
Եկան տուն, Ալիևն ասաց՝ ամեն ինչ այդքան էլ ուրախ չէ, և սրանք 2 օր ընկան ցնցումների մեջ. Լևոն Զուրաբյան
«Աբու Դաբիում մենք տեսանք շատ պատկառելի կազմով դելեգացիա, ժպիտներ, խաղաղության խոստումներ։ Բայց… բոլորը վերադառնում են իրենց տները, և պարզվում է՝ ամեն ինչ այդքան ուրախ չէ։ Ալիևն ասում է՝ ձև չկա, «Զանգեզուրի միջանցքը» բացվելու է, հարյուր-հազարավոր ադրբեջանցիներ պետք է գան Հայաստանում ապրեն, ոչ մի հայ սահմանապահի երես չենք տեսնելու, չենք էլ ուզում, Էրդողանն ասում է՝ Փաշինյանի դիրքորոշումը մեղմացել է… 2 օր ցնցման մեջ լինելուց հետո արձագանքում է Փաշինյանի խոսնակն ու ասում՝ սուտ է, ոչ մի բան էլ չենք զիջելու։ Եթե, ինչպես ներկայացվում էր, շատ պատկառելի տեսքով բանակցում են, հետո ջղային հերքումներ են տալիս, հարց է առաջանում՝ էդ երկուսը նո՞ւյն բանի մասին են բանակցել Աբու Դաբիում, կամ որ բանակցել են, իրար հասկացե՞լ են»,– «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Աբու Դաբիում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բանակցություններին։
Ըստ նրա՝ դա նման է Նիկոլ Փաշինյանի՝ Ստամբուլ կատարած այցին… Կրկին ժպիտներ, լավ ընդունելություն, բայց ուղիղ մի օր հետո հետևում է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) երկրների խայտառակ հայտարարությունը, որի ընթացքում 5 բանաձև ընդունվեց, 5-ն էլ՝ Հայաստանի դեմ։
«Հարց՝ Փաշինյանն ադեկվա՞տ է… ադեկվա՞տ է ընկալում բանակցություններն ու դրանց արդյունքները, երբ հայ-ադրբեջանական բանակցություններից մեկ օր հետո Շուշիում ողջ աշխարհի առաջ Ալիևը ստորացնում է Փաշինյանին։ ՔՊ-ական Լակոտանոցում, ես տեսա, խուճապ էր»,- նկատեց Լևոն Զուրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: