
Միջազգային արբիտրաժի որոշման չկատարումը կբերի մեծ բացասական հետևանքների մեր երկրի տնտեսական հեղինակության և վարկանիշի համար․ Նարեկ Կարապետյան
«Միջազգային արբիտրաժի որոշումը գերակա է ներազգային մակարդակում կայացված որոշումների նկատմամբ»,-այս մասին քիչ առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմածնի բակում լրագրողների հետ զրույցում ասաց կալանավորված բարերար, գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը, ով մասնակցում էր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին նվիրված պատարագին։
Պատասխանելով հարցին, թե տոնի խորհրդով պայմանավորված՝ հնարավո՞ր է արդյոք համերաշխություն Հայաստանում, Նարեկ Կարապետյանը պատասխանեց, որ քրիստոնեական եկեղեցու ամենակարևոր խորհուրդը մեղքերից ու սխալներից ապաշխարելն է։
«Եթե շատերն ապաշխարեն և հետ կանգնեն իրենց ոչ ճիշտ մտքերից, ինձ թվում է՝ դա կբերի համերաշխության։ Անսխալական մարդ չկա, պետք է հասկանան, որ սխալվել են, ու դա կարող է բերել համերաշխության, չնայած ես քիչ եմ հավատում այդ սցենարին»,-ասաց Կարապետյանը։
Խոսելով օրերս միջազգային արբիտրաժի կայացրած որոշումից, Սամվել Կարապետյանի եղբորորդին ասաց, թե չեն կարծում, որ իշխանությունը կգնա այնպիսի քայլի, որ չկատարի միջազգային արբիտրաժի որոշումը, քանի որ աշխարհում, բացի մի քանիսից, միայն ամենահետադիմական և տոտալիտար երկրներն են այդպես վարվում։
Նրա որակմամբ, դա կլինի ՀՀ արտաքին, տնտեսական քաղաքական մեծ խնդրահարույց հարց, որը կբերի նաև մեր երկրի վարկունակության հետ կապված խնդիրների, ինչպես նաև շատ այլ խնդիրների։
«Ուստի, ինձ թվում է՝ շրջահայաց տնտեսական քաղաքականություն վարող կառավարությունը վաղ թե ուշ պետք է համաձայնի արբիտրաժի որոշմանը, որպեսզի երկիրը չենթարկի նոր մարտահրավերների»,-նկատեց նա։
Նարեկ Կարապետյանի խոսքով, միջազգային դատարանների որոշումները, ըստ միջազգային նորմերի, որը յուրաքանչյուր իրավաբան կարող է ասել, գերակա է ներազգային որոշումների նկատմամբ։
«Յուրաքանչյուր իրավաբան Ձեզ կասի, որ եթե արբիտրաժը որոշումը կայացրել է, ապա պետք է կատարվի, եթե հապաղում են կամ չկատարման ճանապարհով են գնում, ինչը քիչ հավանական է նորմալ տնտեսական քաղաքականություն վարող երկրի համար, ցավոք, դա կբերի մեծ բացասական հետևանքների մեր երկրի տնտեսական հեղինակության և վարկանիշի համար աշխարհում և Եվրոպայում»,-ասաց նա։
Կարապետյանը չի կարծում, թե ինչ-որ մեկն արբիտրաժի որոշման առկայության դեպքում կգնա նրան, որ փորձի գնել ՀԷՑ-ի բաժնեմասեր։
«Որոշում կա, որ այդ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պատկանում է իր սեփականատիրոջը, որոշում կա, որ պետք չէ օտարել, միջազգային ընկերությունների հետ իրենք չեն կարող բանակցել, իսկ ներազգային ընկերությունները բոլորը հասկանում են, գործարարների հետ ունենք դրական փոխհարաբերություններ, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը նման սխալ քայլի գնա»,-ասաց Նարեկ Կարապետյանը։