
Ըմբոշխնում են, թե ինչպես են հարստահարում ժողովրդին

Մինչ իշխանությունները ոչինչ չեն անում բանկերի աշխորժակը զսպելու համար, այս տարի էլ բանկային համակարգը մեծ տեմպերով հարստանում է։ Վեց ամսում արդեն հասցրել են 201 մլրդ դրամի շահույթ ստանալ, որն անհավանական բարձր գումար է բանկային համակարգի պատմության մեջ։
Խոսքը զուտ շահույթի մասին է, ինչն այսօվա փոխարժեքով համարժեք է 522 մլն դոլարի։
Բանկերը նախորդ տարվա համեմատ՝ 17 տոկոսով ավելի շատ շահույթ են ստացել։ Եթե անցած տարվա առաջին կեսին բանկային համակարգի շահույթները կազմել էին 172 մլրդ դրամ, այս տարի հասել են 201 միլիարդի։
29 մլրդ դրամով կամ շուրջ 75 մլն դոլարով շահույթներն ավելացել են։
Առաջին տարին չէ, որ բանկերը բարձր շահույթներ են ստանում։ Ընդամենը 3 տարվա ընթացքում բանկային համակարգի շահույթները հասցրել են գրեթե կրկնապատկվել։
Բանկերի շահույթներն աճում են համակարգի թանկ ծառայությունների հաշվին, որն ի վնաս հաճախորդների է։ Վերջին տարիներին բանկերն էապես բարձրացրել են իրենց ծառայությունների գներն ու հաճախորդներին ստիպում են ավելի շատ վճարել՝ դրանցից օգտվելու ժամանակ։ Այդ վճարների հաշվին էլ ապահովվում են համակարգի բարձր շահույթները։ Չկա որևէ կառույց, որը կզսպի բանկերի ախորժակը։
Բանկերի ախորժակը զսպելու փոխարեն՝ իշխանությունները մի բան էլ բանկերին են հովանավորում։ Պետական բյուջեի հաշվին իրականացվող սուբսիդավորումներով մի կողմից՝ բարձր են պահում վարկերի պահանջարկն ու տոկոսադրույքները, մյուս կողմից էլ՝ բյուջեի հաշվին մարում են կուտակվող անհուսալի վարկերը։ Ու այս ամենի մեջ հավանաբար իրենց շահն էլ ունեն։ Պատահական չէ, որ չնայած քաղաքացիների կողմից համատարած հնչող դժգոհություններին, այսքան ժամանակ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չբարեհաճեց խոսել վարկերի բարձր տոկոսների մասին։ Նախկինում լիներ, կասեր՝ բանկերը թալանում են ժողովրդին, հիմա կթալանեն, չեն թալանի՝ հոգը չէ։
Կենտրոնական բանկն էլ է վաղուց ձեռքերը լվացել ու մի կողմ քաշվել։ Վարկային տոկոսներն էժանացնելու նպատակով՝ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն ու իր գործը համարել ավարտված։ Ոչինչ, որ անգամ դրանից հետո վարկերը շարունակում են թանկանալ։
Դեռևս 2023թ. կեսերից Կենտրոնական բանկն իրականացնում է փողի էժանացման քաղաքականություն։ Այդ ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10.75-ից դարձել է 6.75 տոկոս, բայց վարկային տոկոսները դրանից ոչնչով չեն նվազել, նույնիսկ բարձրացել են։
Այսօր բանկերի մինչև 1 տարի ժամկետայնության դրամային վարկերի միջին գինն ավելի բարձր է, քան այն ժամանակ, երբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10.75 էր։ Այն ժամանակ վարկերի միջին տոկոսը 12.60 էր, հիմա՝ 13.99 է։ Այն պարագայում, որ այս ընթացքում Կենտրոնական բանկը 4 տոկոսային կետով իջեցրել է փողի գինը։
Իջեցրել է, բայց դա, ինչպես տեսնում ենք, որևէ ազդեցություն չի ունեցել վարկերի տոկոսների նվազման վրա։ Վարկերը, ընդհակառակը՝ թանկացել են ու այդ թանկացման հաշվին բարձր շահույթներ ապահովել բանկերի համար։
Եթե 2 տարի առաջ բանկերի մինչև 1 տարի ժամկետայնության դրամային վարկերի ու վերաֆինանսավորման տոկոսադրույքի միջև տարբերությունն ընդամենը 1.85 տոկոս էր, այժմ դարձել է 7,24 տոկոս։ Ավելացել է գրեթե 4 անգամ։
Ավանդների ու վարկերի տոկոսադրույքների տարբերությունն էլ է մեծացել։ Ավանդների տոկոսադրույքները նվազել են, վարկերինը՝ բարձրացել։
Ու այս ամբողջը եղել է ի շահ բանկերի։
Բանկերը դադարել են ենթարկվել Կենտրոնական բանկի կարգավորումներին։ Սա, թվում է, թե պետք է անհանգստացներ վերջինիս, սակայն ԿԲ-ն անհանգստանալու առիթ չի տեսնում։ Ավելին, փորձում է անհարկի հիմնավորումներով ՝ արդարացնել վարկերի տոկոսները բարձր պահելու ու դրանց հաշվին հսկայական շահույթներ ստանալու բանկերի վարքագիծը։
Այն շահույթները, որոնք վերջին տարիներին այդպես առատորեն թափվում են բանկերի վրա, հիմնականում տոկոսային եկամուտների տեսքով են։ Խոսքն այն եկամուտների մասին է, որոնք ստացվում են վարկերի տոկոսներից։ Պարզ է, որքան մեծ է բանկերի մարժան, այնքան նրանց շահութաբերության մակարդակն ավելի բարձր է, իսկ շահույթները՝ ավելի շատ։
Բանկերի շահույթները դուրս են գալիս առաջին հերթին քաղաքացիների գրպանից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանկային վարկերի ամենամեծ շահառուները քաղաքացիներն են։ Այս տարվա առաջին 5 ամիսներին բանկերի տրամադրած 405 մլրդ դրամ վարկերից շուրջ 150 միլիարդը եղել են սպառողական վարկերը։ Սրանք այն կարճաժամկետ դրամային վարկերն են, որոնց տոկոսադրույքները, ինչպես նշեցինք, վերջին 2 տարում, չնայած ԿԲ կողմից իրականացված փողի էժանացման քաղաքականության, շարունակել են թանկանալ։ Դրա հետևանքով քաղաքացիները ստիպված են եղել ավելի շատ վճարել՝ նման վարկերից օգտվելու պարագայում։ Այդ վարկերը բանկային համակարգի ամենամեծ պորտֆելն են զբաղեցնում։
Հինգ ամսում 46 միլիարդով էլ ավելացել են հիփոթեքային վարկերը, որոնք ևս քաղաքացիների հաշիվների վրա են ծանրանում։ Որքան դրանք թանկանում են, անքան քաղաքացիների հաշիվներն ավելի արագ են դատարկվում՝ ավելացնելով բանկերի՝ շահույթներ ստանալու հնարավորությունները։
Վարկերից բացի՝ վերջին տարիներին բանկերը բարձր շահույթներ են ստանում նաև միջնորդական ծառայությունների թանկացումից։ Ու չնայած դրանց անհարկի բարձր լինելու վերաբերյալ հնչող դժգոհություններին, ո՛չ քաղաքական իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ո՛չ էլ Կենտրոնական բանկը մատը մատին չեն տալիս։ Թողնում են, որպեսզի բանկերն ուզածի չափ կլպեն քաղաքացիներին ու տնտեսությանը։
Վարկերի ու բանկերի ծառայությունների բարձր գներից տուժում են բոլորը՝ շահում են բացառապես բանկերը, որոնք արագորեն հարստանում են՝ ապահովելով ահռելի շահույթներ բանկերի սեփականատերերի համար։ Ինչպես նախորդ 2 տարիներին, այնպես էլ այս տարի շահութաբերությամբ գերառաջատարը մի բանկ է, որը կապված է Նիկոլ Փաշինյանի կառավարության փոխվարչապետներից մեկի անվան հետ։ Խոսքն «Արդշինբանկի» մասին է, որը դարձել է բանկային համակարգի մոնստրը։
Շահույթների ավելի քան մեկ երրորդը բաժին է ընկել այդ բանկին, ինչը վկայում է բանկային համակարգում բարձր կենտրոնացվածության, թույլ մրցակցության ու ռիսկերի խորանալու մասին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ