Ինչպես էր գերմանացի Հոբոմը ցանկանում Արարատի ստորոտին քաղաք կառուցել և Երևանը բնակեցնել 100.000 գերմանացիներով և իռլանդացիներով

1872 թվականի մայիսի 2-ին «Մշակ» թերթում Րաֆֆին տպագրում է մի հետաքրքիր հոդված՝ «Մի նոր պրոեկտ Երևանի նահանգի դրությունը բարվոքելու համար» վերնագրով:

Հոդվածի վերնագիրն արդեն իսկ հուշում է այդ ժամանակաշրջանում կարևոր և հետաքրքիր իրողությունների մասին: Հետագայում այդ հոդվածը տպագրվում է Րաֆֆու 12 հատորանոց ակադեմիական հրատարակությունում: Այդ հոդվածում Րաֆֆին մանրամասն ներկայացնում է, թե 1870-ականներին մի գերմանացի մեծահարուստ ինչ ծրագրեր ուներ Երևանի հետ կապված: Հոդվածի հենց սկզբում Րաֆֆին ներկայացնում է գերմանացի պարոն Հոբոմի ծրագիրը.

«Մշակի» անցյալ տարվա N 48, մեր ընթերցողը կարդացած կլիներ մի նամակ Վաղարշապատից, որտեղ հաղորդվում էր այն լուրը, որ մի գերմանացի, պարոն Հոբոմ, կամենում է հանձն առնել Երևանի նահանգի անջուր հողերը ջրել, Արփա-Չայ գետից ջուր հանելով: Այժմ մենք լսում ենք, թե այդ պարոնը, որ մի մեծ արտասահմանյան ընկերության ներկայացուցիչ է, առաջարկել է կառավարությանը մի շատ բաղադրյալ պրոեկտ Երևանի նահանգի տնտեսական դրությունը բարվոքելու նպատակով: Նա խնդրում է կոնցեսիա 60 տարով, խոստանալով ջրանցքներ շինել Երևանի նահանգի անջուր հողերի մեջ, տնկել անտառ մոտ 70 հազար դեսյատին հողի վրա, հիմնել գործարաններ (ինչպես օրինակ՝ շաքարի և այլն), հիմնել անգամ ամբողջ մի նոր քաղաք Արարատ սարի ստորոտում, բնակեցնելով այդ քաղաքը գերմանական գաղթականներով, պարտավորվում է բնակեցնել Երևանի նահանգը 100.000 գերմանացի և իռլանդացի գաղթականներով և, վերջապես, նոր քաղաքից երկաթուղի շինել մինչև Թիֆլիս: Այդ տեսակ ձեռնարկություն մինչև այն աստիճան ահագին է և միևնույն ժամանակ հրապուրիչ ապագայի մի պատկեր է ներկայացնում, որ մարդս հազիվ հավատալ է կամենում և հակված է առասպել համարել մի այդ տեսակ պրոեկտ….»: (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ, Երևան, 1991, էջ 194):

Կարդացեք նաև

Ներկայացնելով այդ բացառիկ և հավակնոտ ծրագիրը, Րաֆֆին նաև ցույց է տալիս այդ ամենի վտանգները: Բնակեցնելով Երևանը 100 հազար գերմանացի և իռլանդացի գաղթականներով՝ Երևանի նահանգն այդ ժամանակ կանգնում էր լուրջ խնդիրների առաջ: Այդ բոլոր խնդիրներն ու ռիսկերը Րաֆֆին մանրամասն ներկայացնում է.

«Բայց ճանաչելով այժմյան եվրոպական և ամերիկական համարձակ ձեռնարկությոնները, մենք չենք կարող պ. Հոբոմի առաջարկությունները անիրագործելի համարել….Ժամանակակից գիտությունը հասել է մինչև այն աստիճան կատարելագործության, որ անապատ տեղերում ջուր ստեղծել, բուսականությունից զուրկ երկրներում անտառ առաջացնել, սարոտ տեղերում երկաթուղի շինել հեշտ է, երբ կա աշխատող ուժ, հմտություն և դրամական միջոցներ: Մի բանի մասին միայն մենք թույլ կտանք մեզ քանի մի նկատողություններ անել, այն է՝ պ. Հոբոմից ձեռնարկված օտարազգի գաղաթականության առթիվ: Եթե պ. Հոբոմը ճշմարիտ մի մեծ ընկերության ներկայացուցիչ է և միևնույն ժամանակ հմուտ մի անձ է, մենք համոզված ենք, որ կառավարությունից կոնցեսիա ստանալուց հետո նա կարդարացնե իր վրա դրած բոլոր հույսերը և կկատարե հեշտությամբ իր տված խոստումները, բայց մի բան կա, որ վեր է ամեն հմտություններից և անմատչելի է որևէ դրամական միջոցներին՝ այն է մեր Կովկասի պես երկրի մեջ բերել հարյուր-հազարավոր գերմանական կամ իռլանդական մի ազգաբնակություն, որ սովոր չէ մեր կլիմային: Պետք է ասած որ մեր երկրում զետեղված գերմանական մի քանի գաղթականները, որոնք երկրիս ամենալավ տեղերն են ստացել, հազիվհազ կարողացան ընտելանալ կլիմային, այն էլ երկրորդ, թե երրորդ սերունդին հասնելով….Մինչև վերջին ժամանակ նոքա ճանճերի պես էին մեռնում…»: (Նույն տեղում, էջ 194-195):

Այդ խնդիրների հետ մեկտեղ՝ Րաֆֆին ցույց է տալիս նաև ճիշտ ճանապարհը: Նա ընդգծում է, որ Երևանի նահանգ պետք է տեղափոխել ո՛չ թե գերմանացի կամ իռլանդացի գաղթականների, այլ Պարսկաստանում ապրող հայերին:

«Այդ տեսակ ծանր և դժվար աշխատանքներ Երևանի նահանգի պես մի երկրի մեջ կատարելու ժամանակ պիտի գործ դնել այնպիսի աշխատողներին, որոնք թե՛ պատրաստակամ են աշխատանքներ տանել, թե՛ բնակվելով նույն երկրի մեջ, արդեն ընտելացած լինեին համանման կլիմային: Մենք համարձակապես պնդում ենք, որ պ. Հոբոմը սաստիկ կսխալվի, եթե գերմանացիներին բնակեցնի Երևանի նահանգում և եթե նա կամենում է գործը հաջողակ կերպով առաջ տանելու, ուրիշ ելք չի մնում նրան, եթե ոչ հայերին գաղթել տալ Պարսկաստանից: Հայերը, մանավանդ պարսկաստանցիք, սովոր են Երևանի նահանգին նման կլիմային և հեշտությամբ կգաղթեն: Այդ միակ ժողովուրդն է, որ հարմարվում է իր ֆիզիկակա հատկություններով մեր կլիմային»: (Նույն տեղում, էջ 196):

Րաֆֆու այս բացառիկ հոդվածը լուս է սփռում ան իրողությանը, որ 1870-ականներին գերմանացիները ցանկանում էին մեծ ներդրումներ անելով՝ Երևանն ու շրջակայքը դարձնել եվրոպական քաղաք:

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս