Հայ-ռուսական օրակարգը՝ «կամ-կամ»-ի սկզբունքի տակ. ի՞նչ լուծեց Փաշինյան-Միշուստին հանդիպումը
Վերջին երկու ամիսների ընթացքում հայ-ռուսական հարաբերություններում արձանագրված խորքային և համակարգային ճգնաժամը, որն ուղեկցվում է կոշտ հռետորաբանությամբ, տնտեսական լուրջ սահմանափակումներով, քաղաքական բնականոն երկխոսության ընդհատմամբ, հասել է աննախադեպ լարվածության կետի։
Այս ֆոնին Նիկոլ Փաշինյանի նախօրեի այցը Եկատերինբուրգ և հանդիպումը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ փորձ էր՝ ոչ միայն մասնակցել երկկողմ տնտեսական օրակարգին, այլև՝ վերականգնել երկխոսությունը և կանխել հարաբերությունների հետագա խորացող ճգնաժամը՝ կենտրոնանալով առաջացած տնտեսական խնդիրները լուծելու հարցի վրա։
Փաշինյանը խոսեց հարաբերություններում առաջացած «պրոբլեմատիկ հարցերի» մասին՝ հայտնելով, որ ակնկալում է դրանք «քննարկել և լուծել», իսկ Միխայիլ Միշուստինը հայտարարեց, որ Ռուսաստանն ակնկալում է հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը «բարեկամության, բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու ոգով»։
Փաշինյանը նաև վստահեցրեց՝ Հայաստանը թե՛ ընտրություններից առաջ, թե՛ դրանից հետո հանձնառու է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ։ «Եվ, իհարկե, մենք հետաքրքրված ենք ԵԱՏՄ-ին մեր մասնակցությամբ և ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված մեխանիզմների՝ նախատեսվածի համաձայն գործելու ապահովմամբ»,- ասաց նա։
Միշուստինն էլ ընդգծեց, որ կարևոր է՝ Հայաստանի կառավարությունը շարունակի ստեղծել հարմարավետ միջավայր ռուս ներդրողների համար: Ըստ նրա, Մոսկվան ակնկալում է, որ նրանց իրավունքներն ու օրինական շահերը կհարգվեն:
Հանդիպման փակ հատվածը, բանակցությունները տևել են մեկուկես ժամ։ Սակայն գլխավոր հարցը մնում է բաց. արդյո՞ք Եկատերինբուրգում տեղի ունեցած այս հանդիպումը դարձավ հարաբերությունների վերականգնման, կարգավորման մեկնարկ, թե՞ այն ընդամենը դիվանագիտական դադար էր՝ առանց հայ-ռուսական խորքային հակասությունների քաղաքական լուծման։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, թե չի կարծում, որ այցն իրականում հանգեցրել է երկկողմ հարաբերությունների լուրջ բեռնաթափման, քանի որ Մոսկվայի և Երևանի միջև առկա հակասությունները մնում են հիմնարար ու անփոփոխ։
Նրա խոսքով, Ռուսաստանը քաղաքականությունն ու տնտեսությունը չի տարանջատում, դիտարկում է մեկ համակարգի մեջ, այնինչ հայկական կողմը ներկայումս ցանկանում է պահպանել ՌԴ-ի հետ տնտեսական համագործակցությունը, այսինքն՝ արտոնությունները, օգուտները՝ առանց քաղաքական բաղադրիչի, քանի որ հայտարարում է եվրաինտեգրացիայի ցանկության մասին։
«Մոսկվայի համար հարցը դրված է «կամ-կամ»-ի սկզբունքը՝ պահանջելով Հայաստանից հստակեցնել իր քաղաքական վեկտորը, քանի որ հնարավոր չէ պարզապես ԵԱՏՄ-ն ու Եվրամիությունը համատեղելը։ Ուստի, եթե քաղաքական կողմնորոշումը դեպի ԵՄ է, ապա տնտեսությունն էլ, ենթադրվում է, որ մեկ օր թեքվելու է դեպի այն կողմ, ուստի այսօր ՀՀ-ի ԵԱՏՄ անդամակցությունը ժամանակավոր, ներկայիս տնտեսական խնդիրը լուծող հանգամանք է։
Մյուս կողմից՝ Ռուսաստանի կողմից ԵՄ-ն ընկալվում է որպես անվտանգային և ինտեգրացիոն սպառնալիք»,- ասաց նա։
Խրամչիխինը հիշեցրեց օրերս կայացած եվրոպական բարձրաստիճան այցը ՀՀ։
«Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի Երևան կատարած վերջին այցը ևս վկայեց, որ Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերություններում ամեն բան շատ լուրջ է։ Ուստի նման համակարգային, խորքային քաղաքական անհամաձայնության դեպքում չեմ կարծում, թե այցը և հանդիպումը Միշուստինի հետ լուրջ քաղաքական խնդիր է լուծում։ Ավելի հավանական է կարծել, որ այն լուծում է երկխոսության շարունակականության հարցը, բայց խորքային հակասությունները և քաղաքական խնդիրը պահպանվում են»,- ասաց նա։
Արդյունքում՝ Խրամչիխինի կարծիքով, այս այցը պետք է դիտարկել ոչ թե որպես ճգնաժամի հանգուցալուծում, այլ որպես տակտիկական քայլ՝ սրացումները հետաձգելու և տնտեսական խնդիրները մեղմելու համար։
«Սակայն քաղաքական հարթությունում Հայաստանի՝ դեպի Եվրոպա ակտիվությունը և Ռուսաստանի կողմից ՀՀ-ի առջև դրված պահանջը ստեղծում են հակասությունների մի դաշտ, որտեղ դիվանագիտական հռետորաբանությունն այլևս չի կարող քողարկել բարդ իրավիճակը։ Հայ-ռուսական հարաբերությունների ապագա հանգրվաններից կարող է լինել վերջնական խզումը, եթե կողմերից որևէ մեկը չգնա զիջումների։ Սակայն դա ներկայումս քիչ հավանական է թվում»,- ասաց ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը։

