Իրաք է ժամանել Իրանի գերագույն առաջնորդի դագաղով ինքնաթիռը՝ սգո արարողությունների անցկացման համար

Իսլամական հեղափոխության զոհված առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի դագաղով ինքնաթիռը ժամանել է Իրաք, որտեղ տեղի կունենան նրա հիշատակին նվիրված սգո միջոցառումներ։

Ինչպես հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը, երեքշաբթի Նաջաֆ քաղաքի օդանավակայան ժամանած ինքնաթիռի տախտակամածին եղել են նաև այաթոլլա Խամենեիի ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված անդամների դագաղները։

Դագաղները կտեղափոխվեն սգո թափորներին մասնակցելու համար, որոնք տեղի կունենան չորեքշաբթի Նաջաֆում և սրբազան Քերբելա քաղաքում։

Ակնկալվում է, որ միջոցառումներին կմասնակցեն միլիոնավոր իրաքցիներ։ Այաթոլլա Խամենեին երկրում հայտնի կրոնական գործիչ էր և ընդօրինակման աղբյուր (մարջա) էր համարվում Իրաքի միլիոնավոր շիա մահմեդականների համար։

Իրաքի վարչապետ Ալի Ալ-Զաիդին չորեքշաբթի ոչ աշխատանքային օր է հայտարարել, որպեսզի իշխանությունները կարողանան ապահովել մասշտաբային սգո միջոցառումների կազմակերպումը։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ևս ժամանել է Նաջաֆի օդանավակայան՝ հրաժեշտի արարողությանը մասնակցելու և Իրաքի ղեկավարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու համար։

Այաթոլլա Խամենեին և նրա ընտանիքի չորս անդամները, ըստ իրանական կողմի հայտարարության, զոհվել են փետրվարի 28-ին՝ Թեհրանում նրա գրասենյակի և նստավայրի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարձակման հետևանքով։

Իրաքում անցկացվող արարողությունները հաջորդում են Իրանում տեղի ունեցած նմանատիպ երկու սգո միջոցառումներին, որոնք անցկացվել էին մայրաքաղաք Թեհրանում և սրբազան Ղոմ քաղաքում։

Այաթոլլա Խամենեիի հուղարկավորությունը նախատեսված է հինգշաբթի։ Նրա մարմինը կհանձնվի հողին Խամենեիի հարազատ քաղաքի՝ Մեշհեդի Իմամ Ռեզայի սրբազան համալիրում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031