Ենթադրում ենք, որ առնվազն մյուս գարնանից հետո համավարակը աստիճանաբար կմարի կամ դեղ կլինի. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, համաճարակների ցիկլայնությունը հաշվի առնելով, ենթադրում է, որ առնվազն մյուս գարնանից հետո կորոնավիրուսի համավարակը կամ աստիճանաբար կմարի, քիչ շրջանառություն կունենա, կամ դրա դեմ պատվաստանյութ, սպեցիֆիկ դեղ կլինի: Թորոսյանն այս մասին ասաց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Նա նախ շեշտեց՝ վարքագծի կանոնները պետք է երկարատև գործեն: Նա ենթադրում է, որ դրանք նույնիսկ կորոնավիրուսի հաղթահարումից հետո էլ պետք է գործեն, դրանք լավ կանոններ են՝ նույնսիկ այլ հիվանդությունների փոխանցումը խոչընդոտող:
«Եթե կարողանանք աշխատանքի վայրում, ընտանիքում, փողոցում, տարբեր միջավայրերում պահպանել կանոնները, կկարողանանք հարմարվելով գնալ առաջ: Եթե չկարողանանք պահպանել կանոնները, կունենանք պայթյունավտանգ բռնկումներ, երբ, օրինակ, Հայաստանում հնարավոր է, որ վարակված լինի 500 հազար քաղաքացի՝ տասնյակ հազարավոր հոսպիտալիզացիաներով և հազարավոր մահերով: Եվ այդ սցենարն այնքան էլ անհավանական չէ, դա շատ հավանական սցենար է, տարբեր երկրներում եղել է, բարեբախտաբար, մեզ մոտ չի եղել: Այդ ամենը պետք է առնվազն պահել այնպես, ինչպես կա, եթե չկարողացանք պահել բոլորով, ապա անխուսափելի վատ սցենարներ կունենանք»,-ասաց Թորոսյանը:
Անդրադառնալով պատգամավորի հարցին՝ նա պատասխանեց՝ ոչ մեկը երաշխիք չունի՝ վիրուսը մե՞կ , թե՞ երկու տարի կտևի: «Համաճարակների ցիկլայնությունը հաշվի առնելով, աշուն-ձմեռ-գարուն և ևս մեկ աշուն-ձմեռ-գարուն ցիկլայնությունը հաշվի առնելով՝ ենթադրում ենք, որ առնվազն մյուս գարնանից հետո համավարակը կամ աստիճանաբար կմարի և շատ քիչ շրջանառություն կունենա, կամ կունենանք պատվաստանյութ կամ սպեցիֆիկ դեղ դրա դեմ»,-նշեց նախարարը:
Թորոսյանի խոսքով՝ միշտ կարող են պտրաստվել վատթարագույնին, սակայն հույս ունեն լավագույն սցենարի: Եվ այդ «եթե»-ն հաճախ գնահատվում է օրական հիմքով: Նա նշեց՝ եթե վաղը լինի, օրինակ, ևս 1000 դեպք, պարզ է, որ որոշումները շատ արագ են փոխվելու: