Եղունգի տակի բորբոքումն օգնել է նորածնի մոտ ուղեղի հազվադեպ ուռուցք հայտնաբերել․ SS

Շոտլանդիայում եղունգի տակի ինֆեկցիան բժիշկներին օգնել է նորածնի մոտ ուղեղի ուռուցք հայտնաբերել։ Արտասովոր դեպքը տեղի է ունեցել Ջոուի Շարփի հետ, ով ախտորոշման պահին ընդամենը 11 օրական էր։ Բժշկական այս նախադեպի մասին հայտնում է The Scottish Sun պարբերականը։ Այս մասին գրում է News.am-ը։

2020 թվականին փոքրիկին տեղափոխել են հիվանդանոց․ նա վատ է սնվել, քաշ է կորցրել, դեղնուկը չի անցել, և ի հայտ են եկել մկանային ջղաձգումներ։ Զննման ընթացքում բժիշկները նկատել են եղունգի տակի թեթևակի բորբոքում։ Հավելյալ հետազոտությունը բացահայտել է գլխուղեղի ուռուցք, որն էլ հենց այդ ախտանիշների պատճառն էր։

Ախտանշանների հիմքում գլիոբլաստոման էր՝ ուղեղի քաղցկեղի ագրեսիվ ձևերից մեկը։ Ջոուին ենթարկվել է երեք վիրահատության և քիմիաթերապիայի ինը կուրսի։ Հիվանդության սուր փուլում նա օրական 30-ից ավելի էպիլեպտիկ նոպաներ էր ունենում, իսկ կերակրումը կազմակերպվում էր զոնդի միջոցով։ Փոքրիկը մասնակցել է նաև նորածինների բուժման կլինիկական փորձարկումներին։

2021 թվականի օգոստոսին՝ քիմիաթերապիայի վերջին կուրսից հետո, բժիշկները ընտանիքին հայտնել են, որ հետազոտության պատկերներում հիվանդության հետքեր այլևս չկան։ Այժմ Ջոուին հինգ տարեկան է և դպրոց է հաճախում, թեև բուժումից հետո նրա մոտ մանկական ուղեղային կաթված է զարգացել․ նա գրեթե չի կարողանում օգտագործել աջ ձեռքը, օրթեզ է կրում, իսկ երկար տարածություններ անցնելիս օգտվում է հաշմանդամային սայլակից։

Children’s Cancer and Leukaemia Group (CCLG) կազմակերպության մասնագետները ախտորոշումը որակել են որպես բնածին գլիոբլաստոմա։ Ենթադրվում է, որ ուռուցքը կարող էր եղած լինել դեռ ծնվելու պահին, թեև դա ապացուցելն անհնար է։ Հետազոտությունների համաձայն՝ գլիոբլաստոման շատ ավելի հաճախ հանդիպում է մեծահասակների մոտ, իսկ երեխաների շրջանում բարձր աստիճանի չարորակ գլիոմաները կազմում են ուղեղի ուռուցքների չնչին մասը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930