
Օստեոխոնդրոզը՝ գլխացավի, պարանոցային, գոտկային հատվածի ցավի, սրտի ռիթմի խանգարման պատճառ․ լողը, պարն օգո՞ւտ են, թե՞ վնաս
Օստեոխոնդրոզը տարածված հիվանդություն է։ Այն բնորոշվում է միջողային սկավառակի, հարակից հոդային մակերեսների, ողնաշարի կապանային համակարգի վնասումով։ Հիվանդության առաջացման, բուժման մասին զրուցել ենք կինեզիթերապևտ, ռեաբիլիտոլոգ Արամ Նալբանդյանի հետ։
– Ի՞նչ է կինեզիթերապիան և ո՞վ է կինեզիթերապևտը։
– Կինեզիթերապիան, կարճ ասած, բուժում է՝ շարժումների միջոցով։ Այսինքն, առանց դեղորայքի՝ շարժումներով, մկանախմբերի, մկանային համակարգի, կապանների և հոդերի վերականգնողական բուժում է իրականացվում։
– Ո՞ր խնդիրների դեպքում են դիմում կինեզիթերապևտին։
– Խնդիրների ցանկը բազմազան է․ օրինակ՝ հետվիրահատական ռեաբիլիտացիայի, ողնաշարի, հոդերի խնդիրներով հետագայում կարող է զբաղվել կինեզիթերապիան, որպեսզի վերականգնողական բուժումն ավելի լավ ստացվի։
– Գրեթե բոլորն ունեն ցավ պարանոցի, գոտկատեղի հատվածում և հաճախ ասում են, որ սա օստեոխոնդրոզ է։ Ինչի՞ հետևանքով է զարգանում հիվանդությունը։
– Այժմյան տերմիններով օստեոխոնդրոզը կոչվում է ողնաշարի կամ հոդի և աճառային սկավառակի դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխություն։ Խնդիրը երիտասարդացել է, և այսօր ունենք 17-18 տարեկան մարդիկ, որոնց մոտ ախտորոշվում է օստեոխոնդրոզ։ Ավելի բարդ փուլերը տանում են աճառային սկավառակի ճողվածքների, որոնք մեզ հայտնի գրիժաներն են։
– Ինչի՞ հետևանքով է զարգանում հիվանդությունը։
– Մինչ օրս բացահայտված չէ, բայց հիմնականում առաջացման պատճառներից է անշարժ դիրքը․ օֆիսային աշխատանք, երկար նստած հեռուստացույց դիտել, սմարթֆոններով զբաղվել և այլն։ Նույնը հակառակն է․ կարող է առաջանալ առավել շատ աշխատանք կատարելիս։ Այսինքն, պետք է միջինը գտնել։
Մի ժամանակ օստեոխոնդրոզը համարվում էր ավելի շատ ծերունական հիվանդություն, իսկ հիմա 17 տարեկանից սկսած է։ Կապ ունի սնունդը, սակայն հիմնականում առաջանում է նյութափոխանակության խախտման՝ դեգեներատիվ-դիստրոֆիկ խնդիրների հետևանքով։
– Ողնաշարի ո՞ր հատվածներում է առաջանում։
– Բոլոր հատվածներում կարող է առաջանալ։ Առավել հակված են պարանոցային, գոտկային հատվածները, քանի որ ավելի շարժուն են։ Քիչ է առաջանում ողնաշարի կրծքային հատվածում, քանի որ անշարժ է։ Ըստ վիճակագրության՝ առաջին տեղում գոտկային հատվածն է, երկրորդ տեղում՝ պարանոցայինը, երրորդում՝ կրծքայինը։
– Մեջքի ցավը կարո՞ղ է օստեոխոնդրոզի հետևանք լինել։
– Մեջքի ցավի պատճառները տարբեր են։ Կարող է կապանների բորբոքում, աճառային սկավառակի ճողվածք, տվյալ հատվածի մկանային ցավ լինել և այդ դեպքում միանգամից օստեոխոնդրոզ ախտորոշելը սխալ է։
– Ինչպե՞ս է արտահայտվում հիվանդությունը։
– Տարբեր հատվածներում տարբեր կերպ է արտահայտվում։ Պարանոցային և կրծքային հատվածում կարող է արտահայտվել զարկերակային արյան ճնշման տատանումներով, բարձրացմամբ, և այս դեպքում դեղորայքը չի ազդում։ Կարող է արտահայտվել տեսողության վատացմամբ, քրտնարտադրությամբ, պարանոցի հատվածում ցավով, գլխացավով, վերին վերջույթներում ցավով և թմրածությամբ, սրտի ռիթմի խանգարմամբ։
Պարանոցը մեր գլխուղեղի սնուցման համար կամրջի դեր է տանում, և եթե այդտեղ ինչ-որ մի բան խախտվում է, կարող է արյան շրջանառության անբավարարություն լինել։ Չշփոթենք սուր անբավարարության հետ, դրանք ինսուլտներն են։
Գոտկային օստեոխոնդրոզն արտահայտվում է ստորին վերջույթների ցավով և թմրածությամբ, որովայնի խոռոչի ցավերով, աղիների խնդիր կարող է առաջանալ, և այդպես շարունակ։
– Ինչպիսի՞ բուժում է այս դեպքում իրականացվում, և ո՞ր ոլորտի բժիշկների հետ եք համագործակցում։
– Պետք է անհատական բուժում ընտրել։ Որոշվում են օստեոխոնդրոզի աստիճանը և հետևանքները։ Բուժմամբ զբաղվում են կինեզիթերապևտները, ռեաբիլիտոլոգները, նյարդաբանները, բարդ դեպքերում՝ նեյրովիրաբույժները։
Առաջնային ախտորոշումը կատարվում է խորհրդատվության ընթացքում։ Իրականացվում է գործիքային հետազոտություն՝ ռենտգեն, ԿՏ կամ ՄՌՏ, ապա նոր կատարվում է բուժում, որի ընթացքում հաշվի ենք առնում տարիքը, քրոնիկական հիվանդությունների առկայությունը և այլն։
– Կա՞ն վարժություններ, որ մարդը կարող է տանը կամ աշխատավայրում կատարել և խուսափել հիվանդությունից։
– Խուսափելու համար կան վարժություններ, բայց միայն վարժություններով բուժելը, եթե արդեն կա օստեոխոնդրոզ, շատ քիչ է։ Թյուր կարծիք կա մեր ժողովրդի մոտ, որ եթե ողնաշարի խնդիր կա, ուրեմն գնանք լողի կամ պարի՝ կբուժվի։ Ո՛չ։ Լողն ու պարը լավ միջոց են ինչ-որ մի վիճակ պահպանելու համար, սակայն ունենում ենք դեպքեր, որ գալիս են խնդիրը խորացրած վիճակում։
Վարժություններն ընտրվում են բուժառուի հետ խորհրդատվության ընթացքում։ Բոլորին նույն վարժությունները չես կարող տալ՝ հաշվի առնելով օրգանիզմի անհատականությունը, քրոնիկական խնդիրները և այլն։ Երբեմն մարդիկ գալիս են ցավն ավելի խորացած վիճակում, և խորհրդատվության ընթացքում որ հարցնում ենք՝ պարզվում է, որ Youtube-ով վարժություններ են տեսել ու արել։ Ո՛չ, Youtube-ի վարժությունները կարող են մեկ տոկոսին օգնել, մնացածին՝ վնասեն։ Ունենում ենք ինքնուրույն ախտորոշված բուժառուներ, որ գալիս ու ասում են՝ ես ունեմ ողնաշարի աճառային սկավառակի ճողվածք, հարցնում ենք՝ որտեղի՞ց գիտեք, պատասխանում են, թե Google-ով ախտանշանները գրել ենք՝ բերել է։ Տարիներ շարունակ ինքնաբուժությամբ, «հարևանաբուժությամբ» են զբաղվում և արդյունքում բուժման բարենպաստ շեմը շատ ցածր է լինում։
– Ճիշտ բարձ, ներքնակ, աթոռ ընտրելը որքանո՞վ է կարևոր։
– Ճիշտ բարձ հասկացություն գոյություն չունի։ Կան օրթոպեդիկ բարձեր՝ ամենամատչելիից մինչև ամենաթանկ գնով։ Ունենում ենք դեպքեր, որ մարդիկ գալիս և ասում են՝ ինձ մոտ ցավն ինչո՞ւ պետք է խորանա, երբ պարանոցիս հատվածում ցավ սկսվեց՝ օրթոպեդիկ բարձ գնեցի։ Մարդկանց մեկ-մեկ օրթոպեդիկ բարձը որպես բուժիչ մեթոդ են ներկայացնում։ Ես անձամբ գնացել էի ներքնակ գնելու՝ աշխատողն ասաց, թե սա օստեոխոնդրոզ է բուժում։
Այն մարդը, ով 60 տարի շարունակ քնել է նույն անկողնում և ներքնակին, չես կարող փոխել ու միանգամից չորացնել։ Օրինակ, մեկին կինը համոզել էր, որ գնա ու օրթոպեդիկ ներքնակ գնի, ու այդ օրվանից սկսվել էին ոտքի ու մեջքի ցավերը։ Պետք չէ միանգամից անցում կատարել այլ վիճակի։
Հաճախ հարցնում են՝ կարելի՞ է առանց բարձ քնել։ Ո՛չ, չի՛ կարելի։ Բարձ այսպես են ընտրում՝ մարդը պառկում է աջ կամ ձախ կողմի վրա և գլուխը դնում է բարձին, եթե պարանոցային հատվածը հավասար է ողնաշարի կրծքային հատվածին, դա համարվում է իդեալական վիճակ։
– Երբ պարանոցն առաջ եկած է՝ օստեոխոնդրոզի հետևա՞նք է։
– Պարտադիր չէ։ Պարանոցի առաջ լինելը մի քանի խնդրի մասին կարող է խոսել։ Օրինակ գինետիկական կարող է լինել, և ոչինչ չես կարող անել։ Մյուս դեպքերում պարանոցն ունենում է բնական փոսիկ և շատ դեպքերում սա ուղղվում է կամ հակառակը՝ կիֆոզ կուզ է առաջանում, որը պաթոլոգիական խնդիր է ու պետք է ուշադրություն դարձնել և բուժել։
– Կուզ չունենալու համար ինչպե՞ս պետք է նստել։
– Այսօր շատ են ողնաշարի կեցվածքի խնդիրները։ Սովետական Միության ժամանակահատվածում այդքան չի եղել ու պատճառն այն է, որ ուսուցիչները հետևել են, որպեսզի աշակերտներն ուղիղ նստեն։ Սպորտը կար, չհաշված օդը, ջուրը, սնունդը։ Չկար նաև հեռախոս ու հեռուստացույց։ Այսօր հեռուստացույցը միացնում ենք հեռակառավարման վահանակի միջոցով, իսկ այն ժամանակ գնում և միացնում էին։ Շարժը մաքսիմալ քչացել է։ Իսկ որպեսզի կուզ չառաջանա՝ պետք է ուղիղ նստել։ Աթոռին կամ բազկաթոռին պետք է այնպես նստել, որ ողնաշարը չընդունի բազկաթոռի ձև։ Պետք է փոքրիկ բարձ դնել գոտկատեղի հատվածում և հենվել, որպեսզի ողնաշարը ստանա բնական կորությունը։
Շատ դեպքերում լինում են խաբուսիկ կեցվածքի շեղումներ, երբ նայում ես՝ կիֆոզ է առաջացած, բայց մկանների հաշվին, ու տեղ ունի ուղղվելու։
Եթե կա կուզ ու ոսկրացած վիճակ է, և օրգանիզմն արդեն այդ ձևն է ընդունել, ինքնուրույն չեն կարող ուղղել, բուժումներ են հարկավոր։ 50 տարեկան մարդուն չենք կարող ասել՝ եկեք, ձեր կուզը կուղղենք, դա անհնար է։ Կուզն ազդում է սիրտ-անոթային համակարգի վրա, թոքերի ծավալն է փոքրանում, և այլն։
– Սա կարո՞ղ է կապ ունենալ աղերի կուտակման հետ։
– Աղերի կուտակում հասկացություն բժշկության մեջ գոյություն չունի։ Ցավոք, ունենք բժիշկներ, որ ասում են՝ ողնաշարիդ աղի կուտակում կա։ Մարդիկ էլ մտածում են՝ աղ քիչ ուտենք՝ չառաջանա։ Աղի կուտակումը եկել է այն տերմինից, որ ոսկրի դեֆորմացիայի դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխության հետևանքով առաջանում են ինչ-որ գնդիկներ կամ սեղմելուց խրթխրթոցներ, ու այդ խրթխրթոցների հետ աշխատելով՝ աղերը «ցրում» են։
Նաև ինչ-որ մերսումներ են անում մեղրով, մաշկի առաջին շերտը հանում, ասում են՝ աղը դուրս եկավ։ Նման բան գոյություն չունի։
– Օստեոխոնդրոզը վերջնական բուժում ունի՞։
– Ո՛չ։ Եթե արդեն օստեոխոնդրոզ կա՝ վերացնելն անհնար է։ Վերցնենք երկաթի կտորն ու թաղենք խոնավ հողի մեջ։ Մի քանի տարի անց հանենք՝ ի՞նչ կլինի կատարված։ Կլինի ժանգոտած, կողքից գերաճ և այլն։ Պետք է ուղղակի այնպես անել, որ չխորանա վիճակը։ Մարդ կա՝ մեկ անգամ համապատասխան բուժում է ստանում, և 10-20 տարի բուժման կարիք չի լինում, եթե հետևում է ցուցումներին։ Բարդ դեպքերում տարին մեկ անգամ կամ հինգ տարին մեկ բուժման կուրսը կրկնվում է։
Կատարվում են նաև բուժական մերսումներ բժշկի կողմից, հակառակ դեպքում՝ վնասելու են մարդուն։ Կատարվում է նաև մանուալ թերապիա, բուժական ֆիզկուլտուրա, դեղորայքային բուժում, հարված-ալիքային թերապիա և այլն՝ կախված խնդրից։
– Ի՞նչ անել՝ առողջ ողնաշար ունենալու համար։
– Հետևել ողնաշարին՝ շարժվել շատ, բայց չափի մեջ, որովհետև մարդ կա՝ ասում է՝ ես օրը 30.000 քայլ քայլում եմ։ Ո՛չ, դա վնաս է։ Ամեն մարդ ունի իր չափը, դա անցավ՝ վնասելու է իրեն։ Պետք է զբաղվել սիրողական սպորտով, լավագույն տարբերակներից լողն է, որ հավասարաչափ մարզում է մկանները։ Անհրաժեշտ է առողջ սնվել։
– Շատ քայլելու դեպքում գումար են շահում, մրցույթ է, երևի դրանով է պայմանավորված։ Սակայն, ինչպե՞ս մարդը հասկանա, թե իր համար քանի՞ քայլն է լավ։
– Սա այն դեպքն է, որ գուցե ընկնեն գումարի հետևից ու առողջությունը կորցնեն։ Հետո այդ գումարի եռակին տանեն տան, որ բուժվեն, դա էլ ճիշտ չէ։
500-1000 քայլը քիչ է, բայց, ասենք, չի կարելի, որ կոնքազդրային հոդի խնդիր ունեցող մարդը քայլի 6000 քայլ։ Ամեն օրգանիզմ ունի իր չափը։ Արագ քայլքն ամենաճիշտն է՝ կալորիա ծախսելու և օրգանիզմին չվնասելու համար։