Տնտեսական կառուցվածքն էականորեն վատթարացել է․ մեր հիմնական տնտեսական ճյուղերը դարձել են վերարտահանող կազմակերպությունները․ Տնտեսագետ

2025 թ. երկրորդ եռամսյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Մոբայլ Սենթր Արթը»՝ 32,9 մլրդ դրամ մուտքով։ Երկրորդ տեղում «Գրանդ Տոբակո» ընկերությունն է՝ 30,4 մլրդ դրամ մուտքով։ Ցանկի երրորդ տեղում «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունն է` ավելի քան 28 մլրդ դրամ մուտքով։

Խոշոր հարկատուների ցանկում չորրորդ հորիզոնականում «Արդշինբանկն» է՝ 27,9 մլրդ դրամի հարկային մուտքով, հինգերորդում՝ «Ամերիաբանկը»՝ 21,4 մլրդ դրամի մուտքով, իսկ ավանդաբար հարկատուների ցուցակը գլխավորող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վեցերորդ հորիզոնականում է՝ 20,3 մլրդ դրամի մուտքով։

«Ակնհայտ է, որ այս իշխանության օրոք թե՛ ներքին, թե՛ արտաքին տնտեսական կառուցվածքն էականորեն վատթարացել է, որովհետև, փաստացի, մեր հիմնական տնտեսական ճյուղերը դարձել են վերարտահանող կազմակերպությունները»,- 1000 խոշոր հարկատուների հերթական ցանկին ու դրանից բխող տնտեսական միտումներին անդրադառնալով՝ նշեց ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

Տնտեսագետը նկատեց՝ ցանկում տեխնիկա ներմուծող, վաճառող ու արտահանող ընկերությունների, բանկերի առաջմղման գլխավոր պատճառն արտաքին գործոններն են՝ պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտության տնտեսական հետևանքներով։

Կարդացեք նաև

«Տնտեսության կառուցվածքն էապես քամու պես ծռվել է դեպի այդ նույն գործոնի ազդեցություն, որը կարճաժամկետ դրական ազդեցություն թողեց մեր տնտեսության վրա, իսկ հիմա արդեն էապես դժվարանում է, որովհետև այդ ազդեցություններն աստիճանաբար թուլանում են»,- 168.am-ի հետ զրույցում հավելեց նա։

ԶՊՄԿ-ի նահանջը տնտեսագետը ոչ թե պայմանավորեց հանքարդյունաբերության ոլորտի խնդիրներով, այլ վերարտահանող կազմակերպությունների տեսակարար կշռի մեծացմամբ։

«Բայց այժմ, տեսնելով, որ տնտեսական լուրջ դժվարություններ ունեն, իշխանությունը ողջ ծավալով արդեն զարկ է տալու Ամուլսարի հանքավայրին և մնացած բոլոր հնարավոր հանքարդյունաբերության ուղղություններին,  որովհետև տնտեսության իրական հատվածը լուրջ դժվարությունների մեջ է։ Դրա մի մասի կորուստները փորձելու են լրացնել ինչ-որ չափով հանքարդյունաբերության  գերշահագործմամբ»,- մանրամասնեց Թադևոս Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ 2024 թվականի տարեկան տվյալներով՝ Հայաստանի խոշորագույն հարկատուն հանքարդյունաբերող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն էր։ Ընկերությունը տարվա ընթացքում պետական բյուջե է վճարել 102 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 44%-ով։

Երկրորդ խոշոր հարկատուն տեխնիկա ներմուծող, վաճառող և վերջին երկու տարում՝արտահանող «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ն (Mobile Centre) էր։ Ընկերությունը վճարել է մոտ 67 մլրդ դրամի հարկեր, որն աճել է 45%-ով։ Երրորդ տեղում ծխախոտ արտադրող «Գրանդ տոբակո» ՍՊԸ-ն էր՝ 64 մլրդ դրամի հարկերով և 15% աճով։ Հաջորդում էր «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ն, որի հարկերը նվազում են։ Ընկերությունը տարվա ընթացքում վճարել է մոտ 47 մլրդ դրամի հարկեր, անկումը՝ 3.5%: Հինգերորդ խոշոր հարկատուն կրկին տեխնիկա ներմուծող, վաճառող և վերարտահանող «Փրիթի ուեյ» ՍՊԸ-ն էր՝ (VESTA)՝ 36 մլրդ դրամի հարկերով և 9% աճով, ապա՝ վառելիքի առևտրով զբաղվող «Սի Փի Էս էներջի գրուպ» ՍՊԸ-ն, որը վճարել էր 24 մլրդ դրամի հարկեր, աճը՝ 2%:

Տեսանյութեր

Լրահոս