Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի միայն իր գոյության սպառնալիքի դեպքում․ Պեսկով
Ռուսաստանը պատրաստ է կիրառել միջուկային զենք միայն այն դեպքում, եթե վտանգի տակ հայտնվի իր գոյությունը։ Այս մասին շվեյցարական Die Weltwoche ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը նաև նշել է, որ Ռուսաստանը կարող է հասնել «հատուկ ռազմական գործողության» (Ուկրաինայի դեմ պատերազմի) նպատակներին՝ առանց միջուկային զենք կիրառելու։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի և Բելառուսի համատեղ միջուկային ուժերի վարժանքների ժամանակ հայտարարել էր, որ միջուկային զենքի կիրառումը անվտանգության ապահովման բացառիկ միջոց է։ Նա նաև նշել էր, որ աշխարհում լարվածության մակարդակի պայմաններում միջուկային եռյակը պետք է մնա Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության ինքնիշխանության հուսալի երաշխավորը։
Մինչ այդ ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ Անդրեյ Կոլեսնիկը հայտարարել էր, որ էսկալացիայի դեպքում Կալինինգրադի մարզը պաշտպանելու միակ միջոցը, իր կարծիքով, Եվրամիության երկրների մայրաքաղաքներին միջուկային հարված հասցնելն է։

