Բաժիններ՝

«Այս համաճարակն ուշ թե շուտ կանցնի, բայց տգիտության համաճարակը, որը պատել է մեր հասարակությանը, կպահանջի ավելի երկար ժամանակ և շատ ավելի արմատական միջոցներ»․ Ռուբեն Բաբայան

Հարցազրույց Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ

– Պարոն Բաբայան, արտակարգ դրությունը Հայաստանում երկարաձգվում է ևս մեկ ամսով: Արդյո՞ք հնարավոր է հասնել նրան, որ հասարակությունը գիտակցի վտանգի իրական լինելը և պահպանի որոշակի կանոններ, օրինակ՝ փակ տարածքներ դիմակով մտնեն և սոցիալական հեռավորություն պահպանեն։

– Երբ նայում ես, թե ինչպես է մյուս երկրների բնակչությունն այս ամենին վերաբերվում, սկսում ես հասկանալ, որ դա հիմնականում ներքին մշակույթի հարց է, և բոլոր հարցերը չէ, որ պարտադրանքով են լուծվում։ Վերջիվերջո, սեփական անվտանգությունը, հիգիենան, կողքինիդ մասին մտածելն օրենքով չեն լուծվի, լավագույն դեպքում կարելի է ներկայացնել ամբողջ վտանգը։ Բայց իրականում, յուրաքանչյուր մարդ ազատ է, և մեր գործողությունները մեր մտածողության արդյունքն են։

Ես կարծում եմ, որ, իհարկե, ճիշտը դիմակով փակ տարածքներ մտնելն է։ Մենք պետք է հասկանանք, որ սա երկար պրոցես է, միամիտների նման՝ մեզ թվում է, թե այս ամենն արագ կվերջանա, մենք կվերադառնանք նախկին կյանքին։ Իսկապես, պետք է սովորենք ապրել այս պայմաններում։

Այն, որ պարտադիր պետք է փոխենք մեր կյանքը՝ հիգիենայի տեսակետից, ինձ համար միանշանակ է։ Ցավոք, իրականում այս կանոններն ընդունում են այն մարդիկ, որոնց համոզելու կարիք էլ չկա, իսկ նրանք, ովքեր փորձում են ապրել նախկին ձևով, բերելով պատճառներ, հիմնականում նշելով, թե նման բան չկա, ամեն ինչ սուտ է, նրանց գլխին քարոզ կարդալ չի լինում, և կարծում եմ՝ շատ ճիշտ է, երբ աշխատում է պատժիչ համակարգը։

– Մեր շրջապատում շատ են մարդիկ, որոնք ասում են՝ ի՞նչ կորոնավիրուս, սուտ է, նման բան չկա, սարքած բան է, և որևէ կանոն չեն պահպանում պետությունն այստեղ ի՞նչ անի, հո բոլորին չի՞ տուգանելու։

– Ինչ ասում եք՝ դա երկար պրոցես է, չի կարելի մարդուն ասել՝ գիտե՞ս՝ այսօր հրաման ենք տալիս՝ վաղվանից այլևս հիմար չես․ այդպես չի լինում, չէ՞։ Էյնշտեյնն ասում էր՝ երկու բան սահման չունի՝ տիեզերքն ու մարդկային հիմարությունը։ Հիմա պետք է իսկապես պատժիչ մեքենան աշխատի։ Ինչպես աշխատում է Ճանապարհային ոստիկանությունը՝ օրենքով։ Կան մարդիկ, որ չեն խախտում օրենքը՝ ես չեմ խախտում, ես չեմ նայում՝ այնտեղ արագաչափ կա՞, թե՞ ոչ, այնտեղ կա՞ թաքնված կամ չթաքնված, կերպարանափոխված կամ սեռափոխված ոստիկան,  ես ուղղակի խախտում չեմ անում: Բայց կան մարդիկ, որ միայն դրանով են զբաղվում՝ խախտելով, և պարզ է, որ պետք է լինի մեկ մոտեցում՝ դու խախտում ես անում՝ վտանգում ես ուրիշի կյանքը և քո կյանքը, ուրեմն՝ պետք է պատժվես։

Շատ թյուր կարծիք կա, որ պատիժն ու ժողովրդավարությունն իրար հետ կապ չունեն․ շատ լավ էլ կապ ունեն։ Այ, անօրինական պատիժն անօրինականություն է, պատիժն օգտագործել քաղաքական նպատակներով՝ անընդունելի է, բայց պատիժը միանշանակ պետք է լինի, ով խախտում է՝ պետք է պատժվի։ Շատ լավ է, երբ կողքիդ կա հարևան, որի հետ կարող ես համեմատվել․ Վրաստանում շատ կոնկրետ է գործում այդ պատժի համակարգը։ Եվ, վերջիվերջո, քաղաքակրթության գլխավոր պահանջը օրենքի սահմաններում գործելն է։ Մենք հաճախ այդ պահանջը ներկայացնում ենք պետությանը՝ պետություն, իշխանություն, գործեք օրենքի սահմաններում, բայց մենք էլ պետք է օրենքի սահմաններում գործենք։ Այնպես չի լինում, որ դիմացինս պետք է գործի օրենքի սահմաններում, իսկ ես խախտեմ օրենքը՝ հազար ու մի ապուշ արդարացում բերելով, թե ես դրան չեմ հավատում։ Կներեք, կորոնավիրուսը հո Աստված չէ՞, որ հավատաս կամ չհավատաս, ինչո՞ւ ենք մենք առողջապահության հարցերը տեղափոխում հավատքի հարցերի մեջ։

– Նման ճգնաժամային պայմաններում ավելի ակնհայտ չի՞ դառնում հասարակության գիտակցական մակարդակը ի՞նչ քայլեր պետք է արվեն այդ մակարդակը բարձրացնելու համար։

– Այն երկրներն են կարողանում ճգնաժամերն ավելի թեթև հաղթահարել, որտեղ հասարակության գիտակցական մակարդակը բարձր է։ Մենք, ցավոք, այնքան երկար ժամանակ ենք արհամարհել գիտակցական մակարդակը, մշակութային կրթությունը, դա ընկալել ենք որպես ժամանց կամ զվարճանք, և այլն, որ իրականում բախվել ենք նրան, որ մեր հանրությունն այդքան էլ զարգացած չէ։ Եվ հասարակ բաներ, որ պարտավոր է իմանալ և պահպանել յուրաքանչյուրը, մենք դրան վերաբերվում ենք շատ անլուրջ։

Սեփական տգիտությունը ներկայացնում ենք՝ որպես ազգային արժեք. մեր պապերն ապրել են՝ չեն հիվանդացել, կամ կորոնավիրուսն ինչո՞ւ այն ժամանակ չի եղել։ Համացանցն էլ լցված է տարբեր ապուշություններով, չեն կարդում նույնիսկ, թե որևէ նյութ տարածող կայքն ինչ անվանում ունի։ Սա գալիս է նրանից, որ մեր հասարակությունը սովոր չէ ինքնուրույն մտածել, նրան անպայման կուռքեր են պետք։ Կապ չունի՝ կուռքը որ կողմից է, հասարակությունն ուզում է մեկին հավատալ, փոխանակ էլեմենտար ձևով բոլոր փաստերը համադրի, մտածի, հասկանա, որ ճիշտ եզրակացություն անելու համար կրթվել է պետք։

Օրինակ՝ ես ինձ իրավունք չեմ վերապահի խոսել առողջապահության հարցերից, ֆիզիկայից, քիմիայից, բայց երբ նայում ենք՝ այսօր ինչ է կատարվում՝ բոլորը հասկանում են արվեստից, բոլորը հասկանում են առողջապահությունից։ Այն մարդը, որը լավ է տիրապետում իր մասնագիտությանը, հարգանքով է վերաբերվում նաև ուրիշ մասնագիտությունների տեր մարդկանց։ Այդ հարգանքը գալիս է նրանից, որ ես քիթս չեմ խոթում այնտեղ, որտեղից բան չեմ հասկանում, որովհետև ինքս չեմ հանդուրժում, երբ իմ ոլորտ իրենց քիթը խոթում են մարդիկ, որոնք դրանից չեն հասկանում։

Իսկ եթե ես վատ մասնագետ եմ, եթե շատ մակերեսային են իմ գիտելիքները՝ իմ ոլորտում, ես հաճույքով գնում եմ նաև մյուս ոլորտներ, որովհետև, եթե ես, օրինակ՝  կիսագրագետ ռեժիսոր եմ, ապա ինչո՞ւ չեմ կարող դատողություններ անել առողջապահության ոլորտից կամ ֆիզիկայի ոլորտից։ Ես շատ հեշտ եմ, չէ՞, դարձել իմ գործի մասնագետը, որովհետև խորը չեմ ուսումնասիրել, որովհետև գիտելիքներս շատ մակերեսային են, ուրեմն՝ եթե ես հեշտ եմ դարձել՝ ասենք՝ ռեժիսոր, ես հեշտությամբ կարող եմ դատողություններ անել ցանկացած ոլորտից։

Գիտե՞ք՝ այս համաճարակը, իհարկե, ուշ թե շուտ կանցնի, բայց տգիտության համաճարակը, որը պատել  է մեր հասարակությանը, կպահանջի ավելի երկար ժամանակ և շատ ավելի արմատական միջոցներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս