Ողջ կյանքում ոստիկանների ուղեկցությամբ են քայլելու. գիտե՞ք՝ ինչու. փաստաբան Մարինե Ֆարմանյան
168TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը փաստաբան Մարինե Ֆարմանյանն է։ Զրույցի ընթացքում Մարինե Ֆարմանյանի մի քանի դիտարկումներ՝ ստորև․
- Թե ինչու են դատավորները հրաժարվում «Վեհափառի գործից», դժվար է իրենց փոխարեն պատասխան տալ, բայց որ հրաժարման պատճառներն իրավաչափ չեն, կարող ենք արձանագրել այլևս։
Եթե մենք ուզում ենք մաքուր իրավաբանություն, իրական արդարադատություն, ապա այստեղ պատասխանը մեկն էր՝ պետք է քննություն իրականացվեր և քրեական հետապնդումը դադարեցվեր, որովհետև հանցանք գոյություն չունի․ արդեն միլիոներորդ անգամ ասում ենք, որ պետությունն անջատ է եկեղեցուց, պետությունն իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին գործերին։
Քաղաքացիական գործով դատավորն, իրականում, Պանդորայի արկղը բացեց, որովհետև դրանից հետո սկսվեց այս շղթան։ Դա քաղաքական պատվեր էր, իհարկե․ եկեղեցու նկատմամբ հալածանքների, հետապնդումների այս արատավոր գործընթացը շատ վատ տեղ է տանելու մեզ՝ որպես հասարակություն, որպես քրիստոնեական արժեքներ դավանող հանրություն։

- Ցավալի է, երբ որ մեր երկրի վարչապետը ոչ միայն խուսանավում է իրական հարցերի պատասխաններից և ինչ-որ առումով խեղաթյուրում է իրականությունը, այլ նաև՝ խեղաթյուրում է իրավական կարգավորումները: Այո՛, բոլորը հավասար են օրենքի առջև, բայց հենց այդ նույն օրենքով նախատեսված է, որ պետությունն իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին գործերին, եկեղեցու ինքնավարությանը, առավել ևս՝ կաթողիկոսական տնօրինությանը։
Իսկ նրա հռետորաբանությունը մեր եկեղեցու առաջնորդի և մյուս հոգևորականների նկատմամբ, որոնք ընդվզել են և բացահայտ չեն ենթարկվել իր խոսքին, շատ պարսավելի է։ Իրեն խորհուրդ կտամ նույն հռետորաբանությունը բանեցնի իր քաղաքական օպոնենտների նկատմամբ, չնայած չգիտեմ՝ ինքն Ալիևին կամ Փաշազադեին համարում է քաղաքական օպոնենտնե՞ր, թե՞ իսկապես գործընկերներ։ Համարձակությունն այն չէ, որ հոգևորականներին դու կարողանաս քո լծակներով ջարդել, նեղացնել․ համարձակությունը միջազգային հարթակներում քո երկրի ռեյտինգը պահելն է, որտեղ ինքն ու համարձակությունն իրար հետ որևէ կապ չունեն։
- Եկեղեցին մերն է, մեր հոգևոր տունն է, մեր պաշտպանության, զորակցության կարիքն ունեցող միջավայրն է, և, հետևաբար, ՀԱԵ յուրաքանչյուր հետևորդ իր պարտքը պետք է համարի եկեղեցու կողքին կանգնելը։ Որ կողմը նայում ես, հոգևորականներին ճնշելու, խոսքն ու ազատությունը սահմանափակելու, արատավոր տեղեկություններ տարածելու, զրպարտելու դրվագներ են։
Փաստը Ստեփան Ասատրյանն է, այդ կարգալույծ եղածը, որ զրպարտչական նյութեր էր տարածել, և մենք կարողացանք օրեր առաջ այդ զրպարտության հայցով նրա դեմ հաջողության հասնել։ Բայց ինչի՞ համար մենք պետք է այդ աստիճանի ռեսուրս ու նյարդեր սպառենք՝ ինչ է թե մի ինքնակոչ որոշել է՝ օգտվում է իշխանավորների աջակցությունից, և լեզուն ինչպես կուզի` այնպես շաղ կտա։
Քանի դեռ այս իշխանությունների թողտվությունից և աջակցությունից օգտվում է և կարողանում է ոստիկանական ջոկատների «պահպանությամբ» (դատարանում էր ոստիկանների ուղեկցությամբ) ներկայանալ, չի հեռանալու եկեղեցու տարածքից։ Այն, որ իրենք ամբողջ կյանքում ոստիկանների ուղեկցությամբ են քայլելու՝ կլինի Ստեփան Ասատրյան, Արման Սարոյան, Արամայիս Թախմազյան․․․ գիտե՞ք ինչու՝ ոչ թե ֆիզիկական վտանգի, իրենք հանրային պարսավանքից պաշտպանվելու համար են ոստիկանական խմբով ման գալիս։
Տպավորություն է, որ այդ անձինք մրցարշավի դուրս եկած լինեն, որ գերազանցեն Նիկոլ Փաշինյանին։

- Ես Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահի շահերի պաշտպանությունն էի իրականացնում, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց արդարացման հիմքով, որովհետև Արամայիս Թախմազյանի «հիշողությունը» լավացել էր վերջերս։ Առավոտյան ես իրեն խորհուրդ էի տվել՝ մեղրաջուր խմել։ Հետո ասում է՝ լավ չէի հաշվել։
Մանրամասները՝ տեսանյութում

