Վիրտուալ ՀԴՄ-ի գաղափարը քննարկվում է ՊԵԿ-ի և ԿԲ-ի միջև. ՊԵԿ նախագահի տեղակալ
Այսօր կորոնավիրուսի պայմաններում ՊԵԿ նախաձեռնությամբ մշակված էլեկտրոնային հարթակներին և գործիքներին անդրադառնալով՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանն ասաց, որ դեռևս մարտի սկզբին ՊԵկ նախագահի հրամանով և ղեկավարությամբ ստեղծվել է մի քանի ուղղությամբ աշխատող աշխատանքային խումբ՝ օպերատիվ տեղեկությունների տրամադրման և կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և հետևանքները չեզոքացնելու համար:
«Միանգամից շատ արագ ներդրվեց էլեկտրոնային վճարման համակարգը: Գիտեք, որ ՊԵԿ բոլոր հաշվետվական ձևերը, հաշիվները, հաշվարկային փաստաթղթերն էլեկտրոնային են, և վճարումն էր մնացել, որ լիներ էլեկտրոնային, և դա, իհարկե, մի քանի անգամ կրճատեց մեր հարկ վճարողների շփումը, բանկ այցելությունները»,- ասաց Միքայել Փաշայանը՝ նշելով, որ համակարգը ներդնելուց հետո սկսել են աշխատանքներ իրականացնել այլ ուղղություններով՝ շփումը կրճատելու համար:
Այժմ ՊԵԿ-ում քննարկվում է նաև Հաշվիչ-դրամարկղային կտրոնների (ՀԴՄ) էլեկտրոնային եղանակով տրամադրման կիրառման գաղափարը:
«Այսօր Կենտրոնական բանկի հետ քննարկում ենք նոր վճարային էլեկտրոնային, վիրտուալ ՀԴՄ-ի գաղափարը: Դա նոր համակարգ է, որն արդեն ստեղծված է ՊԵԿ-ում, և սպասում ենք, որ բիզնեսը, այսպես ասած, առաջ գա և ինտեգրվի այդ համակարգի հետ: Դա համակարգ է, որը հնարավորություն է տալու էլեկտրոնային ծառայություններ մատուցել կազմակերպություններին:
Դա հնարավորություն է տալիս, որ սպառողներն ավելի հարմարավետ օգտվեն էլեկտրոնային ծառայություններից, իսկ մեր տնտեսվարողները, որոնք մատուցում են էլեկտրոնային ծառայություններ, հնարավորություն ունենան ավելի որակով և ավելի արագ ծառայություններ մատուցել»,- հայտնեց ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը: