Բժիշկը նշել է ատամների առողջության համար ամենաօգտակար մթերքները
Շատերը կարծում են, որ ատամների գլխավոր թշնամին շաքարն է, սակայն իրականում առավել վտանգավոր է ոչ թե հենց շաքարը, այլ դրա հաճախակի օգտագործումը։ Այս մասին «Лента.ру»-ի հետ զրույցում հայտնել է ատամնաբույժ-օրթոդոնտ, բժշկական գիտությունների թեկնածուշ OrthoLike կլինիկայի հիմնադիր Անդրեյ Ժուկը։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր անգամ քաղցր սնունդ օգտագործելուց հետո ատամնափառի բակտերիաները արտադրում են թթուներ, որոնք վնասում են ատամի էմալը։ Եթե մարդը հաճախ է քաղցրավենիք ուտում կամ քաղցր ըմպելիքներ խմում, էմալը չի հասցնում վերականգնվել։
Մասնագետը զգուշացրել է, որ ոչ պակաս վնասակար են թթվային գազավորված ըմպելիքները, էներգետիկները, փաթեթավորված հյութերը և նույնիսկ կիտրոնով ջուրը, եթե դրանք օգտագործվում են կանոնավոր։ Թթուն փափկեցնում է էմալը՝ այն դարձնելով ավելի խոցելի մեխանիկական ազդեցության և կարիեսի զարգացման նկատմամբ։
Միաժամանակ կան մթերքներ, որոնք նպաստում են ատամների առողջության պահպանմանը։ Ժուկի խոսքով՝ առաջին հերթին դրանք պինդ բանջարեղենն ու մրգերն են՝ գազարը, խնձորը և նեխուրը, որոնք խթանում են ծամելը, մեծացնում թքարտադրությունը և բնական ճանապարհով մաքրում ատամների մակերեսը։
Ատամների համար օգտակար են նաև կաթնամթերքները՝ պանիրը, կաթնաշոռը և բնական յոգուրտը, քանի որ դրանք հարուստ են կալցիումով և ֆոսֆորով, որոնք անհրաժեշտ են ատամի էմալի ամրության համար։ Բացի այդ, մասնագետը խորհուրդ է տալիս սննդակարգում ներառել ձուկ, ձու, ընկույզ և վիտամին D-ով հարուստ մթերքներ, քանի որ այդ վիտամինը նպաստում է կալցիումի յուրացմանը։
Միևնույն ժամանակ բժիշկը շեշտել է, որ որևէ մթերք չի կարող բուժել արդեն զարգացած կարիեսը։ Ճիշտ սննդակարգը կանխարգելման միջոց է, իսկ ատամների առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ են նաև ամենօրյա որակյալ հիգիենան և ատամնաբույժի կանոնավոր կանխարգելիչ զննումները։

