Բաժիններ՝

Հայր մեր. Աստված անուն ունի՞

«Սուրբ եղիցի անուն Քո». Արարիչն ունի՞ անուն, եթե Աստված սուրբ է, ինչո՞ւ ենք խնդրում Նրա անվան սրբաբանումը, մեկնաբանում է Արշավիր Գաբուճյանը:

Ի՞նչ է նշանակում Աստծո անուն

«Մեծ նշանակություն ունի անունը, որը մարդիկ ընկալում են՝ որպես կոչում: Աստվածաշնչում մենք տեսնում ենք ոչ թե պարզապես հատուկ անուններ, այլ դրանց մեջ տեսնում ենք տվյալ անձերի կենսագրությունները, նրանց էությունը, նկարագիրը, անհատականությունը։ Օրինակ՝ Աբրահամ, նշանակում է՝ ժողովուրդների հայր: Այս անվան մեջ կա նրա ճակատագիրը, կոչումը: Ցանկացած անուն, կապված Աստծո հետ, հատուկ անուն չէ, այլ բացահայտում է Նրա էությանը բնորոշ գծերը: Մենք ասում ենք՝ Բարձրյալ, որովհետև Նա բարձունքների բնակիչ է, ասում ենք՝ Հավիտենական, որովհետև Նա աշխարհի ստեղծագործությունից առաջ գոյություն ուներ և գոյություն կունենա աշխարհի վախճանից հետո, դիմում ենք Նրան՝ Տեր՝ իբրև թագավորի»:

Ի՞նչ է նշանակում՝ Եհովա, Յահվե

Կարդացեք նաև

«Հիշատակվում է խորհրդավոր մի անուն՝ Եհովա կամ Յահվե, որը նույն անունն է: Յահվեն եբրայերեն է և հետագայում դարձել է՝ Եհովա: Մենք չգիտենք այս անվան հստակ հնչյունաձևը, առոգանությունը, որովհետև եբրայերենում բաղաձայնային այբուբեն էր, որտեղ ձայնավորներ չկային, այլ կային ձայնանիշեր: Նրանք նաև Աստծո անունը, համաձայն՝ տասնաբանյա պատվիրանների 2-րդ կանոնի՝ չէին օգտագործում: Յահվե անունը կազմված է եբրայերեն՝ «եմ» էական բայից:

Մենք այս անվանը ծանոթ ենք Աստվածաշնչի «Ելք» գրքից. Տերն Իրեն կոչել է այդպես, ինչը թարգմանաբար նշանակում է՝ «Ես այն եմ, որ ԵՄ» («Ես եմ Աստված, որ Է». Ելք 3:14): Պետք է նշել, որ այս անվան ակունքները շատ ավելի առաջ են, քան Մովսես։ Այս անվան ձևը ծանոթ է եղել նահապետներին։ Մենք հանդիպում ենք այս անվան տարբեր ձևերին: Հիմա հարց. արդյո՞ք սա հատուկ անուն է, թե՞ Աստծո ներկայությունը, հավիտենականությունը նշող մի արտահայտություն, որը բացահայտում է Նրա էությունը: Էլ, Էլոհիմ և Աստծուն բնորոշող մյուս անուններն ավելի վերացական հասկացություններ են, մինչդեռ Յահվե տարբերակն արտահայտում է մարդկանց հետ անձնական և սերտ հարաբերություն»:

Ինչո՞ւ ենք խնդրում Նրա անվան սրբաբանումը, եթե Աստված սուրբ է

«Այո, Աստված սուրբ է։ Ի՞նչ է նշանակում սուրբ՝ անթերի, առանց մեղքի, մաքուր, անարատ։ Սա է մեր ընկալումը։ Սուրբ, առաջին հերթին, նշանակում է զատված կամ տարբեր, բաժանված ուրիշներից: Երբ ասում ենք՝ թող սուրբ լինի Աստծո անունը, նկատի ունենք՝ թող այն տարբերվի այլ անուններից, որովհետև յուրահատուկ է և մենք պարտավոր ենք ակնածանքով վերաբերվել:

Աստված, Իր էությամբ, մեզ չի ստիպում, որ դողանք, սարսափենք, այլ ունենանք ակնածանք, երկյուղածություն: Մենք պետք է ճանաչենք Աստծո սրբությունն ու էությունը, այն տարբերենք այլ էություններից։

Աստծո էությունն ի՞նչ է՝ սրբություն, արդարություն և սեր: Տիրոջ նկատմամբ ակնածանք ունենալ, նշանակում է աստվածահաճո կյանք ապրել, հնազանդվել Նրան:

Աստծո կամքին ենթարկվելն ազատության գերագույն շնորհն է։ Մենք ասում ենք՝ սուրբ թող լինի Քո անունը, նկատի ունենալով, որ մենք պիտի այդ անվանը տանք հատուկ ակնածանք, որն արժանի է Նրա էությանը։ Քրիստոնյան իր կյանքով պատասխանատու է Աստծո անվան վարկի համար այլ մարդկանց, այլ քրիստոնյաների առաջ: Քրիստոսի հետևորդ լինելը պետք է ցույց տալ ոչ թե խոսքով, այլ գործով:

Պատրաստեց Անի Ավագյանը

qahana.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031