Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի իրական ուղերձները. Նաիրյան երկաթե վրեժը. ՄԱՍ 3-րդ

Սույն հոդվածաշարի նպատակն է՝ ցույց տալ Եղիշե Չարենցի իրական գաղափարները «Երկիր Նաիրի» վեպում, որոնց մասին «կրթողները»՝ «Կրթվելը նորաձև է» շարժմանը մասնակցող (նաև դրանից դուրս) մի շարք գրականագետներ և «գրականագետներ», լռում են:

Հոդվածաշարում, որը ունի թեմատիկ տարանջատում և բաղկացած է մի քանի մասերից, մենք խոսում ենք, թե ովքե՞ր են կեղծում Չարենցին, ի՞նչ նպատակով, և ո՞րն է ճշմարտությունը: Քանի որ Չարենցի կենդանության օրոք «Երկիր Նաիրի» վեպն ունեցել է 4 հրատարակություն, մենք այս հոդվածում օգտագործում ենք «Երկիր Նաիրի» վեպի 1932 թվականի հրատարակությունը, որը խմբագրել է Եղիշե Չարենցը, և այն վերահրատարակվել է 2022 թվականին:

Հոդվածաշարի առաջին և երկրորդ մասերն արդեն հրապարակվել են:

Կարդացեք նաև

Մաս 3-րդ

Նաիրյան երկաթե վրեժը

Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպն ունի մի շարք գաղափարական ուղերձներ: Նախորդ հոդվածում մենք ներկայացրեցինք վեպում նաիրյան ստոր և նենգ դավաճանների և նրանց պատժի մասին: Այս հոդվածում կներկայացնենք վեպում առկա մեկ այլ կարևոր գաղափար, ինչը «կրթողները», գրականագետներն ու «գրականագետները» փորձում են շրջանցել:

«Երկիր Նաիրի» վեպում Եղիշե Չարենցը Կարսի անկման, Նաիրիի կործանման հետ մեկտեղ՝ պարբերաբար ընդգծում է նաև պայքարի և վրեժի մասին: Կարսի ազատագրման ու վրեժի մասին վեպի տարբեր հատվածներում պարբերաբար ընթերցում ենք: Սրանով Չարենցն արթուն է պահում հավիտենական հիվանդից՝ թուրքից, ազգային վրեժն առնելու գիտակցումը: Վրեժի առաջին կոչը կարդում ենք վեպի հենց առաջին մասում.

«Եվ նորից, բերդի անառիկ ամրություններից, որպես երկաթյա ահեղ մի սպառնալիք-կելնե, կհառնե ահասաստ, նաիրյան ոգին, կորովը, ուժը հազարամյա-նաիրյան աշխարհի…Ու կվառվի նորից անմար խնդությամբ, կժպտա խնդագին երկիրը հազարամյա-երկիրը Նաիրիի…»: (Չարենց Ե., «Երկիր Նաիրի», Երևան, 2022, էջ 31):

Չարենցը վրեժի միտքը վեպում արտահայտում է տարբեր ժամանակներում: Այդպես էին մտածում «իրական նաիրցիները» (Նույն տեղում, էջ 31) նախքան Կարսի վերջնական անկումը: Չարենցը պարբերաբար կրկնելով այս միտքը, վրեժի կայծը վառ է պահում նաև Կարսի անկման փաստն արձանագրելուց հետո: Այս կետում կարևորն այն գաղափարն է, որ Կարսի ազատագրման գաղափարակիցներն «իսկական նաիրցիներն» են՝ իրական հայերը: Սրա մասին խոսելով (վեպում նմանատիպ հատվածները Չարենցը ներկայացնում է Կարսի տարբեր բնակիչների խոսքերով, զրույցներով, մտածմունքներով)՝ Չարենցը սահմանում է նաև վրեժի բանաձևը՝ երկաթե վրեժ:

«…Օրը կգա և նորից կելնե, կհառնե մշուշից-նաիրյան ոգին: Հաղթ, հաստատ, կիջնի թշնամու գլխին-երկաթե վրեժ»: (Նույն տեղում, էջ 37):

Վրեժի չարենցյան մոդելը վրեժն է ռազմական ճանապարհով, զենքով, պատերազմով: Այդ ամենի հիմքում «Նաիրյան ոգին» է, որի վերածննդի շնորհիվ պայքարի, ազատագրման, երկաթյա վրեժի հիմքերն են դրվելու:

«…Իսկ դժբախտ օրեր շատ անցան հետագայում ինչպես այդ քաղաքի, նմանապես և ամբողջ Նաիրիի գլխից-և չէ՛ին, չէ՛ին կարող, այո՛, այդ դժբախտ օրերը չծնել անձնավորություններ՝ դժբախտ ու հերոսական: Չէ՛ր կարող, օ, ո՛չ այդ դժբախտ օրերի, տարիների հրից, չելնել, հերոսական, չհառնել, պայծառ ու սրբացած-Նաիրյան Ոգին»: (Նույն տեղում, էջ 89):

Թեև ընթերցողի համար կարող է տպավորություն ստեղծվել, որ Չարենցի վրեժի և նաիրյան ոգու վերածնման կոչը վեպում սյուժետային իրադարձության ժամանակի մեջ է, այնուամենայնիվ Չարենցի գաղափարական կոչը հավիտենական է: Չարենցը, վրեժի մասին խոսելիս զատ, բերում է նաև հայկական երկաթյա վրեժի պատմական օրինակ.

«…Վոսփորի դալարագեղ ափերին, սուլթանների լպիրշ մայրաքաղաքում, լիմոնադի խցանի մի նման՝ թավ, թեթև թռավ՝ անսիրտ դիվանագետների ժանգոտած ուղեղներում, որպես նաիրյան, այսինքն «Ընկերության» ոգու ցասումնալից մի ցույց, արդարության բողոք-պայթեց, օդը ցնցեց Բանկը Օտտոման…»: (Նույն տեղում, էջ 118):

Սա հղում է 1896 թվականին զինված հայերի կողմից Կ. Պոլսի բանկի գրավմանը, որը պատմության մեջ հայտնի է «Բանկ Օտոմանի գրավում» անվամբ: Երկաթյա վրեժի հետևանք պիտի լիներ և ազատագրված Երկիր Նաիրին: Այդ երազանք-նպատակը Չարենցը պարբերաբար ներկայացնում է վեպի գլխավոր հերոս Մազութի Համոյի մտածմունքներով, որոնց հանդիպում ենք վեպի տարբեր հատվածներում: Երկիր Նաիրիի հավիտենականությունն ընդգծելու համար Չարենցը ցույց է տալիս, որ Նաիրիի համար մահը, կործանումը դատավճիռ չի դառնում.

«…ազգային եռանդ (էներգիա), որով, և միմիայն որով, կանգուն էր դեռ, չէր հավասարվել հողին, Ասորիքի կամ Բաբելոնի նման, երկիրը հնամյա-հազարամյա Նաիրին……»

«Եգիպտական բուրգերը փոշի կդառնան՝

Արևի պես, երկի՛ր իմ, կվառվես վառման…»: (Նույն տեղում, էջ 188):

Նաիրյան երկաթե վրեժի գաղափարը, բնականաբար, նպատակայնորեն անտեսվում է «կրթողների», գրականագետների և «գրականագետների» կողմից, քանի որ չի բխում «Խաղաղության դարաշրջանի» տրամաբանությունից։

Չարենցը, «Երկիր Նաիրի» վեպում պատմելով Կարսի անկման մասին, միաժամանակ վեպի միջոցով փոխանցում է վրեժի և ազգային դիմադրության գաղափարը։ Նրա պատկերացմամբ՝ վրեժը ռազմական ճանապարհով, պայքարով ու զենքով վերադարձվող արժանապատվության հարց է, որի շարժիչ ուժը Նաիրյան Ոգին է և դրա վերածնունդը: Այդ ոգին նա դիտում է որպես հավիտենական արժեք, որի վերածնունդը կապում է իրական նաիրցիների, այսինքն՝ իրենց հայրենիքի ճակատագրով ապրող, գործող իսկական հայերի հետ: Վեպի գլխավոր հերոս Մազութի Համոյի կերպարով արձանագրվում է այդ պայքարի տեսլականը, իսկ Նաիրի երկիրը Չարենցի համար ենթակա չէ մոռացության կամ պատմական մահվան։ Այսպես, «Երկիր Նաիրի»-ն դառնում է ոչ միայն անցյալի վերլուծություն, այլև ապագայի երազանք՝ հիմնված վրեժի գաղափարի վրա։

Հ.Գ. Իսկ ինչո՞ւ մեր գրականագետները և «գրականագետները» «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում չեն խոսում այս մասին, կամ դրանից դուրս չեն շշնջում ՀՀ ղեկավարի ականջին, որ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի կարևոր ուղերձներից է նաև հավիտենական հիվանդին՝ թուրքին երկաթե վրեժով ոչնչացնելու կոչը:

Արա Զարգարյան

Տեսանյութեր

Լրահոս