
Պուտինը ստուգել է «Հուլիսյան փոթորիկ» զորավարժությունների ընթացքը և նշել Ռուսաստանի առանցքային խնդիրը

Ռուսաստանը կշարունակի Ռազմածովային նավատորմը համալրել առաջատար տեխնիկայով և բարձրացնել անձնակազմի մարտական պատրաստության մակարդակը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ տեսակապի միջոցով ստուգելով «Հուլիսյան փոթորիկ» զորավարժությունների ընթացքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կշարունակենք բարձրացնել վերջրյա և ստորջրյա նավերի անձնակազմերի, առափնյա և ավիացիոն զորամասերի մարտական պատրաստության մակարդակը, համալրել դրանք ամենաժամանակակից տեխնիկայով և սպառազինությամբ», – ասել է նա։
Ըստ Ռուսաստանի նախագահի, ռազմածովային նավատորմը հսկայական դեր ունի Ռուսաստանի շահերի, ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության գործում, ինչը առանցքային խնդիր է։
«Մեր առանցքային խնդիրն է երաշխավորված ապահովել Ռուսաստանի անվտանգությունը, հուսալիորեն պաշտպանել Հայրենիքի ինքնիշխանությունն ու ազգային շահերը։ Այս գործում հսկայական դեր է վերապահված Ռազմածովային նավատորմին», – ասել է Պուտինը։