«Երբ թիրախ ենք ընտրում և թվեր ֆիքսում՝ դրանք ոչ թե պետք է օդից վերցվեն, այլ բխեն հաշվարկներից, որը չկա». Տնտեսագետը՝ 2050թ․ ռազմավարության մասին
Սեպտեմբերի 21-ին Մատենադարանում՝ Անկախության 29-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի վերափոխման ռազմավարությունը՝ մինչև 2050 թվականը Հայաստանի զարգացմանն ուղղված համահայկական օրակարգը:
Վարչապետը նշել է, որ երկրում աղքատությունը պետք է հաղթահարվի աշխատանքով, ու պետք է ստեղծվեն նոր աշխատատեղեր, ընդգծելով, որ պետականությունը պետք է դրդի, քաջալերի անհատին կրթության, և այդ կրթության արդյունքում ձևավորված ներուժն աշխատանքով դառնա աղքատության հաղթահարում:
Ըստ վարչապետի՝ պետք է 20-ապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը, և այն ոչ միայն տնտեսական ցուցանիշ է, այլև ժողովրդագրական, կրթական ու աշխատանքային:
«Պետք է սովորելը դարձնել ազգային ապրելակերպ, պետք է յոթնապատկվի միջին աշխատավարձը: Այսօր մենք ունենք բազմաթիվ աշխատատեղեր, որտեղ աշխատող մարդիկ իրենց աշխատավարձով ի վիճակի չեն հոգալ իրենց հոգսերը: Այսինքն՝ այդ աշխատանքը կա, բայց աշխատանքի արդյունքում ձևավորված աշխատավարձը չի բերում այդ ցանկալի էֆեկտին: Միջին աշխատավարձի յոթնապատկումը մեզ համար առաջնային խնդիր է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն անդրադառնալով մինչև 2050 թվականի ռազմավարության տնտեսական հատվածին և սպասվող ակնկալիքներին, նկատեց՝ այդ ռազմավարությունն ավելի շատ բարի ցանկությունների ծրագիր է։
«Ինձ համար մի փոքր դժվար է այն հստակ ռազմավարություն անվանել, այն պատճառով, որ միջնաժամկետ թիրախավորումները հստակ չեն, ու հստակ չի երևում այն ճանապարհը, որով այդ փաստաթղթի հեղինակները պատկերացնում են դրա օգտագործումը։ Տնտեսական ցուցանիշների առումով մեր ներկայիս իրողությունները դեռևս հիմք չեն տալիս նմանատիպ կանխատեսումների համար։ Այսինքն՝ հաշվի առնելով թե՛ ներկա իրավիճակը, թե՛ վերջին տարիներին տնտեսական ոլորտում տեղի ունեցող զարգացումները, ցավոք, չենք կարող վստահությամբ ասել, որ երկրում միջին աշխատավարձը 30 տարում յոթնապատկվելու է, կամ համախառն ներքին արդյունքը 20-ապատկվելու է»,- ասաց Կառլեն Խաչատրյանը։
Ըստ նրա, սովորաբար աշխարհում հայտնի մոտեցում կա, որը կիրառվում է՝ ինչպես պետական խոշոր ծրագրերի, այնպես էլ՝ մասնավոր հատվածի ռազմավարական նմանատիպ ծրագրերի համար։ Հետևաբար՝ նմանատիպ երկարաժամկետ ռազմավարություն ու թիրախներ սահմանելուն զուգընթաց՝ անհրաժեշտ է ֆիքսել կարճաժամկետ միջանկյալ ցուցանիշներ և այդ միջնաժամկետ ցուցանիշին հասնելու համար նախանշել ճանապարհային քարտեզ։
«Եթե մենք ֆիքսում ենք, որ, դիցուք, 30 տարի հետո միջին վիճակագրական քաղաքացին առնվազն 7 անգամ ավելի շատ աշխատավարձ կստանա, քան այսօր է ստանում, մենք պետք է այդ ճանապարհի վրա ֆիքսենք, թե երեք տարի հետո աշխատավարձերը որքան պետք է լինեն, 8 տարի հետո՝ որքան, և այդպես շարունակ։ Նաև՝ ֆիքսելուց բացի, պետք է նախանշեն, թե առաջիկա երեք տարիներին ինչ քայլեր պետք է իրականացնի մասնավոր հատվածը, և պետական հատվածն էլ՝ իր հերթին, որպեսզի այդ դժվար միջանկյալ թիրախին կարողանանք հասնել։ Այսինքն՝ հաջորդ քայլը, այդ միջնաժամկետ ցուցանիշները ֆիքսելը, դրա ճանապարհը նախանշելն է, որի մասին փաստացի որևէ խոսք չհնչեց»,- հավելեց տնտեսագետը։
Հարցին՝ իսկ իրատեսակա՞ն է, որ այդ թվերի մեջ կարող են փոփոխություններ կատարվել, այնպես, որ հնարավոր լինի հավատալ դրանց իրականացմանը, կամ հնարավոր լինի այն իրականացնել, Կառլեն Խաչատրյանը պատասխանեց, որ դժվար է ասել՝ նման փոփոխություններ կարվե՞ն, թե՞ ոչ, քանի որ փաստաթղթի հեղինակները չեն նախանշում այն մեկնարկային կետերը և այն փաստերը, որոնց վրա հիմնվելով են կանխատեսել այս կամ այն ցուցանիշը։
«Տեսեք՝ նշվում է, որ ՀՆԱ-ն պետք է կրկնապատկվի, իսկ ինչո՞ւ չպետք է եռապատկվի, կամ ինչո՞ւ չպետք է աճի մի քանի անգամ։ Այստեղ նման հարցեր կան, որ, երբ մենք թիրախ ենք ընտրում և թվեր ենք ֆիքսում, բնականաբար, դրանք ոչ թե պետք է օդից վերցվեն, այլ բխեն ինչ-որ իրողություններից, հաշվարկներից։ Այդ հաշվարկները չկան, կամ գոնե հրապարակային չեն ներկայացվում, որպեսզի մենք էլ ծանոթանանք և կարողանանք որոշակի դիտարկումներ ներկայացնել դրա վերաբերյալ։ Այդ պատճառով չեմ կարող ասել՝ առաջիկայում այդ թվերը փոփոխման կենթարկվե՞ն, թե՞ ոչ»,- եզրափակեց Կառլեն Խաչատրյանը։