Ուրսուլան սիրաշահում է Կովկասին- Եվրահանձնաժողովի ղեկավարը Բաքվում և Երևանում քննարկել է էներգետիկան և տրանսպորտը
Հուլիսի 1-2-ը կոռուպցիոն սկանդալների մեջ խրված Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով եղել է Ադրբեջանում և Հայաստանում, ինչը լիովին տրամաբանական է ռուսական տարածքը շրջանցող տրանսպորտային և հաղորդակցության միջանցքների ձևավորմանն ուղղված բրյուսելյան կառույցների մոտեցումների շրջանակներում։
2024-2025 թվականներին Վրաստանի հետ ԵՄ հարաբերությունների լուրջ վատթարացման պայմաններում Բրյուսելը դադարեցրել է ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորումը կովկասյան այս երկրում՝ հայացքն ուղղելով նրա հարավային հարևաններին, որոնք Լեռնային Ղարաբաղի շուրջ 2020-2023 թվականների իրադարձություններից հետո դիտարկվում են՝ որպես պոտենցիալ միասնական լոգիստիկ հանգույց։
Բացի ընդհանուր պաթոսային հայտարարություններից, լինելով Բաքվում, Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ավարտին նա խոստացել է մինչև 200 մլն եվրո դրամաշնորհային գումար հատկացնել Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացմանը «Գլոբալ ցանց» ներդրումային ծրագրի շրջանակներում, ընդ որում, «նախագծերը կարող են ներառել, օրինակ, Նախիջևանով երկաթուղային հաղորդակցության ստեղծումը և Բաքվի նավահանգստի զարգացումը»:
Ենթադրվում է, որ այդ ներդրումները նախաբան կդառնան ևս 2 մլրդ եվրո ներգրավելու համար, սակայն այդ ծրագրերի իրագործելիությունն անհասկանալի է։ Եվրոպացի հյուրն առաջարկել է Բաքվում անցկացնել տարածաշրջանային ներդրումային համաժողով՝ ԵՄ-ի, ինչպես նաև Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների մասնակցությամբ: Հայտնի է՝ Բաքուն, Թբիլիսին և Երևանն ակտիվորեն քաղաքական-դիվանագիտական և առևտրատնտեսական կապեր են հաստատում Կասպից ծովի արևելյան ափին գտնվող հարևանների հետ, և Բրյուսելում ակնհայտորեն ձգտում են «ձեռքը պահել զարկերակի վրա»։
2025 թվականի դեկտեմբերին Նախիջևանում սկսվել են տեղի երկաթուղային ցանցի արդիականացման աշխատանքները։
Միաժամանակ Բաքվի ծովային նավահանգստի թողունակությունը նախատեսում են ավելացնել մինչև 25 մլն տոննա։ Նշված տրանսպորտային հանգույցներն ակտիվորեն առաջ են մղվում Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ որպես, այսպես կոչված, Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու առանցքային տարրեր, որը հայտնի է նաև որպես «միջին միջանցք»։ Ակտաու-Կուրիկ և Բաքու նավահանգիստների միջև կանոնավոր լաստանավային հաղորդակցության հաստատումից բացի, նրան լրացուցիչ կապ կհաղորդի «Թրամփի ճանապարհ» նախագծի իրականացումը, որը Բաքվում կոչվում է «Զանգեզուրի միջանցք»:
Հունիսի սկզբին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ եռակողմ («Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար») նախագծի վերաբերյալ շրջանակային համաձայնագիր է ստորագրել։
Հայաստանի Սյունիքի մարզում սկսվել են տեղազննման աշխատանքները, որով պետք է անցնեն Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի ինքնավարության և Թուրքիայի հետ կապող կոմունիկացիոն գծերը (երկաթգիծ և ավտոմոբիլային ճանապարհ, հնարավոր է՝ օպտիկամանրաթելային մալուխ և այլն): Բրյուսելում ի սկզբանե աջակցում էին այդ նախագծին, որը բխում էր Ադրբեջանի և Թուրքիայի շահերից, և, հավանաբար, Եվրահանձնաժողովի ղեկավարը քննարկում էր դրանում Բրյուսելի հնարավոր ներգրավումը ոչ միայն Բաքվում, այլև Երևանում:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների արդյունքում հնչեցվեցին դրամական օգնության բավականին համեստ թվեր։ Հայաստանը կստանա 18 մլն եվրո՝ ի լրումն ավելի վաղ խոստացված 52 մլն եվրոյի՝ արտաքին առևտրի դիվերսիֆիկացման և 20 մլն եվրոյի՝ «սահմանամերձ համայնքների կյանքի բարելավման» համար, որոնք պետք է կիսել հարևանների հետ։
Մեծահոգաբար խոստացել է, որ վիզային ռեժիմը կչեղարկվի մինչև 2029 (!) տարվա ընթացքում, սակայն արդեն այս աշնանն այս բախտորոշ քայլին պատրաստվածությունը գնահատելու համար սպասվում է գնահատող առաքելություն։ Ընդ որում, ոչ մի իրավական պարտավորություն Բրյուսելի կողմից ԵՄ-ին Հայաստանի հիպոթետիկ անդամակցության հարցում (թեկուզ՝ որպես թեկնածու) ինչպես չի եղել, այնպես էլ չկա։
Այսպիսով, Ֆոն դեր Լայենի՝ Կովկաս կատարած այցի ռեսուրսաէներգետիկ ենթատեքստը, որը սերտորեն կապված է տրանսպորտային նախագծերի հետ, ակնհայտորեն ստվերում է «ժողովրդավարության» և «օրենքի գերակայության» մասին գաղափարախոսական մանտրաները։ 2022 թվականի հուլիսին Բաքու կատարած իր նախորդ այցի ժամանակ, Մոսկվայի վրա պատժամիջոցային ճնշման և ռուսական ածխաջրածիններից հրաժարվելու հռչակված կուրսի խորապատկերին՝ Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարեց Կասպից ծովի ափերից դեպի Եվրոպա ձգվող շուրջ 3500 կմ երկարությամբ, այսպես կոչված, «Հարավային գազային միջանցք» խողովակաշարային համակարգի թողունակությունը մինչև 2027 թվականն առնվազն կրկնապատկելու՝ տարեկան մինչև 20 միլիարդ խորանարդ մետրի հասցնելու մտադրության մասին։ Պետք է խոստովանել, որ որոշակի արդյունքներ են ձեռք բերվել. Ալիևի խոսքով՝ 2022 թվականից հետո ԵՄ գազի արտահանումն աճել է մոտ 65%-ով։
Մերձկասպյան Հանրապետության գազային արտահանման մինչև կեսը գնում է Հարավային և Կենտրոնական Եվրոպայի երկրներ, որոնց ցանկը վերջերս համալրել է Սլովակիան, իսկ բոլորովին վերջերս՝ հունիսի կեսերին, Բեռլինն ու Բաքուն համաձայնագիր են ստորագրել դեպի Գերմանիա ադրբեջանական գազի սվոփային մատակարարումների մասին։ «Այն գազը, որը գերմանական երեք ընկերություններ պայմանագրով ամրագրել են SOCAR-ից՝ տարեկան մոտ 2 միլիարդ խորանարդ մետր, շատ կարևոր է եվրոպական էներգետիկ շուկայի կայունացման համար»,- տեղական լրատվամիջոցները մեջբերում են Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հորլեմանի խոսքերը։
Բացի «ավանդական էներգետիկայից», Ադրբեջանում զարգացնում են նաև այլընտրանքայինը՝ ներգրավելով գործընկերներ ամենատարբեր վայրերից։ Ալիևի խոսքով՝ առաջիկա 5-6 տարիների ընթացքում արտասահմանյան և տեղական ընկերությունների հետ համաձայնագրերը թույլ կտան ներդնել շուրջ 8 գիգավատտ արևային և հողմային հզորություններ, ինչը կնպաստի էներգետիկ գործընկերության ամրապնդմանը: 2024 թվականին Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) միացել է «Նավթագազային մեթանի գործընկերություն» ծրագրին, որն ուղղված է նավթագազային հատվածում մեթանի արտանետումների կրճատմանը: Մեկնաբանելով Բրյուսելի հետ երկխոսության նրբությունները՝ Բաքվի փորձագետները համառորեն ընդգծում են, որ գործընկերներից ակնկալում են կոնկրետ պարտավորություններ և ներդրումներ, այլ ոչ թե խոստումներ և առավել ևս՝ խրատներ:
Մայիսի սկզբին դիմելով Երևանում «Եվրոպական քաղաքական հանրության» գագաթնաժողովի մասնակիցներին (ներառյալ՝ նույն ֆրաու Ուրսուլային), Իլհամ Ալիևն ուշադրություն է հրավիրել Եվրախորհրդարանի և ԵԽԽՎ-ի ապակառուցողական, Բաքվի կարծիքով, դերի վրա, որոնք պարբերաբար ընդունում են քաղաքական դրդապատճառներով բանաձևեր: Ենթադրվում է, որ Եվրահանձնաժողովի և առանձին պետությունների կառավարությունների հետ երկխոսության մեջ շեշտը դրվում է պրագմատիզմի և փոխադարձ շահի վրա։
Կովկասյան տրանսպորտային միջանցքների նկատմամբ եվրոպացիների հետաքրքրությունը պայմանավորված է էներգառեսուրսների, հազվագյուտ հողերի և այլ մետաղների, ուրանի և այլ ապրանքների մատակարարման անհրաժեշտությամբ, որոնք կարևոր են եվրոպական երկրների (առաջին հերթին՝ Գերմանիայի և Ֆրանսիայի) ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար։ Հաշվի առնելով պաշտոնական Բրյուսելի, Բեռլինի և Փարիզի՝ Մոսկվայի հետ տոտալ առճակատման ուղեգիծը՝ շահերի բախումը տեսանելի է անզեն աչքով։ Եվ կա համառ զգացողություն, որ Հարավային Կովկասն այս հակամարտությունից անմասն չի մնա։
Անդրեյ Արեշև
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

