Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Լավրովի վկայակոչած փաստաթղթի մասին չի հարցրել, երեխաների մասին՝ հարցրել է

«Ես և Նիկոլ Փաշինյանը հաճախ չենք սրճում, երեկ ես հրավիրել եմ արտգործնախարարին մեզ մոտ, ԱԺ նիստի ընդմիջմանը, միասին սուրճ ենք խմել և զրուցել ենք: Թեման եղել է այն բոլոր մտահոգությունները, շահարկումները՝ Արցախի հիմնախնդրի հետ կապված: Այսօր էլ վարչապետին էի հրավիրել՝ կրկին նույն թեմայով»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած այսօրվա փակ հանդիպմանը:

Հարցին՝ Արցախի հարցի հետ կապված ի՞նչ է ասել վարչապետը,  Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ այն բոլոր հայտարարությունները, որոնք հրապարակային արվում են, այն է, ինչ կա, դրանից դուրս որևէ բան չկա:

«Արցախի հարցն այն հարցն է, որի դեպքում բոլորս համախմբված ենք: Երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ արված հայտարարությունը՝ կապված հայ ժողովրդի ցանկությունների հետ՝ Արցախի ինքնորոշման, կարգավիճակի վերաբերյալ: Կարծում եմ՝ ժամանակ առ ժամանակ կարիք կա նման քննարկումներ ունենալու, նման ճշտումներ անելու: Արտգործնախարարին երևի մոտ 6 ամիս առաջ ենք հրավիրել մեզ մոտ: Կարճ կարող եմ ասել, որ Արցախի հիմնախնդրով այն շահարկումները, որոնք կան, դրանք ինձ համար ի սկզբանե փարատված էին, հիմա էլ՝ առավել ևս: Այն, ինչը հրապարակային հայտարարվել է, դրանից դուրս, ըստ էության, որևէ մտահոգիչ բան չկա»,- շեշտեց Է. Մարուքյանը:

Ըստ նրա՝ ցանկացած հայտարարություն, որ լինում է՝ շատ ուշադիր հետևում են, և հետևելուն զուգահեռ՝ պետք է կարողանան իրենց դիրքորոշումը մանրամասն ձևակերպել:

Հարցին՝ վարչապետն ասե՞լ է, որ բանակցային սեղանին Արցախի հարցի լուծման փուլային տարբերակ դրված չէ, Մարուքյանը պատասխանեց.

«Այն, ինչը որ ասել է, եթե հրապարակային հայտարարություններից դուրս գալու լինեն՝ դուրս կգան, այսինքն՝ այս պահին ես մտահոգություն չունեմ Արցախի հիմնախնդրի հետ կապված առ այն, ինչը Հայաստանում անդադար շահարկվում է: Սա է իմ հայտարարությունը»:

Հարցին՝ վարչապետն ի՞նչ է ասել, բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ կա՞, թե՞ ոչ, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ ՀՀ արտգործնախարարն այս մասին արդեն ամեն ինչ ասել է: «Ինքս փաստաթղթի մասին բան չեմ խոսել»,- ասաց ԼՀԿ ղեկավարը:
Հարցին՝ փորձե՞լ է վարչապետից ճշտել իր երեկվա խոսքերի ենթատեքստը, թե բանակցում են այն, ինչը պետք է բանակցեն, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ դրա մասին կարող են վարչապետից հարցնել.

«Այսպես հայտարարվեց, որ, եթե լինի որևէ որոշում, կգան խորհրդարան, և հրապարակային կսկսվեն քննարկումներ, կարծում եմ՝ դրան դեռ մենք շատ երկար ենք սպասելու, որովհետև նման որոշման հանգելը, որ բոլոր երեք կողմերն էլ համակարծիք լինեն, չգիտեմ, որքան ժամանակվա խոսակցություն է: Դուք լո՞ւրջ եք վերաբերվում նրան, որ արտգործնախարարին տեսնելիս հարցնում եք՝ կարո՞ղ է Արցախը հանձնում եք, վարչապետին տեսնելիս հարցնում եք, սրան լո՞ւրջ եք վերաբերվում: Ես սրան լուրջ չեմ վերաբերվել, այս պահին էլ լուրջ չեմ վերաբերվում: Եթե Արցախը հանձնելու հարց կառաջանա, իմ երևակայության մեջ Հայաստանում նման իշխանություն չեմ պատկերացնում»,- ընդգծեց նա:

Հարցին՝ 40 րոպե տևած հանդիպման ժամանակ միայն Արցախի հարցի՞ն են անդրադարձել, Մարուքյանը պատասխանեց՝ ոչ:

«Հարցրել ենք նաև, թե երեխեքը ոնց են, ժամանակին նաև մենք շփվում էինք, ընտանիքներ-բան… Մենք ներքաղաքական խնդիրների չենք անդրադարձել, դրա հետ կապված խոսելու բան չունեմ»,- եզրափակեց Մարուքյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս