ Արդեն տարիներ շարունակ 75 հազար դրամ է։ Վերջին անգամ 4 տարի առաջ են բարձրացրել։

Կարդացեք նաև

Ընտրություններից առաջ, իշխանությունը կորցելու վտանգները մեծացել են, պատրաստ են ամեն ինչ անել վերարտադրվելու համար։ Ընտրություններից հետո՝ թեկուզ ջրհեղեղ։ Մինչև վերջերս ո՛չ թոշակները, ո՛չ էլ նպաստները բարձրացնելու մասին չէին մտածում։ Ով էլ խոսում էր՝ բերանին էին տալիս, անհեթեթ հիմնավորումներ էին ներկայացնում, թե ինչու չի կարելի բարձրացնել թոշակներն ու նպաստները։

Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ գիտե՞ք՝ ինչքան փող է պետք թոշակները 1000 դրամով բարձրացնելու համար։ Թոշակները չենք կարողանում բարձրացնել, որովհետև թոշակառուները շատ են։

Արսեն Թորոսյանն էլ երեսով էր տալիս, որ թոշակառուները սկսել են ավելի երկար ապրել։

Այն ժամանակ դեռ չէին զգում, թե ինչպես են իշխանության աթոռներն իրենց տակից գնում։ Ընտրությունները որքան մոտենում են, այնքան հասկանում են, որ իրենց բերած կեղծ խաղաղությամբ վերարտադրվելու շանսեր չունեն։ Ժողովուրդը չի հավատում մի խաղաղության, երբ թշնամին աչքը չի կտրում Հայաստանից, ամբողջ Հայաստանն է ուզում, 300 հազար ադրբեջանցիների է ուզում վերաբնակեցնել Հայաստանում, Արցախի ղեկավարներին է դատում, սպառնալիքներ է հնչեցնում, վիրավորում, իսկ Հայաստանի այսօրվա կառավարիչները ծպտուն չեն հանում։

Այսպիսի խաղաղություն էին ուզում ծախել ժողովրդի վրա, բայց հասկացան, որ ժողովրդին դրանով չեն կարողանալու խաբել ու վերարտադրվել՝ անցել են բացահայտ կաշառելուն։

Թոշակների սպասվող բարձրացումը դրա առաջին քայլն է։ Մայիսի 1-ից էլ որոշել են մանկապարտեզներում աշխատողների աշխատավարձերը բարձրացնել։

Առաջիկայում դեռ էլի նման անակնկալներ կլինեն։ Չընտրվելու վտանգն այնքան մեծ է, որ պատրաստ են անգամ ծայրահեղ քայլերի գնալ՝ թեկուզ ընտրություններից հետո երկիրն ու պետական բյուջեն կանգնեցնեն փաստի առաջ։

Ոչնչով երաշխավորված չէ, որ ընտրություններից հետո կարողանալու են բարձրացվող թոշակները վճարել։ Բյուջեում այդպիսի գումար չեն նախատել, հայտնի էլ չէ, թե ինչ գումարների հաշվին են բարձրացնելու թոշակները։ Եթե հույսը տնտեսական աճն է կամ բյուջեի հավելյալ եկամուտները, ապա այս պահին նման հեռանկարներ չեն երևում։ Ավելին՝ մեր տնտեսության վիճակն այնպիսին է, որ եղած անորակ աճերն էլ չափազանց բարձր ռիսկերի տակ են ու շատ անակնկալ կարող են փլվել՝ հանգեցնելով բյուջեի անգամ պլանավորված եկամուտների չստացման։

Թոշակների սպասվող բարձրացումը, որքան էլ հրատապ ու անհրաժեշտ է, նույնքան վտանգներով լեցուն քայլ է, եթե դա չի ուղեկցվելու՝ ինչպես բյուջեի եկամուտների ավելացմամբ, այնպես էլ՝ ծախսերի օպտիմալացմամբ ու արդյունավետ կառավարմամբ։ Այնպես չէ, որ բյուջեն թոշակները բարձրացնելու հնարավորություն չի ունեցել կամ չունի, պարզապես մինչ այդ պետք էր փակել այն բոլոր սողանցքները, որտեղից հոսում, փոշիանում ու կորչում են բյուջեի փողերը։

Առանց դրա, պոպուլիզմով տառապող իշխանությունը, տնտեսական ու բյուջետային տարվա մեկնարկից 3 ամիս հետո, ընտրողների շրջանում կորցրած վարկանիշը հետ բերելու համար՝ լրացուցիչ մեծ ֆինանսական բեռ է դնում բյուջեի վրա։

Սա խնդիր է ոչ միայն այս, այլև հետագայի համար։ Եթե այն, ինչ ասում են թոշակների ու նպաստների բարձրացման առումով, իսկապես իրականանա, դա բյուջեի վրա ամսական լրացուցիչ շուրջ 6.5 մլրդ դրամի ֆինանսական ծախս կառաջացնի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մտադիր են դա անել երկրորդ եռամսյակից, այս տարվա համար անհրաժեշտ կլինի շուրջ 60 մլրդ դրամ։ Եթե բյուջեում այդ գումարն ի սկզբանե դրված լիներ, այլ բան։ Բայց դրված չէ ու պարզ էլ չէ, թե որտեղից են պատրաստվում վերցնել։

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կարող է լինել, եթե բյուջեով նախատեսված եկամուտները չհավաքվեն։ Ի վերջո՝ նման սցենար ոչ մեկը չի կարող բացառել։ Ընդամենը 2 տարի առաջ էր, երբ բյուջեի հարկային եկամուտները շուրջ 222 մլրդ դրամով թերակատարվեցին։ Ո՞վ կարող է երաշխավորել, որ նույնը չի լինելու նաև այս տարի։ Ընտրական տարի է, իսկ ընտրական տարիները միշտ էլ առանձնանում են անկայունությամբ ու ցնցումներով, որոնք բնավ էլ տնտեսության ու բյուջեի օգտին չեն։

Ի՞նչ է լինելու այդ ժամանակ. Պարզ է, որ գնալու են պետական պարտքը մեծացնելու ու դրա հաշվին նախընտրական խոստումները փակելու ճանապարհով։ Այդպես են արել մինչև հիմա, որ պետական պարտքը հասցրել են 8 մլրդ դոլարով ավելացնել։ Որտեղ 8, այնտեղ էլ՝ 10 միլիարդ։ Հայաստանի այսօրվա կառավարիչների համար արգելակներ չկան։ Հանուն սեփական քաղաքական շահերի ու իշխանական աթոռների՝ պատրաստ են զոհաբերել ամեն ինչ։ Այնպես, ինչպես արել են մինչև հիմա, պատրաստ են անել նաև այսուհետ ու դրա համար ոչնչի առաջ կանգ չեն առնում։

Ընտրություններից առաջ հավանաբար հարցումներ են արել, տեսել են, որ չունեն ժողովրդի վստահությունը, հիշել են թոշակառուներին։ Այսքան տարի չէին հիշում, արհամարհում էին, վիրավորում, հիմա հիշել են։

Առաջիկայում այլ սոցիալական խոցելի խմբերի էլ կհիշեն, բայց հետո բոլորի քթներից կբերեն, ինչպես բերեցին նախորդ 5 տարիներին, երբ լուծեցին իրենց վերարտադրության հարցը։ Մի պահ մտովի հետ գնացեք ու հիշեք, թե ինչեր են արել այդ 5 տարիներին։ Նույնիսկ պատերազմում կրած ծանր պարտությունից հետո, շատ ավելի լավ վիճակում էինք, քան հիմա։ Պարտված, բայց կար Արցախը, հայաթափված չէր, Հայաստանն Արցախին կապող միջանցքի փոխարեն էլ՝ Հայաստանը միջանցքի չէին վերածել, Հայաստանից տարածքներ չէին հանձնել, այսքան պարտքեր չէին վերցրել, հարկերը, տուրքերը, այլ վճարները համատարած չէին կրկնապատկել, եռապատկել ու տասնապատկել, թանկ վարկերով չէին խեղդել քաղաքացուն ու տնտեսությանը, դարձրել «վարկի ու տուգանքի մատերիալ»։

Այսքան ժամանակ քաղաքացու ու թոշակառուի մասին չէին մտածում, ընտրություններից առաջ մտածող դարձան։ Ընտրություններից հետո, եթե բախտները բերի ու հանկարծ վերարտադրվեն, այս անգամ Հայաստանից բան չեն թողնելու, ընտրությունների ժամանակ արած «լավությունն» էլ ժողովրդի քթից կբերեն։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս