Չէի ուզի չափազանց լավատես լինել, բայց նաև վատատես չեմ․ Ռուբիոն՝ ուկրաինական հակամարտության կարգավորման մասին
Մոսկվայում և Կիևում ԱՄՆ ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են նոր բովանդակային առաջարկներ․ այդ մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Ես անցած հանգստյան օրերը կանվանեի էական այն իմաստով, որ շփումները վերսկսվել են երկար ամիսների բացակայությունից հետո», – նշել է Ռուբիոն՝ Կոլումբիայում պատասխանելով ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների Մոսկվա և Կիև կատարած այցերի մասին լրագրողների հարցերին։
«Եվ ներկայացվել են բովանդակային գաղափարներ», – պարզաբանել է պետքարտուղարը։ Նա նշել է, որ «քննարկվել են նոր գաղափարներ», բայց ընդգծել է, որ «դեռ շատ աշխատանք կա անելու»։
«Կարծում եմ՝ դրանք բովանդակային բանակցություններ էին։ Ես չեմ ուզում դրանք անվանել լավ կամ վատ», – հավելել է Ռուբիոն։ Նա բացատրել է, որ «չէր ուզի չափազանց լավատես լինել, բայց նաև վատատես չէ» ուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկարների հարցում։

