«Եթե Եվրահանձնաժողովի նախագահն այս փորձը նկատի ունի, ապա վատ փորձ է». փորձագետ
Հուլիսի 2-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այցելել էր Հայաստան։ Կառավարության շենքում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ԵՄ-ն աջակցում Հայաստանին էներգետիկ ոլորտում, ասել էր.
«Էներգակիրների հարցում Հայաստանին անհրաժեշտ է ռազմավարական բազմաշերտ և համապարփակ մոտեցում։
Ահա թե ինչու հաջորդ շաբաթ ԵՄ-ից փորձագետների խումբ կժամանի Հայաստան, մենք հարուստ փորձ ունենք նման իրավիճակի հետ՝ Ուկրաինայում, Մոլդովայում, անցել ենք դրա միջով, մեծ փորձ ենք կուտակել, ինքներս ԵՄ-ում բախվել ենք խնդիրների։ Միևնույն ժամանակ ներդրում ենք անում ռեգիոնալ էներգետիկ անվտանգության մեջ, նոր էներգետիկ փոխկապակցվածության երթուղիներ բացելով և ավելի կուռ ռեգիոնալ էներգետիկ ցանցերի ձևավորմանն աջակցելով։ 25 միլիոն է ներառում այդ ծրագիրը»։
Միջազգային և էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանի խոսքով՝ եթե Եվրահանձնաժողովի նախագահը խոսում է Ուկրաինայի ու Մոլդովայի փորձի մասին, կարող է լինել նաև նույն ԵՄ-ի փորձը, ապա այդ փորձի արդյունքը հետևյալն է՝ ամբողջովին կտրեցին Ռուսաստանից էներգամատակարարումները և բերեցին այլ աղբյուրներից։
«Հիմնականում հեղուկ գազի ներմուծումն էր Միացյալ Նահանգներից, ներմուծումը մեծացվեց Քաթարից, փորձեցին զարգացնել արևային ու քամու էներգիան՝ որպես այլընտրանք ռուսական գազին ու նավթին։ Սա էլ իր հերթին՝ հանգեցրեց նրան, որ էլեկտրաէներգիայի գները 3 անգամ թանկացան։ Այսինքն՝ սա կարող է լինել այլընտրանքն այն ամենին, ինչն այսօր Հայաստանին առաջարկում է ֆոն դեր Լայենը»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Արմեն Մանվելյանը։
Ըստ փորձագետի, հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, մատակարարումներն այլ երկրներից Հայաստան՝ գազի դեպքում առհասարակ հնարավոր չէ։ Հայաստանում հնարավոր է էլեկտրաէներգիայի զարգացումը՝ կապված արևային էներգիայի հետ։ Սակայն փորձագետը վստահ է՝ այս դեպքում էլ, եթե Հայաստանն ամբողջովին կախվածության մեջ հայտնվի արևային էներգիայից, ապա սա նշանակում է, որ էլեկտրաէներգիայի գները նվազագույնը 3 անգամ պետք է բարձրացվեն։
«Եթե Եվրահանձնաժողովի նախագահն այս փորձը նկատի ունի, ապա սա շատ վատ փորձ է, դրանից իր նշած երկրները ոչ մի գրամ չեն շահել, այլ հակառակը՝ տուժել են, բնակչությունն է տուժել, ընկերություններ, տնտեսությունը և այլն։ Առանձնապես իրենք դրական փորձ չունեն, որ մատնանշենք ու ասենք, թե դրական ինչ-որ բան են արել։
Եթե, օրինակ, դադարեցնեն գազի մատակարարումը Ռուսաստանից, սա բերելու է միայն Հայաստանի ընդհանուր վիճակի վատթարացման, ԵՄ-ն սրան այլընտրանք առաջարկելու հնարավորություն չունի։ ԵՄ-ն գազ չունի, հակառակը՝ գազ ներմուծող է, որովհետև նույն ֆոն դեր Լայենը Բաքու էր գնացել, որպեսզի գազի նորանոր պաշարներ գներ, քանի որ նրանք գազի կարիք ունեն։ Դրա համար, երբ հայտարարում են, թե այլընտրանք են առաջարկում Հայաստանին, ավելի շատ քաղաքական փիառ է, քան լուրջ էներգետիկ լուծման առաջարկ»,- ընդգծեց Արմեն Մանվելյանը։

