Իշխանությունը երևի ինքն իրեն համոզել է, որ խաղաղությունն արդեն եկել է, և մենք անթափանց բաճկոն ունենք․ Արթուր Մարտիրոսյան
Իրանը, բացի իր հրթիռային ռազմավարությունից, որը նրա միակ ռազմական հնարավորությունն է, ունի ավելի կարևոր մի ռեսուրս՝ բարոյահոգեբանականը, որը պատերազմներում մեծ նշանակություն ունի։ Իսկ Թրամփի համար կարևորն այն է, որ ընտրողն այս պատերազմը զգալու է իր գրպանի վրա։ Թրամփը եկել էր պատերազմներն ավարտելու խոստումով, նույնիսկ մեղադրում էր Բայդենին և Օբամային, որ նրանք պատերազմներ են սկսել։ Նա ստեղծեց նաև Խաղաղության խորհուրդ և որպես դրա նախագահ՝ պատերազմ սկսեց։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց բանակցային մասնագետ, կոնֆլիկտաբան Արթուր Մարտիրոսյանը։

«Այս իշխանությունը երևի ինքն իրեն համոզել է, որ 100 տարվա խաղաղությունն արդեն եկել է, և մենք ինչ-որ անթափանց բաճկոն ունենք։ Դժվար է ասել՝ ինչո՞վ և ե՞րբ է ավարտվելու այս պատերազմը, բայց մի բան պարզ է՝ Իրանը քարուքանդ է լինում։ Սրանց երևի թվում է, թե ամենալավ քաղաքականությունը լռելն է։ Ցավակցություն հայտնեցին, երբ տեսան, որ Ադրբեջանը և Թուրքիան դա արդեն արել են։ Թուրքիան, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, սպասելու է, տեսնի՝ հաղթող կողմն ով է։ Եթե տեսնեն, որ ԱՄՆ-ը հաղթում է, անելու են այն, ինչ Սիրիայում, այսինքն՝ անվտանգության գոտի են ձևավորելու Իրանի տարածքում»,- ասաց փորձագետը։
«Այս իշխանությունները մեր շահերը մեկնաբանում են հետևյալ կերպ՝ այս ամենը նպաստելո՞ւ է իրենց քաղաքական վերարտադրմանը, թե՞ ոչ, մնացածը կարևոր չէ։ Դրա համար հիմա, ինչո՞ւ ոչ, եգիպտացորեն ու պերաշկի են ուտում, ժողովրդին ցույց են տալիս, իբր ամեն ինչ վերահսկելի և խաղաղ է։ Իսկ միգուցե Իսրայելը և ԱՄՆ-ը փորձեն Ադրբեջանն ավելի ակտիվորե՞ն ընդգրկել պատերազմի մեջ։ Դա չի կարելի բացառել, որովհետև ներսից ապստամբություն հրահրելը չստացվեց։ Ի վերջո, կա այլ խաղաքարտ՝ ազգային փոքրամասնությունները։ Մենք պետք է զուսպ լինենք, լավ հասկանանք մեր ազգային շահերը, միաժամանակ՝ այնպես անենք, որ պատերազմը հանկարծ մեր տարածք չանցնի»,- նշեց Արթուր Մարտիրոսյանը։
Հասարակական գործչի կարծիքով՝ մենք չենք կարող ասել, թե այս պատերազմն ընդհանրապես ոչ մի ազդեցություն չի ունենալու մեզ վրա․ «Մենք հո շվեյցարական Ալպերում նստա՞ծ չենք հետևում, թե ինչ է տեղի ունենում։ Մեզ չեն տեղեկացնում, թե Անվտանգության խորհրդում ի՞նչ որոշումներ են ընդունել, ի՞նչ են մտածում, ի՞նչ տարբերակներ են քննարկում։ Մի՞թե մենք պետք է բավարարվենք միայն նրանով, որ նիստ է տեղի ունեցել։ Թուրքիան հասկանում է, որ եթե Իրանը կարողացան մասնատել, ինքը դրանից պետք է օգտվի, բայց նաև հասկանում է, որ ինքն էլ կարող է Իսրայելի համար թիրախ լինել»:

«Իրանցիներն էլ, ռուսներն էլ կարճատև շահերն ինչ-որ չափով գերադասեցին երկարաժամկետին։ Թուրանն ուղղված է նաև Իրանի դեմ։ Խնդիրը հետևյալն է՝ դու ունե՞ս դիվանագիտություն, որը կարող է ազդել այդ ընկալման վրա, թե՞ ոչ։ Թուրքերն ու ադրբեջանցիները Ռուսաստանում կարողացան ազդել ընկալումների վրա։ Կարելի է հարյուրավոր օրինակներ բերել, երբ պայմանավորվածությունները խախտվել են։ Դժբախտաբար, միջազգային հարաբերություններում, այն էլ՝ այսպիսի աշխարհաքաղաքական իրավիճակում, այլընտրանքներն արագ չեն ձևակերպվում։ Դա երկարատև և շատ ծանր աշխատանք է»,- ասաց Արթուր Մարտիրոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում



