Սուրեն Պապիկյանի կրոնաքաղաքական կաշկանդվածությունը. «անհարմար» հարցեր՝ ԶՈւ հոգևոր ծառայության «կերպափոխման» մասին

Հունվարի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տարածել էր հրաման՝ թվագրված 2026թ. հուլիսի 29-ին, որով ուժը կորցրած է համարվել 2000թ. հուլիսի ՀՀ պաշտպանության նախարարի N 728 հրամանը, որի համաձայն՝ գործողության մեջ էր դրվել «ՀՀ զինված ուժերում Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հոգևոր ծառայության կանոնադրությունը»։ 

Սուրեն Պապիկյանի հրամանում, մասնավորապես, նշվում է. «2026 թվականի փետրվարի 1-ից դադարեցնել ՀՀ ԶՈւ Հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ պաշտպանական համակարգում»:

Այնուհետ ԳՇ պետին հանձնարարվում է, որ մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված և ՀՀ զինված ուժերում ավագ գնդերեցի կամ գնդերեցի զինվորական պաշտոնի նշանակված անձանց կողմից հոգևոր ծառայության իրականացումը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության ընդհանուր համակարգմամբ և ծառայության վայրի զորամասի հրամանատարի անմիջական ենթակայությամբ:

Բացի այս, խոսվում է ՀՀ զինված ուժերում հոգևոր ծառայություն իրականացնելու գործառույթներով ավագ սպայական «մայոր» և կրտսեր սպայական «կապիտան» կոչումային դասակարգմամբ համապատասխանաբար ավագ գնդերեցի և գնդերեցի ոչ հրամանատարական պաշտոններ ստեղծելու մասին, որի դեպքում պարտադիր պայման է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր կրթություն ստացած լինելու հանգամանքը:

Կարդացեք նաև

Ավելի ուշ Սուրեն Պապիկյանը, ով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում է 2021 թվականի նոյեմբերից, ԱԺ-ում լրագրողներին ասել էր, որ բանակում չի կարող լինել երկակի ենթակայություն:

Այս թեմային, իհարկե, մանրամասն անդրադարձել ենք, բայց քանի որ վերևում հիշատակված հրամանի տրամաբանության մեջ կային հարցեր, որոնց հստակ պատասխան պետք է տար ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կամ ՀՀ պաշտպանության նախարարությունը, և դժվար թե այն հնարավոր լիներ բանավոր ձևաչափով, փետրվարի 6-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել պաշտպանական գերատեսչության ղեկավարին՝ պարզելու՝

– ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնավարման ժամանակ և դրանից առաջ խնդիրներ առաջացրե՞լ է բանակում գնդերեցների երկակի ենթակայությունը և կոնկրետ ի՞նչ խնդիր: Եվ այսուհետ, կարո՚՞ղ ենք ասել, որ գնդերեցների վրա տարածվելու է ԶՈւ կանոնագիրքը, ի՞նչ օրենսդրական, կանոնագրքային, կանոնադրական փոփոխություններ է ենթադրում բանակում հոգևոր ծառայության բնույթի փոփոխությունը:

– Եվ քանի որ գնդերեցներին առաջարկվում են զինվորական պաշտոններ և սպայական կոչումներ, նրանք նույնպե՞ս ատեստավորվելու են, ի՞նչ չափորոշիչներով:

– Արդեն հստա՞կ է՝ այսուհետ գնդերեցների հոգևոր ծառայությունն ի՞նչ է ենթադրելու, արդյո՞ք նախկինի համեմատ՝ նրանց ծառայողական պարտականությունները փոփոխությունների են ենթարկվելու, և ի՞նչ փոփոխությունների:

Եվ հաշվի առնելով, որ նույն ժամանակում գնդերեցները պնդում էին, որ Պաշտպանության նախարարությունում գնդերեցների հետ հանդիպում է եղել, որին ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը և այլ պաշտոնյաներ, և որտեղ գնդերեցներին հստակ հարցադրում է եղել՝ միանո՞ւմ են Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու «բարենորոգման» շարժմանը, թե՞ ոչ, մենք մեր գրավոր հարցման մեջ նաև այս թեմային ենք անդրադարձել՝ Սուրեն Պապիկյանին ուղղելով հետևյալ ուղիղ հարցը՝

-ՀՀ Պաշտպանության նախարարությունում հրավիրվե՞լ է գնդերեցների մասնակցությամբ խորհրդակցություն, ե՞րբ է այն տեղի ունեցել, ովքե՞ր են եղել ներկա ԶՈՒ հոգևոր ծառայությունից, և ովքե՞ր՝ ՊՆ և ԳՇ ղեկավար կազմից, ինչի՞ համար է այն հրավիրվել, ի՞նչ է քննարկվել: Կամ՝ եթե նման խորհրդակցություն հրավիրվել է, արդյո՞ք դրան ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ԶՈՒ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Սերյոժա Ստեփանյանը, գեներալ Արտակ Բուդաղյանը, և արդյո՞ք փորձ է արվել ստուգել գնդերեցների վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի՝ Եկեղեցին «բարենորոգելու» կրոնաքաղաքական շարժման վերաբերյալ:

Փետրվարի 12-ին Պաշտպանության նախարարությունից լրացուցիչ ժամանակ խնդրեցին պատասխանելու համար՝ նշելով, որ մեր հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա, միաժամանակ խոստանալով՝ հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

Այսօր մարտի 7-ն է, բայց ՀՀ պաշտպանության նախարարությունից որևէ պատասխան գրություն չենք ստացել:

Նշենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում հստակ նշված է, որ՝ «եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում»:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մասնավոր դրվագների հերքումներից հետո գնդերեցները շարունակում էին մեղադրանքները, որոնց 168.am-ը, ըստ էության, չի անդրադարձել՝ ցանկանալով ներկայացնել նաև Պաշտպանության նախարարության դիտարկումները, ընդ որում, ոչ միայն կոնկրետ մեղադրանքների առնչությամբ, այլև՝ ո՞ր պահից է բանակում երկակի ենթակայությունը խնդիրներ առաջացրել, հատկապես Սուրեն Պապիկյանի պաշտոնավարման օրոք:

Բայց կարծեք՝ պաշտպանության կուսակցական նախարարը կաշկանդվում է մեր հարցադրումներից, կամ՝ դրանց պատասխանը հրապարակման ենթակա չէ, գուցե գնդերեցները չե՞ն ստում:

Այս դեպքում, ինչպես կասեր նաև Սուրեն Պապիկյանը, ամենայն հարգանքով, բայց լռությունը պիտի ընդունենք անուղղակի հաստատում, ինչը գնդերեցների պնդումները դարձնում են միակ կամ բացառիկ ճշմարտություն:

Իհարկե, գուցե փորձեինք հասկանալ Պաշտպանության նախարարի քաղաքական և կուսակցական կաշկանդվածության օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները, բայց հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանը հերքել էր, թե գումարի դիմաց գնդերեցներին առաջարկվել է միանալ Նիկոլ Փաշինյանի՝ Եկեղեցին «բարենորոգելու» օրակարգին՝ ասելով. «Սուտ է, նման բան չկա»:

Իսկ բանակում հոգևոր ծառայության և գնդերեցների վերաբերյալ իր հրամանի համատեքստում էլ վստահեցրել էր.

«Ինչ արված է՝ հրապարակային է, իմ հրամանը ես նույնիսկ բացել եմ, որ տարընթերցումները, հեքիաթները…»:

Մեր հարցադրումների միջոցով մենք փորձում էինք մանրամասներ պարզաբանել, քանի որ դեռևս տարընթերցումներ և կասկածներ կային՝ թե՛ ՊՆ-ում հանդիպման բովանդակության, թե՛ բանակում երկակի ենթակայությունը բացառելու պատճառների, թե՛ նոր կարգավիճակում գնդերեցների պարտականությունների, աշխատավարձի և նրանց ատեստավորման-չատեստավորման հետ կապված:

Բայց արի ու տես, որ Սուրեն Պապիկյանին կաշկանդող և վատ դրության մեջ դնող դրվագները Պաշտպանության նախարարությանը ստիպել են, ըստ էության, հերթական անգամ խախտումների գնալ և 30-օրյա ժամկետում մեր հարցմանը չպատասխանել:

Իսկ Նիկոլ Փաշինյանի ներկա նախընտրական քաղաքական շահը, թերևս, պահանջում է դեռ մի կողմ դնել եկեղեցու հետ կապված պլանները, առնվազն կոշտ քայլերի չգնալ, ինչը, սակայն, չի նշանակում, որ դրանց վերադարձ չի լինելու…

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031