Իշխանության պերճանքն ու չքավորությունը

Համաշխարհային քաղաքական պատմությունը վկայում է մի աքսիոմատիկ ճշմարտություն՝ հասարակական ատելությունը միապետություններ է կործանել, կայսրություններ փլուզել, բռնապետություններ տապալել, գաղութներ ազատագրել, անկախություն հաստատել։ Փաստեր՝ որքան կուզեք:

Այսօր միմյանց նկատմամբ ատելությունը ծփում է հայաստանյան քաղաքական հարթակներում, սոցցանցերում, լրատվամիջոցներում՝ վտանգելով հանրային առողջությունը, արժեզրկելով քաղաքական պայքարը և քայքայելով պետական հաստատությունները: Ուշագրավն ու վտանգավորն այն է, որ Նիկոլ Փաշինյանը որքան իրեն է հնազանդեցնում քաղաքական համակարգը, նույնքան ատելություն է հրահրում ներհանրային կյանքում:

Այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում, մեղմ ասած, ոչ մի աղերս չունի ոչ քաղաքագիտական որևէ տեսության, ոչ էլ երբևիցե կիրառված պրակտիկ իրականության հետ, քանի որ Հայաստանում արդեն ավելորդ է անգամ մտածել կամ երազել քաղաքական բանավեճի, քաղաքական նոր մշակույթի ձևավորման մասին, քանի որ այդ միֆը պայթեց հենց այն օրը, երբ ՀՀ-ում իշխանությունը, սահմանադրական կարգի տապալմամբ, իր ձեռքը վերցրեց Փաշինյանի ռեժիմը։

Ամենևին չփորձելով որևէ քաղաքական ուժի փաստաբանի դերը ստանձնել, ուղղակի նշենք, որ օրեր առաջ ԱԺ դահլիճում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի վարքագիծը խոսեց նրա ցինիզմի մասին և հերթական անգամ վերահաստատեց «մեր դեմ խաղ չկա» հայտնի պնդումը։

Այն փաստը, որ խորհրդարանի ամբիոնից սուպերնախարարության ղեկավարը, ի պատասխան քննադատությունների, հիշեցնում է մի 40-ամյա պատմություն, որի վաղեմությունը վաղուց անցել է, և ոչ մի խոցելի կողմ, ըստ էության, չունի, առնվազն այնպիսի տպավորություն է, որ Արայիկ Հարությունյանը չունի ուժեղ հակափաստարկներ ընդդիմախոսներին հակադարձելու, նրանց մեղադրանքներին պատասխանելու և նման մանիպուլյացիոն էժան հնարքի է դիմում։

Հատկանշական է ընդգծել, որ Հարությունյանի այս պահվածքը հնարավոր է մոռացվեր և չունենար այս աստիճանի արձագանք, եթե այն իր էջում «չծաղկեցներ» Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, թե «դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ»։ Միանշանակ անընդունելի է, երբ նման մեթոդներով Փաշինյանը փորձում է պաշտպանել Հարությունյանին, իսկ ինքն անուղղակիորեն քարոզում է անկիրթ պահվածք, քաղաքական հակառակորդների դեմ անթույլատրելի գործելաոճ, ատելություն, չարություն, անհանդուրժողականություն։

Իրականում ժամանակակից ոչ բռնապետական երկրներում մի կարևոր հանգամանք է գործում. երկրի ղեկավարը (նախագահ կամ վարչապետ) գիտակցում է իր պաշտոնի կամ, ինչպես ընդունված է ասել՝ «գրասենյակի» բեռը, արժեքն ու վեհությունը և իրեն թույլ չի տալիս մանրանալ, հակառակորդների հարցում անձնականացնել ամեն բան, բամբասկոտ կնոջ նման անցյալից կոմպրոմատներ հանել հրապարակ, և բոլոր նրանց, որոնցից օգտվել է, գործընկեր դարձել, հետո` թշնամացել, պետության լծակների ընձեռած հնարավորություններն օգտագործելով` մրոտել, կեղտոտել ու շարքային բանսարկուի պես անվանարկել:

Փաստացի ունենք մի իրավիճակ, երբ իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակած երկրի ղեկավարը և նրա «հեղափոխական առաջնորդ» գաղափարակիցն այս աստիճանի են նվաստացնում սեփական պաշտոնը և մշտապես իջնում հակառակորդների կեղտոտ լվացքն արևին փռող կենցաղային մակարդակի:

Այսքանից հետո կարող ենք եզրահանգել, որ այս որակի քննարկումները դուր են գալիս իշխանություններին, նրանք չեն կարողանում թաքցնել իրենց գայթակղությունը՝ ընդդիմախոսին ստորացնելու, անձնական վիրավորանքների անցնելու։

Այս ամենը խոսում է և միանգամից հանրության առաջ ի ցույց է դնում երկու «հեղափոխական առաջնորդների» պերճանքն ու չքավորությունը, թե ինչպես նրանք կարողացան հանրային ալիքի ու մանիպուլյացիոն հնարքների շնորհիվ գալ իշխանության գլուխ և մի վայրկյանում դավաճանել ու մոռանալ սեփական խոստումներն ու սկզբունքները և դառնալ իրականությունից կտրված քվազիհեղափոխականներ։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս