Ճգնաժամը ստեղծել են, հիմա էլ «հերոսաբար» պայքարում են դրա հետևանքների դեմ
Իշխանությունները ճգնաժամ են ստեղծել Հայաստանի տնտեսության, մասնավորապես՝ գյուղմթերքի արտահանման համար ու հիմա «հերոսաբար» պայքարում են դրա դեմ։ Աջ ու ձախ պետական բյուջեից փողեր են բաժանում, որպեսզի մեղմեն իրենց բերած ճգնաժամի հետևանքները։ Մի կողմից՝ սուբսիդավորում են տրամադրում արտահանմանը, փոխհատուցում՝ տեղափոխման ծախսերի համար, մյուս կողմից՝ հետաձգում են ջերմոցատերերի, ինտենսիվ այգիների վարկային պարտավորությունները։
Վարկային պարտավորությունները հետաձգել ևս փող արժե և այդ փողն էլի վճարում է պետական բյուջեն։
Մեկ այլ հարց է, թե ինչո՞ւ են որոշել հետաձգել միայն 20 ջերմոցատերերի վարկային պարտավորությունները, երբ բոլորն են վնասներ կրում։ Գուցե՞ սրանում էլ միտում կամ հետաքրքրություններ ունեն։
Փողերը, որոնք պիտի գնային կրթության, պաշտպանության, սոցիալական ոլորտի խնդիրների լուծման ու տնտեսական ծրագրերի իրականացման համար, որոշել են ուղղել տնտեսությանը հասցրած վնասների փոխհատուցմանը։ Խոսքը փոքր գումարների մասին չէ, միլիոնավոր դոլարների մասին է խոսքը, բայց դրանք շատ հեռու են փոխհատուցելու այն հսկայական կորուստները, որոնք այս օրերին կրում է Հայաստանի տնտեսությունը՝ ռուսական շուկայում արտահանման դժվարությունների ու սահմանափակումների պատճառով։
Ռուսական շուկա արտահանման խնդիրների հայկական ապրանքներն առաջին անգամ չէ, որ բախվում են։ Մասնակի դեպքեր եղել են, բայց նման համատարած սահմանափակումներ նախկինում երբևէ չեն եղել։ Դրա հետևանքով տուժում են գյուղացիներները, գյուղմթերք արտադրողներն ու արտահանողները։
Այս վիճակը դեռ ինչքա՞ն կշարունակվի, իշխանությունները չեն համարձակվում ասել։ Բայց որքան այն երկարի, այնքան տնտեսության վնասներն ավելի մեծ կլինեն։ Չնայած հայտարարվող փոխհատուցումներին, դրանք երբեք չեն կարող փակել տնտեսության այն բոլոր կորուստները, որոնք ամեն օրվա հետ առաջանում են ու շարունակելու են առաջանալ, քանի դեռ չեն լուծվել խնդիրներն ու չի հաջողվել վերականգնել կորցրած շուկան։
Տարիներ շարունակ Ռուսաստանի շուկան եղել է հայկական գյուղմթերքի հիմնական սպառողը։ Հայկական ծիրանը, դեղձը, խաղողը, լոլիկը, վարունգը, ինչպես նաև ծաղիկներն ու այլ գյուղատնտեսական ապրանքները մեծամասամբ արտահանվել են հենց այդ ուղղությամբ։ Այդ իրականությունը հայտնի էր բոլորին՝ թե՛ բիզնեսին, թե՛ իշխանություններին։ Սովորաբար նման բարձր կախվածությունը պահանջում է զգուշավոր և հաշվարկված արտաքին ու տնտեսական քաղաքականություն, քանի որ ցանկացած լարվածություն կամ վարչարարական խոչընդոտ կարող է անմիջապես հարվածել հազարավոր արտադրողների եկամուտներին։ Բայց ոչինչ հաշվի չեն առել ու հիմա տասնյակ-հազարավոր տնտեսվարողներ հայտնվել են փաստի առաջ։
Վերջին տարիներին ռուսական շուկա հայկական արտադրանքի արտահանումն էլի է խնդիրների բախվել, սահմաններին են առաջացել խոչընդոտներ, Վրաստանում են բեռնատարները կանգնել օրերով, արտահանողներն են վնասներ կրել։ Այդ ամենի համար մինչև այժմ վճարում էին տնտեսվարողները, հիմա ստիպված է վճարել նաև կառավարությունը, որովհետև այն համակարգային իրավիճակը, որն այսօր առաջացել է, ինքն է բերել։ Դրանում կառավարության ու իշխանությունների պատասխանատվության բաժինը չափազանց մեծ է։ Իրենց քաղաքականությունն է տնտեսությունը հասցրել այդ վիճակին, ու հիմա փորձում են պետական բյուջեի միջոցներով մեղմել ստեղծած ճգնաժամի հետևանքները։
Հարյուրավոր միլիոնների և միլիարդների հասնող աջակցության ծրագրեր են անում, ջերմատնային տնտեսությունների վարկային պարտավորություններն են հետաձգում, տրամադրում են արտոնություններ ու սուբսիդիաներ՝ մոռանալով, որ այդ գումարներն օդից չեն հայտնվում։ Դրանք Հայաստանի քաղաքացիների վճարած հարկերն են, իսկ քաղաքացիներն այդ գումարները չեն վճարել, որպեսզի իշխանավորները փակեն իրենց մեղքով տնտեսությանը հասցրած վնասները։
Ո՞վ չգիտի, որ այս իրավիճակը չէր ստեղծվի ու այդքան գումարներ վատնելու անհրաժեշտություն չէր առաջանա, եթե ոչ միայն հաշվենկատ քաղաքականության վարեին, լուծեին բարձրացվող տեխնիկական խնդիրները, այլև ժամանակին համարժեք քայլեր իրականացրած լինեին ու տնտեսությանը նախապատրաստեին նման սցենարներին։ Առավել ևս, որ լավ էլ գիտեին, թե ո՞ւր են տանում երկիրն ու ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ այդ ճանապարհին։
Ոչինչ չեն արել, ու հիմա բոլորս վճարում ենք իշխանությունների անգործության ու արկածախնդրության համար, վճարում ենք պետական բյուջեի միջոցների հաշվին։ Այդ միջոցներով հնարավոր էր կառուցել դպրոցներ, վերանորոգել մանկապարտեզներ, բարձրացնել կրթության որակը, ամրապնդել պաշտպանության համակարգը, ավելացնել սոցիալական աջակցության ծրագրերը, զարգացնել առողջապահությունը։
Փոխարենը, վնասներն են փակում, որոնք առաջացել են իրենց տնտեսական ու քաղաքական սխալ հաշվարկների հետևանքով։ Արդյունքում՝ քաղաքացիները կրկնակի են վճարում․ մի կողմից՝ կրում են առաջացած ճգնաժամի հետևանքները, մյուս կողմից՝ իրենց վճարած հարկերով ֆինանսավորում են այդ նույն ճգնաժամի հասցրած վնասները։
Ամենամեծ խնդիրն այն է, որ նույնիսկ այս ծախսերը չեն ապահովում ցանկալի արդյունք։
Իշխանությունները պարբերաբար հայտարարում են արտահանման շուկաների դիվերսիֆիկացման մասին, խոսում են Եվրոպայի, Մերձավոր Արևելքի կամ այլ ուղղությունների հնարավորությունների մասին, սակայն իրականությունը շատ ավելի տխուր է։ Հայկական գյուղմթերքի մեծ մասի համար այդ շուկաներում պահանջարկը սահմանափակ է, լոգիստիկան՝ թանկ, մրցակցությունը՝ բարձր։ Եթե նույնիսկ որոշ արտահանումներ դեպի այլ երկրներ իրականացվում են, դրանց ծավալները չեն կարող համեմատվել ռուսական շուկայի հետ։ Մի քանի խմբաքանակի կամ առանձին գործարքների մասին հաղորդագրությունները չեն փոխում ընդհանուր պատկերը։
Ակնհայտ է, որ գյուղատնտեսությունը հայտնվել է բարդ իրավիճակում, իսկ պետական բյուջեն վերածվել է իշխանությունների թույլ տված սխալների ֆինանսավորման գործիքի։ Մինչ կրթությունը, պաշտպանությունը, առողջապահությունն ու սոցիալական ոլորտը շարունակում են ունենալ լրացուցիչ ֆինանսավորման կարիք, պետական միջոցներն ուղղվում են կառավարության ձախողված քաղաքականության հետևանքները ծածկելուն։
Իսկ այդ ընթացքում գյուղացին, ջերմատան սեփականատերն ու ծաղիկ արտադրողը սպասում են առաջին հերթին՝ ոչ թե կառավարության փոխհատուցմանը, այլ կայուն շուկայի, կանխատեսելի միջավայրի և այնպիսի պետական քաղաքականության, որը ոչ թե ճգնաժամեր է ստեղծում, այլ կանխում է դրանք։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

